Հիշեցնում է ՀՀՇ վարչության նախկին անդամը
«Ես կգնամ այն հանրահավաքին, այն իրադարձությանը եւ ամենաակտիվ մասնակցությունը կունենամ, որը բերում է իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափար»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքներին, ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա հիշեցնում է, որ ինքը ժամանակին նման ծրագիր առաջարկել է՝ «Առավոտի» միջոցով, եւ դա, պարզվում է, նոր հղացած միտք չէ, իր կենսագրությունն ունի. «Դեռեւս 1990-ականներին, երբ շարժումն ալիքի վրա հաղթեց ԳԽ ընտրություններում, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, ես ՀՀՇ վարչությունում առաջարկ էի բարձրացրել ԳԽ նոր ընտրություններ կազմակերպելու, քանի որ տվյալ իրավիճակն ըստ էության ժամանակավոր լուծում էր. հեղափոխությունն ավարտվեց, եւ նոր Սահմանադրություն, նոր իրավիճակ էր անհրաժեշտ»: Առաջարկն առօրեական է այժմ էլ: «Ոչ թե միայն ես, այլ ինձ նման շատերը չեն մասնակցում հանրահավաքներին կամ բողոքի այլ միջոցառումներին, եւ խնդիրը տանողներին հավատալ-չհավատալը չէ: Այո, ի վերջո, դա էլ կյանքով պետք է ապացուցվի՝ ես չեմ տեսնում, որ առաջարկվում է այն մեխանիզմը, որ փոփոխությունից հետո այլընտրանք չկա, հետքայլ, խաբել չկա: 1990-ին, ի՞նչ է, ՀՀՇ-ն ասում էր՝ գանք եւ կոռումպացված համակա՞րգ ստեղծենք, կեղծե՞նք: Ասում էր այն, ինչ բոլորն են ասում՝ արդար երկիր ստեղծենք: Բայց 1995-ը, 1996-ը հիշեք: Ու հետո, երբ հիմնադիրները ծուռ հիմնադրեցին, շարունակողներից շատ բան պահանջելն առնվազն պարզամտություն է: Ուրեմն ուղղությունը պետք է փոխել»,- ասում է մեր զրուցակիցը:
Ավելին, նա ինչ-որ առումով նույնիսկ զարմացած ու զայրացած է. «Նույնիսկ մասնավոր զրույցներից այնպիսի տպավորություններ ես ստանում… 2008-ի դեպքերի հետեւանքով մարդը մի քանի ամիս, մի տարի նստել է ու իրեն պատկերացնում է ոչ թե քաղաքական գործիչ, այլ անփոխարինելի լիդեր, ֆյուրեր, ֆյուրերիկ: Էնպիսի իմաստուն տոնով են արտահայտում պարզ բաներ, որ՝ «ոչինչ, որ դու չես հասկանում, ես կգամ՝ կանեմ», մոտավորապես այսպես»: Այս ամենից հետո նախկինում բավականին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած Ալբերտ Բաղդասարյանը մի պարզ հետեւության է հանգել. Ինձ նման մտածողներն արժե, որ ինչ-որ ձեւով համախմբվեն: Մարդիկ, ովքեր խնդիր են դնում ոչ թե իշխանությունը փոխենք՝ մենք գանք, որովհետեւ ավելի լավն ենք, ավելի լավ ենք դաստիարակված կամ ավելի ազնիվ ու ինտելիգենտ ենք, այլ՝ ինչպիսի իշխանության համակարգ եւ ինչ ժամկետներում կմատուցենք ժողովրդին, որ գործընթացները դառնան անդառնալի, որ ընտրությունների կեղծումը կախված լինի ոչ թե իշխանավորի կամքից, այլ ուղղակի որեւէ իշխանավորի կամք չկարողանա ընտրություններ կեղծել»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե «ամերիկաներում» էլ են կեղծում՝ հակադարձում է. «ԱՄՆ-ում եթե որեւէ իշխանավոր, ասենք՝ նախագահը, որոշի ընտրություններ կեղծել, նա պետք է դատական համակարգին էլ դարձնի իրեն հպատակ: Հրամայելով չի կարող: Իսկ Հայաստանում կարող է: Հայաստանում այսօր բոլորը ենթարկվում են մի կետի, եւ իրադարձությունները զարգանում են ըստ այդ կետի ցանկության: Ահա այս ալտերնատիվ առաջարկի բացակայությունն է, որ բերում է ինձ նման մարդկանց՝ հանրահավաքների չմասնակցելուն կամ մասնակիցների՝ հոգով 100 տոկոսով չտրվելուն այդ հանրահավաքներին, երթերին: Մասնակցում են, որովհետեւ արդարացիորեն դժգոհ են»: Վերոասվածը չգիտակցելով, զրուցակցիս կարծիքով, մենք «ընդդիմություն-իշխանություն» պայքարի հերթական փուլը կանցնենք նույն արդյունքով: Այսինքն՝ այն, որ հայի բարեկեցիկ կյանքն իր հողում ապահովված չէ՝ դա նրանից չէ, որ այսօրվա իշխանությունն ավելի վատն է. երեկ էլ ապահովված չէր, եւ եթե այս համակարգը մնա՝ վաղն էլ ապահովված չի լինի:
Ընդդիմադիր դաշտից հիմա հաճախ են հայտարարություններ հնչում իշխանությունների պարտության մասին, որոնք պարոն Բաղդասարյանը դասում է բարոյական հաղթանակների շարքին: «Եթե հավաքում ես բավարար ուժ եւ ցանկանում ես ընդամենն իշխանություն փոխել, ապա այդ ուժն էլ բավարար չէ իշխանություն փոխելու համար, ինչպես եղավ 2008 թվականին, երբ բավականին մեծ ներուժն արդյունք չտվեց: Դրված խնդիրը չլուծվեց, պետք է խնդիրը փոխել, մեզ մոտ խնդիրը նույնն է: Այո, իշխանափոխություն, բայց հանուն ինչի՞: Երբ որեւէ ծրագիր ես կարդում, միանգամից զգում ես, որ դա գրողը կոմկուսական դաստիարակություն է ստացել՝ «ստեղծել միջին խավ, թեթեւացնել հարկերը, տնտեսության զարգացումը տանել դեպի ինովացիոն դաշտ…». քեզ զգում ես կոմկուսի հերթական համագումարում՝ ճոխ ճառեր, հուզումներ, որոնց լույսի ներքո կարելի է հեղափոխություն էլ անել, բայց արդյունքը որեւէ երաշխիք չի տալիս»,- գտնում է մեր զրուցակիցը: