Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԻ

Մարտ 05,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող բանաձեւի քննարկմանը՝  կարծիք էր հայտնել, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն իրեն սպառել է դեռ այն բանից հետո, «երբ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության պատմական փաստը»: Tert.am-ի մատուցմամբ՝ Մուսինյանը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, ՀԱԿ-ը ցույցեր չի անի, քանի որ «ցույցեր պետք է անել այս իշխանության դեմ, որը «ցեղասպանությունը» նվիրել է թուրքերին»: ՀԱԿ մամուլի խոսնակը նաեւ կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի նշված բանաձեւը, քանի որ իր կենսական շահերը Ցեղասպանության ճանաչման համար չի զոհաբերի:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ԼՂ հակամարտությանը՝ ՀԱԿ խոսնակն ասել է, թե երկու խնդիրներն էլ եղել եւ մնում են Կոնգրեսի քաղաքական օրակարգում՝ իբրեւ բարդագույն մարտահրավերներ, սակայն վերջին շրջանում իշխանությունները սկսել են «տնտեսական տեռորի» նոր ալիք, ինչը ընդդիմության օրակարգային հարց է  դարձնում նաեւ պայքարի սոցիալական ուղղությունը։ «Հայ ազգային կոնգրեսի համար կարեւոր-անկարեւոր, առաջնային եւ ոչ առաջնային խնդիր գոյություն չունի։ Այն խնդիրները, որոնք հասարակության համար ունեն կենսական նշանակություն, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են»,-  ընդգծել է Մուսինյանը՝ հիշեցնելով, որ Կոնգրեսը դատական հայց է ներկայացնելու դատարան՝ վիճարկելու համար գազի մանրածախ գնի բարձրացման օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Նա հայտարարել է նաեւ, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի կազմած «100 քայլ» ծրագիրը, որի արդյունքում հնարավոր կլինի հայտարարել, որ իր պոտենցիալով ՀԱԿ-ն այսօր գերազանցում է իշխանության պոտենցիալին։ Նա պնդել է նաեւ, թե մինչեւ սեպտեմբեր իշխանափոխությունը միանգամայն ռեալ է: Մուսինյանի համոզմամբ, իշխանության ձախողումները արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականությունում դեռ լինելու են, եւ եթե դրան գումարվեն նաեւ սոցիալական ճնշումն ու ընդդիմության ակտիվ գործողությունները, ապա  վարչախումբը չի դիմանա, եւ արտահերթ ընտրություններն անխուսափելի կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել