Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղնախարարությունը պատասխանում է

Մարտ 05,2010 00:00

Ի պատասխան երեկ կառավարության նիստի ժամանակ
վարչապետի կողմից հայտարարված նկատողությանը, գյուղնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության համար անհրաժեշտ վակցինաների ձեռքբերման նպատակով պետական գնումների գործակալության կողմից հայտարարվում է պարբերական մրցույթ: 2010-ի հունվարի 13-ին անցկացված հերթական մրցույթի ժամանակ մասնակից կազմակերպություններից միայն մեկն է՝ «Բիոունիվերսալը» հայտ ներկայացրել դաբաղ հիվանդության պատվաստանյութ ձեռք բերելու համար: Նշված մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը բավարարել է մրցույթի համար սահմանված որակավորման չափորոշիչները, եւ հաշվի առնելով վերջինիս միակ մասնակից լինելու իրողությունը՝ հանձնաժողովը, առաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ, վերջինիս էլ ճանաչել է մրցույթի հաղթող: Մրցույթից առաջ գյուղատնտեսության նախարարը Վերահսկիչ պալատի ղեկավարին խնդրել է լիազորել համապատասխան մասնագետի մրցույթի ընթացքը վերահսկելու համար: Ավելին, մրցույթից անմիջապես հետո հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է գյուղատնտեսության նախարարի մոտ, որն էլ հորդորել է հնարավորինս իջեցնել մրցույթում հայտարարված գինը՝ 325 դրամ: Ի պատասխան ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ հայտարարված գինը անփոփոխ թողնելու մասին, որոնք էլ այնուհետեւ գրավոր տրամադրվել են նախարարին: Գաղտնիք չէ, որ մրցույթները կազմակերպում է Պետական գնումների գործակալությունը, իսկ մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացվել են ՀՀ վարչապետին, ինչպես մինչեւ մրցույթը, այնպես էլ մրցույթից հետո: Այնուհետեւ հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է կառավարության վերահսկողական ծառայություն, որտեղ նա ներկայացրել է գնման ավելի էժան առաջարկ՝ հրաժարվելով իր շահույթից: Վերջում վարչապետի հանձնարարականով գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել մրցույթում հաղթող նույն միակ կազմակերպության հետ: Հարկ է նշել, որ նշված ժամանակաշրջանում գյուղնախարարի հրամանով վակցինայի ձեռքբերման ժամանակ նման բարդացումներից խուսափելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել արտադրող կազմակերպության հետ՝ բուժանյութը  չմիջնորդավորված ձեւով գնելու համար: Ամփոփելով ասվածը՝ հարկ է նշել, որ գյուղատնտեսության նախարարն ինքն է անձամբ առաջինը ահազանգել, որ կա մեկ մասնակից եւ առաջարկվող գինը բարձր է: Ներկայացնելով այս ամենը՝ զերծ ենք մնում այլ մեկնաբանություններից: Իսկ եթե նախարարության երկու պաշտոնյաները այս խնդրում ինչ-որ մեղավորություն ունեն, ապա նշանակված ծառայողական քննությունը այդ ամենը կպարզի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել