Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ

Մարտ 05,2010 00:00

Պարզապես մարդիկ են ավելի շատ վճարելու, քան հիմա

\"\"

Տարածված այն լուրերը, որ մայրաքաղաքում խմելու ջուրը թանկանալու է՝ կեղծ են. «ջուրը չի՛ թան-կա-նա-լու». սա հավաստիացնում է հենց ինքը՝ «Երեւան ջուր» ընկերությունը: Սակայն այս հայտարարությունը չի նշանակում, որ մարդիկ պետք է խմելու ջրի համար այսուհետեւ էլ շարունակեն վճարել 1 խմ-ի դիմաց՝ 181 դրամ արժեքով: Բանն այն է, որ խմելու ջուր մատակարարել ասվածը միայն մեր բնական աղբյուրներից հոսող այն հեղուկը չէ, որից մենք օգտվում ենք՝ ծորակը բացելով: Այն մշակում են, մաքրում ու հասցնում բնակիչ-բաժանորդներին: Թե ինչպես են մաքրում, քլորը շատ կան քիչ են անում, համով կամ անհամ ջուր են դարձնում՝ դա հարցի մի կողմն է, սակայն ինչ էլ որ լինի, ըստ «Երեւան ջրի», դա ծառայություն է, որը նույնպես վճարում է պահանջում:
Պարզ է, որ ջուրը մեր բնական ռեսուրսներից է, ուստի շատ մարդկանց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են պարբերաբար այն թանկացնում՝ պատճառաբանելով, թե փոխարժեքն է տատանումներ տվել, երկրում գնաճ է եղել եւ այլն: Երբ գազը թանկանում է՝ դրամ-դոլար փոխարժեքի կամ ներկրման ծավալների պատճառով, դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, որովհետեւ գազը ռուսական ապրանք է, որը մենք գնում ենք դոլարով, հետեւաբար ռուսների քմահաճույքից, քաղաքական վերաբերմունքից կախում ունենք: Բայց ջուրը մերն է, այն մենք չենք գնում, հետեւաբար ջրի սակագնի պարբերաբար ավելացումը՝ հատկապես նմանատիպ հիմնավորումների դեպքում, հարուցում է մարդկանց լուրջ դժգոհությունը: Հաշվի առնելով, որ գազի թանկացումից հետո մնացած կոմունալ վճարումների թեկուզ 1 դրամ թանկացումը այսօր շատ ընտանիքների համար ծանրագույն հոգս կարող է լինել, օրերս «Երեւան ջուր» ընկերության՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած սակագների ճշգրտման փաթեթն այդ առումով կարծես բաց վերքին աղ լցնելու եւ մարդկանց է՛լ ավելի մրմռացնելու միտում ուներ: Այս առնչությամբ ներկայացնենք «Երեւան ջուր» ընկերության հիմնավորումները, ըստ որոնց, իրենք չեն պատրաստվում մայրաքաղաքի բնակիչների համար խմելու ջուրը թանկացնել: Այս անգամ թանկանում է ոչ թե ջուրը, այլ՝ ճշգրտվում են ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները: Այլ կերպ ասած՝ բարձրանում է ոչ թե ջրի, այլ՝ ջրամատակարարման ծառայությունների մատուցման արժեքը:
Ինչպես հայտնի է, «Երեւան ջուրն» առաջարկում է հուլիսի 1-ից խմելու ջրի սակագինը 181-ի փոխարեն դարձնել 206.98 դրամ, այսինքն՝ թանկացնել այն ավելի քան 25 դրամով: Այս առաջարկը մարդկանց ինֆարկտի է հասցնում հատկապես այն առումով, որ նախորդ տարի՝ 2009-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջուրը 8 դրամ թանկացնելով՝ վստահեցնում էր, որ դրան հաջորդող տարիներին՝ մինչեւ 2016թ., աստիճանաբար սակագինն իջնելու է, իսկ բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այն, որ «Երեւան ջուրը» հիմա սակագին բարձրացնելու իրավունք չունի՝ հաստատված է նաեւ «Երեւան ջրի» միակ բաժնետեր ֆրանսիական «Veolia Water» ընկերության եւ Ջրտնտպետկոմի միջեւ 2006թ. կնքված վարձակալության պայմանագրով: Ուստի, թե ինչ է նշանակում ընկերության՝ սակագների ճշգրտման նոր հայտը, «Երեւան ջրից» «Առավոտին» վստահեցրին, որ իրենք իսկապես իրավունք չունեն եւ, քա՛վ լիցի, չեն էլ ուզում բարձրացնել խմելու ջրի սակագները. «Դա թյուրըմբռնում է, թյուրընկալում է, նման բան չկա, մենք սակագները չենք բարձրացնում»,- ասացին ընկերությունից՝ ավելացնելով, որ պարզապես իրենք պարտավոր են ամեն գարնան հանձնաժողովին ներկայացնել սակագների ճշգրտման հաշվարկները, ինչը եւ իրենք արել են: Իրենց հաշվարկներով՝ ջուրը պետք է ավելի թանկ վաճառվի ինչպես բնակիչներին, այնպես էլ խոշոր սպառողներին, իսկ թե 90-օրյա ժամկետում հանձնաժողովը ինչ կորոշի՝ դա իր գործն է: Այսինքն՝ «Երեւան ջուրը» միայն առաջարկում է, իսկ վատամարդ լինելու պատիվը թողնում հանձնաժողովին:
Ըստ ընկերության պարզաբանման, ջրի սակագնի վրա ազդում են մի քանի գործոններ, որոնցից են՝ էլեկտրաէներգայի սակագինը, երկրում գնաճային երեւույթները, դրամ-եվրո հարաբերակցությունը, սպառվող ջրի ծավալները: Այս տարի էլեկտրաէներգիայի գինը մնաց անփոփոխ, հետեւաբար՝ «Երեւան ջուրը» չէր կարող պատճառաբանել, թե գազը թանկացավ, էլեկտրաէներգիան՝ նույնպես, ուստի մենք, որպես շատ մեծ քանակի էներգիա սպառող ընկերություն, անկարող ենք ջրի գինը չբարձրացնել: Ընկերությունն այս անգամ հետեւյալ հիմնավորումներն է ներկայացնում. «Երկրում կա մեծ ինֆլյացիա, տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ սպառման ծավալները խիստ կրճատվել են, «Նաիրիտը» չի աշխատում, եւ որպեսզի մեր հիմնարկը մի քիչ ոտքի կանգնի, էլ պետությունից գումար չխնդրենք՝ ստիպված ենք գնալ այդ քայլին. թող հանձնաժողովն ուսումնասիրի մեր հաշվարկներն ու որոշի, կուզի՝ կթանկացնի, կուզի՝ ոչ: Մենք այստեղ կատարողներ ենք»: Նշենք, որ անցյալ տարի, երբ սակագներն 8 դրամ բարձրացան, «Երեւան ջուրը» հենց նույն «Նաիրիտի» ու ճգնաժամի հիմնավորումներն էր բերել՝ ասելով, որ այդ ձեռնարկությունը 30%-ից 10%-ի է հասցրել սպառման ծավալները, որ իրենք շատ են տուժել, մեծ վնասներ են կրել եւ այլն: Իհարկե, շարքային բաժանորդների տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել՝ եթե «Նաիրիտի» կամ ինչ-որ մի ձեռնարկության գործերը վատ են, ինչո՞ւ է ինքը պարտավոր ջրի համար ավելի թանկ վճարել, իրե՞ն ինչ, որ «Երեւան ջուրը» վնասներ է կրում, որ կորուստներ է ունենում եւ այլն: Ընկերության պարզաբանմամբ՝ «Համակարգում 1500 մարդ է աշխատում, այդ մարդկանց եւ համակարգը պահպանել պե՞տք է: Սակագները բարձրացնելով՝ մենք գոնե նույն մակարդակի վրա կմնանք ու պետությունից էլ փող չենք խնդրի, մինչեւ ոտքի կկանգնենք: Մենք պետությունից 2 մլրդ դրամի սուբսիդիա ենք ստացել, բայց այսօր ոչ միայն բեռ չենք պետության համար, այլեւ 43-րդ խոշոր հարկատուն ենք Հայաստանում, այնպես որ, մեր ոտքի կանգնած հիմնարկը նաեւ մեր երկրին է օգուտ բերում: Աշխարհում էժան ծառայություն չկա, միայն հարուստ երկրներն ունեն հարուստ ջրմուղներ»:
Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ որքան թանկացնեք ջուրը, այնքան մարդիկ ավելի շատ կսկսեն ջրաչափերի վրա մագնիս դնել, ցուցմունքը փոշեկուլով հետ տալ եւ այլ մախինացիաների դիմել՝ քիչ վճարելու համար, «Երեւան ջրից» պատասխանեցին՝ «Հիմա մենք ամսական մոտ 1000-ից ավելի ակտ ենք գրում՝ խախտումներ գտնելու համար: Չգիտենք, թե այդքանից ավելի ինչ պետք է անենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել