Այսպես է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը մեկնաբանում այն պնդումը, թե ընդդիմություն է միայն ՀԱԿ-ը:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն օրերս ՀՀԿ մի պատգամավորի հետ բանավեճի ընթացքում ասել էր. «Խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր չկա, դուք ձեզ համար ընդդիմություն եք ստեղծել»: Հետո լրագրողի հարցին, թե ո՞ւմ է համարում ստեղծված ընդդիմություն՝ պատասխանել էր. «Բոլորի՛ն: Հայ ազգային կոնգրեսից դուրս գործող բոլո՛ր քաղաքական ուժերին»: Լրացուցիչ փորձել էին ճշտել՝ «Ժառանգությա՞նն էլ», եւ Սուրեն Սուրենյանցը պատասխանել էր. «Իմ կարծիքը ունեմ, բայց ես «Ժառանգության» մասին չեմ ուզում ծավալվել, որովհետեւ «Ժառանգության» գործիչների հանդեպ ես առնվազն բարոյական պարտավորություն ունեմ՝ զուտ նաեւ այն պատճառով, որ որպես պատգամավորներ՝ ազատազրկված մեր ընկերներին այն ծանր օրերին այցելել են»: Այսուհանդերձ՝ երկու անգամ տրված հարցին, թե արդյոք «Ժառանգությանը» համարո՞ւմ է ընդդիմություն՝ պատասխանել էր. «Ընդդիմություն է Հայ ազգային կոնգրեսը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս պնդման կապակցությամբ, թե չկա այլ ընդդիմություն՝ ՀԱԿ-ից բացի, «Առավոտին» ասաց. «Կարծում եմ, այդ գնահատականները բխում են միակը լինելու այն համաճարակից, որը, ցավոք, որոշ ընդդիմադիրների շրջանակում բույն է դրել եւ տակավին մնում է այնտեղ: Առնվազն քաղաքականության մասին շատ մակերեսային պատկերացումներ պետք է ունենալ՝ հասկանալու, որ գոնե այն քաղաքական համակարգերում, որոնք համարվում են ժողովրդավարական՝ չի կարող լինել մեկ մարմնի մեջ միասնական մեծ ընդդիմություն: Կարող է լինել ընդդիմադիր ուժերի համագործակցություն, տարբեր ձեւաչափեր, բայց չի՛ կարող լինել մեկ ընդդիմություն, քանի որ այդ դեպքում ուղղակի պետք է ընդունել, թե դա ժողովրդավարություն չէ: Եվ նման մտածողություն ունեցող մարդիկ եթե գալիս են իշխանության՝ ամենեւին ժողովրդավարություն չէ, որ բերում են:
Սուրեն Սուրենյանցը նաեւ նշել էր, թե մենք ծանր օրերին այցելել ենք քաղբանտարկյալներին: Ուզում եմ ասել, որ «Ժառանգությունը» «Կարմիր խաչ» կամ բարեգործական կազմակերպություն չի, որ պարզապես այցելի: Մենք զորակցել ենք այդ մարդկանց, քանի որ նրանց արարքներում ոչինչ քրեական չենք տեսել, եւ նրանց անմեղության, արդարության ու խնդիրների մասին բարձրաձայնել ենք բոլոր ատյաններում՝ ներպետականից մինչեւ միջազգային: Եվ դա բավական հետեւողական ու մշտական բնույթ է կրել:
Նա նաեւ նշել էր, թե իշխանությունն է իր համար ստեղծել ընդդիմություն: Ուզում եմ հիշեցնել, որ «Ժառանգությունը» գոյություն ունի շատ ավելի վաղ շրջանից, քան ՀԱԿ-ը, եւ հայ հանրությանը հայտնի է որպես այն եզակի քաղաքական ուժերից մեկը, որն ընդդիմություն է համակարգին իր բոլոր խնդիրներով՝ ժողովրդավարությունից մինչեւ արտաքին քաղաքականություն: Այս համակարգը ներսում ինչպես մարդու իրավունքը, խիղճն ու քվեն է կեղծում՝ արտաքին քաղաքականության մեջ էլ կեղծում է ազգի իրավունքը, խիղճն ու արժանապատվությունը: Այնպես որ՝ «Ժառանգությունն» է, որ այս երկու խնդիրները համահավասար կերպով է դնում նժարին: Եվ կարծես թե պրն Սուրենյանցն է, որ համակարծիք է իշխանության վարած արտաքին քաղաքականությանը՝ ոչ «Ժառանգությունը»:
Ի դեպ, «Ժառանգության» շարքային անդամների եւ վերնախավի ներկայացուցիչների մեծամասնությունն ընդդիմություն է եղել անգամ այն ժամանակ, երբ պրն Սուրենյանցը քաղաքապետի օգնական էր»: