Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑԻՆ ՀԱՇՏՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մարտ 05,2010 00:00

Վերջին 10 տարում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ 3 անգամ է ներկայացվել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ ինչպես երեկ՝ նույնպես արժանացել հավանության:

\"\"

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ քննարկեց եւ ընդունեց 252-րդ բանաձեւը, որը երկրի նախագահին կոչ է անում ամենամյա ուղերձում 1,5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնորոշել որպես ցեղասպանություն: Ընդհանուր առմամբ՝ սա 30 կետից բաղկացած փաստաթուղթ է, որը ԱՄՆ նախագահին հորդորում է ջանքեր գործադրել ճիշտ որոշում ընդունելու այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ ազատություններին, էթնիկ զտումներին ու Հայոց ցեղասպանությանը։ Երեկ բանաձեւի քննարկմանը ներկա էին Ցեղասպանությունը վերապրած հայեր, այդ թվում՝ 105-ամյա Սիրարփի Խոյանը եւ 98-ամյա Շարլոտտա Քեչեջյանը:
Քննարկումը սկսեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, որը մասնավորապես ասաց. «Փորձագետների ճնշող մեծամասնությունը՝ գիտնականները, միջազգային հեղինակավոր փորձագետները, տարիներ շարունակ այս հարցն ուսումնասիրողները համակարծիք են, որ հայերի ողբերգական ջարդերը հավասարազոր են ցեղասպանության: Ցավալի է, որ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, փաստորեն, վտարվեց իր հայրենի երկրից՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար: Երկու տարի առաջ կոնգրեսականներին ուղղված նամակում ցեղասպանությունն ուսումնասիրող միջազգային ընկերակցությունը նշեց հետեւյալը՝ պատմական գրառումներն ու արխիվները Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա են եւ հաստատվում են բազմաթիվ ու գերակշիռ ապացույցներով»։
Հովարդ Բերմանը հիշատակեց. «Երկու տասնյակից ավելի պետություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ Եվրոպական խորհրդարանն է այն ճանաչել։ Եվ ԱՄՆ-ը, որպես աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մունետիկ, բարոյական պարտավորություն ունի նույնն անելու: Թուրքերն ասում են, որ դա կարող է ահավոր հետեւանքներ ունենալ երկկողմ հարաբերությունների համար, եւ երեւի որոշ հետեւանքներ կլինեն, բայց ես կարծում եմ, որ պարտադիր ուժ չունեցող բանաձեւի ընդունումը չի կարող խաթարել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Ցանկացած պետություն պետք է կարողանա հաշտվել իր պատմության հետ: Սա բարդ գործընթաց կլինի Թուրքիայի համար, բայց դրանով Թուրքիայում կամրապնդվի ժողովրդավարությունը, եւ թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կբարելավվեն: Գործընկերներիս կոչ եմ անում քվեարկել բանաձեւի օգտին»:
Ներկայացնենք հատվածներ բանաձեւի կողմնակից այլ կոնգրեսականների ելույթներից:
Քրիստոֆեր Սմիթը նկատեց, թե Կոնգրեսը ցեղասպանության ճանաչման փորձ ունի, քանի որ նախկինում ճանաչել է Հոլոքոստը. «Մենք չպետք է Թուրքիայի կողմից հանցագործության ժխտման մասնակիցը դառնանք»:
Հարի Աքերմանը հավաքվածներին հիշեցրեց, որ դահլիճում Ցեղասպանությունից փրկված երկու հայ կին են նստած. «Նրանցից մեկը 98 տարեկան է. դեռ որքա՞ն կարող են նրանք սպասել: Մենք պետք է նրանց կրկին ասենք, որպեսզի հաջորդ տարի՞ դիմեն մեզ: Պատմությունը պետք է ճանաչվի: Այդ խնդիրը պետք է լուծվի այստեղ եւ հիմա»:
Դոնալդ Փեյնը նշեց, թե հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ԱՄՆ արդեն 42 նահանգներ եւ ՆԱՏՕ-ի 11 պետություններ ճանաչել են այն:
Էդուարդ Ռոյսը նկատեց. «Շվեդները, ռուսները, գերմանացիներն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ի համար, որը հանդիսանում է Մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից, հրամայական է՝ հաստատուն մնալ այդ սկզբունքի հարցում եւ ճանաչել հայերի բնաջնջումը՝ որպես Ցեղասպանություն»:
Գուս Բիլիրակիսն ասաց, որ Ցեղասպանությունը չճանաչելը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Հանուն Ցեղասպանությունների կանխարգելման եւ հանուն բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի՝ եկեք այսօր ընդունենք այս բանաձեւը»:
Լին Վուլսին նշեց. «18 տարի է՝ Կոնգրեսում եմ եւ միշտ ցանկացել եմ կողմ քվեարկել բանաձեւին: Մենք չենք կարող ջարդերի ողջ ժամացույցը հետ պտտել: Մենք պետք է պարզապես բանաձեւն ընդունենք եւ տուժածների ընտանիքներին ճշմարտությունը մատուցենք»: Եվ հավելեց. «Հերքել փաստը, նշանակում է հերքել նահատակների հիշատակը»:
Ջիմ Կոստան ասաց. «Բանաձեւին դեմ արտահայտվողները նշում են, թե ժամանակը չէ։ Իսկ ե՞րբ է այդ ժամանակը»:
Դանա Ռոհրաբախերը հայտարարեց. «Օսմանյան կայսրությունում անզեն հայերին տեղահանել ու բնաջնջել են, որը հանցագործություն է ոչ թե հայերի, այլ ողջ մարդկության դեմ»: Եվ հավելեց. «Պետք է վերջնականապես լուծել խնդիրը եւ թողնել այն պատմության մեջ: Չլուծելը հետագա վեճերի առիթ է տալու. եկեք լուծենք ու վերջացնենք»:
Ներկայացնենք նաեւ բանաձեւի դեմ հանդես եկող կոնգրեսականների փաստարկներից:
Մայքլ Մաքմահոնը նկատեց. «Ապագային նայելու փոխարեն հետ ենք գնում»: Ըստ նրա՝ բանաձեւի ընդունումը չի նպաստի Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացմանը. «Սահմանը բացելու փոխարեն Հայաստանը կշարունակի մնալ տնտեսական շրջափակման մեջ»:
Բիլլ Դելահանթը հայտնեց, որ նախօրեին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին, որն իրեն ասել է՝ բանաձեւի ընդունումը կխոչընդոտի հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի խորհրդարանում:
Ջերալդ Քոնոլին պնդեց, թե չի կարելի բանաձեւ ընդունել՝ գործող կառավարությանը դատապարտելով նախկինի կատարածի համար. «Նույն հաջողությամբ կարելի է դատապարտել Մեծ Բրիտանիային՝ իռլանդացիներին կոտորելու, կամ Ռուսաստանին՝ ստալինյան տեղահանումների համար»:
Մայք Փենսը հայտարարեց, թե անկեղծորեն հավատում է, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործվել, սակայն դեմ է քվեարկելու, քանի որ այն ճանաչելու պահը դեռ չի հասել. «Ամեն ինչի պահը պետք է հասունանա։ Պնդում եմ, որ այժմ պահը չէ»:
Ջեֆ Ֆորթենբերին ասաց. «Ցեղասպանություն եղել է, եւ դա ճշմարտություն է, բայց ես համոզված եմ, որ ժամանակը ճիշտ չի ընտրված: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, կարգավորման գործընթաց է գնում այսօր, եւ նշվում է, թե այս բանաձեւի ընդունումը կարող է շեղել այդ գործընթացը: Ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով, որը քննարկելու է այս խնդիրները: Ինչո՞ւ ենք մենք խառնվում երկու երկրների միջեւ հարաբերությունների ճշգրտմանը: Թող այս հարցը հետաձգվի, մինչեւ Հայաստանն ու Թուրքիան հաշտության հասնեն»: Այս ելույթին հակադարձեց՝
հանձնաժողովի նախագահ Բերմանը՝ նշելով, թե ինքը Կոնգրեսում է արդեն 27 տարի եւ չի հիշում մի պահ, որ հարմար եղած լինի նման բանաձեւի ընդունման համար:

Հ. Գ. Հանձնաժողովի ընդունումից հետո այս բանաձեւը պիտի տեղափոխվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգ: Բայց նախորդ 10 տարիների ընթացքում որեւէ անգամ դա չի հաջողվել: Մինչդեռ այս հանձնաժողովը նույն բովանդակությամբ փաստաթղթեր է ընդունել 2000, 2005 եւ 2007 թվականներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել