Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՇԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Մարտ 05,2010 00:00

\"\"Եվ իմ Նահապետն ասաց. Կյանքն ու մահը հավերժական ներկա են աշխարհում, քանի դեռ, անշուշտ, աշխարհը կա: Մարդն իր ծննդյան օրից քայլում է անդարձության անդունդի եզրով, որի մի կողմը կյանքն է, մյուսը՝ մահը: Բայց կա մի այլ տարբերակ,- շարունակեց Նահապետը,- քանի դեռ կյանք կա քո մեջ, եւ դու կյանքում ես, պիտի ապրես այնպես, որ Աստված կամ Աստծո հրեշտակը չամաչի, որ ծնունդ տվեց քեզ: Մտիր քարանձավ, ուր քո նախնիներն են ապրել, ուր ցուրտ է, բայց հաստատուն ցուրտ: Անշուշտ, նախնիներդ իմացել, բայց ամեն անգամ զարմացել են, թե ինչո՞ւ է հաչում իրենց շունը, ո՞ւմ վրա է հաչում եւ ի՞նչ առիթով: Այսօր էլ ենք զարմանում, թե ինչո՞ւ է հաչում շունը, եթե պահում ենք, ումի՞ց է մեզ պաշտպանում, թե՞ պաշտպանվում է մեզանից՝ մեր տեսակից, գուցե իր տեսակից…
Դուրս նայեք քարանձավից,- շարունակեց Նահապետը,- եւ երբ տեսնեք ձեր տեսիլքների հովանավորին, մի՛ զարմացեք. նա էլ ձեզանից մեկն է, բայց նա հովանավորն է ձեր տեսիլքների: Կնայեք, եւ երբ տեսնեք, որ աշնանամուտ է, անմիջապես էլ կհասկանաք, որ պնդացել է ծառի կեղեւը, իսկ տերեւները կորցրել են իրենց հիշողությունը, արդեն մոռացել են, որ տերեւ են ու զավակներն են ծառի, եւ այդ պահին էլ կհասկանաք, որ մի տարի էլ ապրեցիք: Իսկ երբ անձրեւ գա, նորից դուրս նայեք ձեր քարանձավից, եւ կհասկանաք, որ դեռ կաք, ապրում եք, կհասկանաք նաեւ, թե ինչու է հաչում ձեր շունը, ինչպես որ Դոն Քիշոտին հանդիպած շունն էր հաչում, ինչը նրան հուշեց, որ ճիշտ ճանապարհով է գնում:
Կյանքն ու մահը մի մարմին են, նույն ներկայությունը,- շարունակեց Նահապետը,- պարզապես երկու երես ունեն, ինչպես դրամը պարզունակ, որի մի երեսը, եթե հաջողվում է՝ ճիշտ երեսը, ծախսում ես քո կյանքում, մյուսը՝ թողնում ժառանգներիդ եւ քեզանից հետո եկողներին: Չնայած հայտնի էլ չէ, թե ո՞րն է ճիշտ երեսը: Եվ կան բաներ, որոնք մենք չենք տեսնում, քանի որ դրանք մեր թիկունքում են, բայց դա բոլորովին չի նշանակում, որ դրանք չկան:
Մի՛ նեղվեք, եթե շները հաչում են ձեր վրա, երբ դուք դուրս եք գալիս ձեր քարանձավներից, այլ վախեցե՛ք, եթե ձեզ շրջապատող կատուները, որոնք շարունակ քսմսվում են ձեզ, մի օր կարող է հաչել ձեզ վրա շնաձայն: Այնինչ, կյանք-մահ տարաշխարհիկ ներկայության մեջ շան հաչոցը մեզ միշտ ուղղորդում է ճիշտ ճանապարհով, քանի որ որտեղ որ շուն կա, այնտեղ էլ՝ կյանք ու քարանձավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել