Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Մարտ 05,2010 00:00

\"\"ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Վահագն Արիստակեսյանի եւ Թեհմինե Հովհաննիսյանի կողմից՝ խաբեությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Խաբեության միջոցը ծառայել է հղիությունը: Վ. Արիստակեսյանի որդին՝ Հովհաննես Արիստակեսյանը աշխատում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնում որպես տեսուչ եւ հենց այս հանգամանքից էլ օգտվելով, հայրը՝ սանամոր՝ Թ. Հովհաննիսյանի հետ միասին մտածել են մի հետաքրքիր գործարք՝ օգտագործելով մայրանալու գործոնը: Մասնավորապես՝ Թեհմինե Հովհաննիսյանի անունով 2007թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նաիրիի տարածքային բաժնում գրանցել ու նույն տարածքի հարկային տեսչությունում հաշվառել են «Թեհմինե Հովհաննիսյան» Ա/Ձ-ն, որի անունից 2007թ. հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Նաիրիի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում եւ անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամուտների հայտարարագրում ներառել են կեղծ տվյալներ Ա/Ձ-ի շրջանառության ծավալների վերաբերյալ, ինչի հետեւանքով, որպես սոցիալական վճարի օբյեկտ, հիմք ընդունված 11 422 500 դրամ եկամուտից հաշվարկվել եւ Թեհմինե Հովհաննիսյանին է վճարվել 4 383 634 դրամ հղիության ու ծննդաբերության նպաստ, որը վերջինս եւ Վահագն Արիստակեսյանը հափշտակել են, եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Դատախազության գնահատմամբ առկա է հանցագործություն եւ Վահագն Արիստակեսյանի ու Թեհմինե Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հովհաննես Արիստակեսյանի կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ նյութերով հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
Նմանատիպ մեկ այլ դեպք էլ արձանագրվել է Երեւանում: Ըստ քրեական գործի՝ 2007թ. փետրվարի 14-ին Սվետլանա Օհանյանը, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Խորհրդային տարածքային բաժնում գրանցվելով ու Քանաքեռ- Զեյթուն հարկային տեսչությունում հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր, 2007 թվականի գործունեության համար ներկայացրել է 100 000 դրամ, իսկ 2008 թ. համար՝ 317 238 100 դրամ տարեկան եկամուտներ ստանալու վերաբերյալ հայտարարագրեր: Ապա՝ անաշխատունակության թերթիկն օրենքով սահմանված ժամկետում՝ 2008թ. նոյեմբերին բացելու փոխարեն, որի դեպքում նրան տրվող նպաստը կհաշվարկվեր 2007թ. սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, 2008թ. դեկտեմբերի 22-ին պահանջել եւ նախնական համաձայնության գալով, նույն օրը «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության «Զեյթուն» պոլիկլինիկայի աշխատակիցներից ստացել է 2009թ. հունվարի 1-ով թվագրված կեղծ անաշխատունակության թերթիկ, որն էլ 2009թ. մարտի 23-ին ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Քանաքեռ-Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժին, այսինքն՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով փորձել է ստանալ ու պետությունից հափշտակել հղիության եւ ծննդաբերության նպաստի առանձնապես խոշոր չափերի 23 136 000 դրամ գումարը:
Օրերս գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել նաեւ այս դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս գործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել