Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձերբազատվեք գերատեսչական շահից

Մարտ 05,2010 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 3-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը:
ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներին, կոմիտեի քննչական եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքներին: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է հարկային-մաքսային մարմինների կողմից օրենսդրության պահանջների խիստ պահպանումը եւ հետեւողականությունը՝ հատկապես արձանագրված խախտումները վեր հանելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս առումով ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինս պետք է կարողանա վեր կանգնել գերատեսչական շահից՝ փորձելով յուրաքանչյուր գործով բացահայտել պաշտոնատար այն անձանց, որոնց գործողությունների կամ անգործության, թողտվության, անփութության կամ հանցավոր համաձայնության հետեւանքով հարկային-մաքսային ոլորտներում տեղի է ունեցել այս կամ այն քրեորեն հետապնդելի արարքը: Հանցագործության լրիվ եւ բազմակողմանի քննությամբ պետք է բացահայտվեն այս կամ այն ապօրինի տնտեսական գործունեություն իրականացնող իրական անձինք, ինչը պետք է նպաստի ոչ միայն դրածո անձանց, այլ նաեւ իրական կազմակերպիչներին եւ օժանդակողներին քրեական պատասխանատվության ենթարկելուն: Առավել եւս, երբ դատախազական գործառույթների իրականացման արդյունքում վերջին տարիներին հաջողվել է ձեւավորել ինչպես տնտեսական ապօրինի գործունեություն ծավալած դրածո անձանց, այնպես էլ դրանց կազմակերպիչների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու դատական պրակտիկա: «Ակնհայտ է, որ տնտեսավարող սուբյեկտը միայնակ չի կարող խուսափել հարկային պարտավորություններից կամ առանց մաքսազերծման ապրանք ներկրել- արտահանել: Քրեական գործերով պետք է կարողանալ բացահայտել նրանց օժանդակող անձանց՝ անկախ նրանից, դա տեղի է ունեցել չարամիտ դիտավորությամբ, թե ուղղակի չիմացության, անփութության հետեւանքով»,- նշել է Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով, որ հանցագործության մասնակից բոլոր անդամների բացահայտումը միայն կարող է նպաստել այդօրինակ հանցագործությունների կանխարգելմանը, հանրության վստահության ձեռքբերմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել