Ըստ որոշ տեղեկությունների՝ եթե հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեն խորհրդարանի վավերացմանը, ապա դրանցում կներառվեն հավելյալ մեկնաբանություններ:
Երեկ ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանում իր աղբյուրները, փոխանցել է, որ եթե 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվեն Թուրքիայի ազգային մեծ ժողով, ապա նրանք կհաստատվեն միայն Անկարայի կողմից լրացուցիչ մեկնաբանություններով: Ընդ որում, թուրքական խորհրդարանի աղբյուրը շեշտել է, թե դրա պատճառը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններին վերաբերող հայտնի որոշումն է: Իսկ մեկնաբանությունները բաղկացած են երեք կետից, եւ դրանց բովանդակությունը, գործակալության մատուցմամբ, այսպիսին է. «1. Օրակարգում պահել երկու երկրների պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցը՝ «ցեղասպանության» հետ կապված հավակնությունները հետաքննելու համար: 2. Հայաստանը, Ղարսի եւ Մոսկովյան պայմանագրերի համաձայն, ճանաչում է Թուրքիայի գոյություն ունեցող սահմանները եւ հրաժարվում է տարածքային պահանջներից: 3. Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղը օկուպացիայից ազատելու ուղղությամբ»:
Աղբյուրի ասելով, Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտավախություն ունի, որ թուրքական խորհրդարանում արձանագրությունների քննարկման ժամանակ պատգամավորները դեմ կարտահայտվեն դրանց վավերացմանը, ուստիեւ՝ ցյուրիխյան արձանագրությունները ներկայացվելու են այս լրացուցիչ մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում:
Իհարկե, դժվար է ասել՝ արդյոք APA-ի տարածած տեղեկատվությունը ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված հերթական ապատեղեկատվությո՞ւն է, թե՞ դրա տակ ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա: Բոլոր դեպքերում «Առավոտը» երեկ, ուշ երեկոյան, դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ խնդրելով մեկնաբանել տարածված տեղեկատվությունը: Վերջինս, որ ծանոթ չէր այդ հրապարակմանը, խոստացավ մեր հարցադրմանն այսօր պատասխանել:
Մենք նույն խնդրանքով դիմեցինք նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին: Նա էլ տեղեկատվության հետ կապված վերապահումներ ուներ, բայցեւ ասաց. «Եթե իսկապես այդպես է, ապա դա ապտակ է ՀՀ իշխանություններին»: Նա հիշեցրեց, որ նախօրեին նույն Դավութօղլուն մեկ այլ հայտարարություն էլ էր արել՝ ասելով, թե որքան էլ դժվար լինի եւ որքան էլ հակասություններ լինեն, խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, բայց պատկերացրեք՝ մենք սկսում ենք գործընթացը, եւ երեք ամիս հետո հայ-ադրբեջանական պատերազմ է սկսվում: Ի՞նչ է, սահմանը նորից փակե՞նք: Դավութօղլուն, հարցին ի պատասխան, նաեւ պարզաբանել էր, թե այդ դեպքում ինչո՞ւ թուրքական կողմը արձանագրություններում այդ մասին որեւէ շեշտադրում չի արել, ԼՂ-ի մասին չի նշել: Նրա ասելով, եթե թուրքական կողմը դա շեշտեր, հայերն էլ կսկսեին Ցեղասպանության հարցը բարձրացնել, դրա համար էլ արձանագրություններում ԼՂ օկուպացված տարածքներն ազատելու մասին չի նշվել, բայց բանավոր պայմանավորվածություն եղել է: Ալ. Արզումանյանի ասելով, հիմա կոնկրետ դեպքում Թուրքիան Հայաստանին ուղղակի «ձեռ է առնում»: Ասում է՝ դուք այդպես, մենք այսպես. ուրեմն՝ մենք էլ հստակ ասում ենք այն, ինչ բանավոր քննարկել ենք:
Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, թուրքական կողմի այս քայլը կարող է լինել որպես պատասխա՞ն ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի քննարկմանը, թե՞ ՀՀ ՍԴ որոշմանը: Եվ արդյոք դա համաչա՞փ քայլ է:
«Սա պատասխան է ընդհանրապես Հայաստանի վարած ապաշնորհ քաղաքականությանը՝ բոլոր իր դրսեւորումներով, որտեղ ներառված են ե՛ւ ՍԴ անհեթեթ որոշումը, ե՛ւ Նալբանդյանի մեծ-մեծ հայտարարությունները, նաեւ ԱՄՆ Կոնգրեսին ուղղված հստակ ուղերձ է: Եթե Թուրքիան որոշի արձանագրություններն այդ տարբերակով վավերացնել, ապա դա պետք է դիտարկել իբրեւ այս ամենին տրված պատասխան: Թուրքական իշխանությունը հետեւողական է իր ծրագրերում եւ որեւէ «կիքս» այդ իմաստով թույլ չի տվել»,- արձանագրեց ՀՀ ԱԳ նախկին նախարարը:
Նա նաեւ կանխատեսեց, որ իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում ՀՀ իշխանությունը կօգտագործի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները եւ հետ կկանչի իր ստորագրությունը, որ դրվել է արձանագրությունների տակ (հիշեցնենք, որ հիշյալ օրենքում կատարված փոփոխություններով ՀՀ նախագահը կարող է մինչեւ ուժի մեջ մտնելը կասեցնել կամ դադարեցնել միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը- Ն. Մ.):
Այսինքն՝ «ֆուտբոլային դիվանագիտության» մարաթոնը կմոտենա ավարտի՞ն: Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները վաղուց էին կանխատեսում, թե այդ դիվանագիտությունը տապալվելու է, եթե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում կոնկրետ առաջընթաց, որը կբավարարի Թուրքիային եւ Ադրբեջանին, չլինի: «Դա ի սկզբանե տապալված նախաձեռնություն էր. արձանագրություններն էլ չեն վավերացվելու: Այսինքն՝ լինելու է այն, ինչ մենք ի սկզբանե կանխատեսել էինք. Թուրքիան դրանք ոչ մի դեպքում չի վավերացնելու եւ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ հարցում, իր պատկերացմամբ, առաջխաղացում չկա: Իսկ առաջխաղացում նրանք համարում են 5 տարածքներից հայկական ուժերի ետ քաշումը: Հիմա թե ո՞նց է Թուրքիան հասնում այդ խնդրի լուծմանը՝ այլ հարց է: Նրանք նախ՝ օգտագործեցին ՍԴ-ի անհեթեթ որոշումը, հիմա էլ սկսել են այլ նախապայմաններ դնել: Այսինքն՝ թուրքական իշխանությունները պարտադրում են՝ եթե ուզում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանի բացում, ապա պետք է անեք այս եւ այս քայլերը»,- նկատեց Ալ. Արզումանյանը՝ հավելելով, թե այս իշխանությունների դիվանագիտությունը հազիվ էլ այսպիսի արդյունք ունենար:
Այն, որ Հայաստանը, որպես հնարավոր տարբերակներից մեկը, իսկապես կարող է, հղում անելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի փոփոխություններին, ետ կանչել իր ստորագրությունը՝ փաստեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով, որ դա կարող է լինել այն դեպքում, եթե Հայաստանը տեսնի, որ թուրքերի նպատակը ոչ թե արձանագրությունները վավերացնելն է, այլ ապակառուցողական քայլերով դրանց վավերացումը ձգձգելն ու նախապայմաններ դնելը: Իսկ APA-ի տարածած տեղեկատվության առնչությամբ էլ ասաց, թե՝ դա Թուրքիայի կողմից կլինի հերթական անհեթեթությունն ու տգիտությունը, «որովհետեւ բազմաթիվ անգամ թե՛ ԵԱՀԿ ՄԽ միջնորդ երկրները, թե՛ միջազգային հանրությունն ու այդ թվում՝ ԵՄ-ն, հայտարարել են, որ արձանագրությունների վավերացումը չպետք է պայմանավորված լինի այլ խնդիրներով: Հայկական կողմն էլ հայտարարել է, որ պատրաստ է այս արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների եւ վերապահումների, որ դրանք մեզ համար ընդունելի չեն: Ավելին, մենք գտնում ենք, որ այս արձանագրությունները պետք է վավերացվեն երկուստեք այն տեսքով, որ տեսքով դրանք ստորագրվել են Ցյուրիխում»: Էդ. Շարմազանովը նաեւ հավելեց, որ եթե թուրքերը մտադիր են արձանագրություններում վկայակոչել Կարսի պայմանագիրը, ապա պետք է հիշեն, որ դրանից առաջ եղել է Սեւրի պայմանագիր, «ու մենք էլ դա կարող ենք վկայակոչել, եթե «գրավյալ» տարածքներն են մեջբերելու, ապա ավելի լավ կլինի Կիպրոսի 38 տոկոսի օկուպացիայի մասին մտածեն: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա ՀՀ նախագահն արդեն մի քանի անգամ ասել է, որ այդ որոշման համաձայն՝ արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանը պատրաստ է վավերացնել: Թուրքերը առիթ են փնտրում պատասխանատվությունն իրենց վրայից գցելու, բայց դրա համար կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, մանավանդ, որ այդ կատուն իրենց սենյակում է»: