Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

9 տարի՝ կաշառք ստանալու համար

Մարտ 05,2010 00:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին, ի վերջո, ավարտվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության՝ Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանի եւ նույն բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանի գործով դատաքննությունը, որին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է՝ փորձելով ներկայացել երկու կողմերի տեսակետները:
Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները դատարանը հիմնավորված համարեց եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի պետին եւ քննիչին համապատասխանաբար դատապարտեց 8 եւ 9 տարվա ազատազրկման:
Սույն դատավարությունը առանձնահատուկ ուշադրության էր արժանի ոչ միայն այն հանգամանքով, որ կոռուպցիայի մեջ մեղադրվում էին իրավապահ համակարգի պատասխանատու պաշտոնատար անձինք, այլ նաեւ այն առումով, որ պաշտպանական կողմը ջանում էր դատավարությունը վերածել բեմական ներկայացման՝ փորձելով ակնհայտ փաստերը խեղաթյուրել, մեղադրյալներին ներկայացնել որպես անմեղներ, դատախազության հաստատած մեղադրանքը՝ մտացածին:
Սակայն երկարատեւ դատավարության ընթացքում, պաշտպանական կողմի կազմի անընդհատ փոփոխվող եւ ամեն փոփոխությունից հետո նոր միջնորդություններ ու փորձաքննություններ ներկայացնելու պարագայում եւս մեղադրող կողմը կարողացավ ապացուցել առաջադրված մեղադրանքը:
Դատարանը ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Վ. Պապյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Խաչատրյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այն է՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու եւ հոգեմետ դեղեր պահելու համար:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել եւ հիմնավորվել էր, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ անչափահաս Ա. Պռազյանը 2008թ. հունվարի 18-ին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է անչափահաս Ա. Ալեքսանյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը սկզբում հանձնարարվել էր Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Շահումյանին: Սակայն 2008թ. հունվարի 24-ին բաժանմունքի պետ Վ. Պապյանի գրավոր ցուցումով քրեական գործը հանձնվել է քննիչ Ս. Խաչատրյանին, որից հետո Ս. Խաչատրյանը եւ Վ. Պապյանը ձեռնամուխ են եղել բանակցություններ սկսել Ա. Պռազյանի մոր՝ Զ. Պռազյանի հետ: Նրանք կաշառքի դիմաց խոստացել են վերաորակել անչափահաս Ա. Պռազյանի արարքը՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասից փոխելով 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած արարք, որպեսզի առավել մեղմ պատիժ սահմանեն նրա որդուն: Գործը գլուխ բերելու համար ոստիկանության աշխատակիցները տղայի ծնողներից սկզբում պահանջել են 7000 ԱՄՆ դոլար, ապա երկարատեւ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել 5500 դոլարի շուրջ:
Սակայն Զ. Պռազյանը 2008թ. հուլիսին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է տալիս՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու մասին: Հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի ՀՀ ԱԱԾ-ում նյութեր նախապատրաստվեն եւ օպերատիվ հսկողություն սահմանվի կաշառքի տրման նկատմամբ:
2008թ. հուլիս ամսին տիկին Պռազյանը հանդիպում է բաժանմունքի պետ Վ. Պապյանին եւ Ս. Խաչատրյանին: Տեսնելով, որ տղայի մայրը դժվարանում է տալ պահանջվող 5500 ԱՄՆ դոլարը, քննիչ Ս. Խաչատրյանը զիջում է 500 ԱՄՆ դոլարի չափով եւ պահանջում 5000 դոլար: Այնուհետեւ օպերատիվ գործունեության շրջանակներում քիմիական մշակման են ենթարկվել 50 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամներ եւ հատուկ մատիտով դրանց վրա գրվել է «կաշառք» եւ հանձնվել Զ. Պռազյանին:
2008թ. հուլիսի 7-ին, Զ. Պռազյանն այցելել է Կոտայքի քննչական բաժանմունք՝ պահանջված կաշառքը հասցեատիրոջը՝ Ս. Խաչատրյանին հանձնելու համար: Բաժանմունքում չհանդիպելով Ս. Խաչատրյանին, բայց փոխարենը հանդիպելով Վ. Պապյանին՝ կինը նրան հայտնել է, որ բերել է պահանջվող 5000 ԱՄՆ դոլարը: Սակայն Պապյանն ասել է, որ ում հետ պայմանավորվել է, նրան էլ թող հանձնի: Որոշ ժամանակ անց բաժանմունք է վերադարձել Ս. Խաչատրյանը եւ տիկին Զ. Պռազյանին իր աշխատասենյակ հրավիրելով՝ նրանից անձամբ ստացել է իր կողմից պահանջված 5000 ԱՄՆ դոլար կաշառքը: Տիկնոջ հեռանալուց անմիջապես հետո քննիչի աշխատասենյակ մտած ԱԱԾ աշխատակիցները նրա բազմոցում թաքցրած ՀՀ քրեական օրենսգրքի միջից հայտնաբերել են որպես կաշառք ստացած գումարը:
Սակայն սա դեռ ամբողջը չէ: Աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու ընթացքում քննիչի գրապահարանի դարակում հայտնաբերվել է նաեւ խոշոր չափերի հասնող տարբեր տեսակի հոգեմետ նյութի բաղադրատարր պարունակող 100-ից ավելի դեղահաբ, որոնք Ս. Խաչատրյանը ապօրինի ձեռք է բերել եւ պահել իր աշխատասենյակում՝ առանց իրացնելու նպատակի:
Նկարագրված արարքների համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008թ. հուլիսի 7-ին Ս. Խաչատրյանի եւ Վ. Պապյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը իր դատական ավարտին հասավ, եւ իրավապահները, ովքեր կոչված էին պաշտպանելու քաղաքացիների իրավունքներն ու շահերը, դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման:
Սույն գործով դատական գործընթացը բացահայտեց եւս մեկ ցավալի իրողություն՝ այն է, որ մեր իրականության մեջ հակակոռուպցիոն պայքարի «դրոշակակիր» մի շարք հասարակական-իրավապաշտպան կազմակերպություններ հարկ չհամարեցին թեկուզ մեկ անգամ ներկա գտնվել դատավարությանը, սեփական աչքերով տեսնելու եւ փորձել գնահատելու իրավիճակը: Թե՝ իրական պայքարը նրանց ձեռնտու չէ, այլ ընդամենը ելույթ ունենալ՝ դրամաշնորհներ ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել