Իրական երջանկությունը «գալիս» է 74 տարեկանում
Գերմանացի եւ ամերիկացի սոցիոլոգների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից արեւմտյան հասարակության մեջ մարդը դառնում է կատարելապես երջանիկ՝ 74 տարեկան հասակում: Պարզվել է, որ եվրոպացիների մեծամասնությունը սկսում է կորցնել երջանկության զգացումը 15 տարեկանից, եւ այդ գործընթացը շարունակվում է ընդհուպ մինչեւ 40 տարեկանը: Այս տարիքը համարվում է ճգնաժամային, քանի որ մարդը սկսում է գնահատել իր կյանքի անցած ուղին: Այնուհետեւ երջանկության մակարդակը կայունանում է, իսկ 46-ից հետո սկսում է բարձրանալ: 74-ում հասնում է իր գագաթնակետին: Այս տարիքում մարդիկ իսկապես սկսում են գնահատել կյանքը՝ երիտասարդության «մղձավանջից» եւ միջին տարիքի «հիասթափություններից» հետո: Կյանքի 7-րդ տասնյակը թեւակոխելուց հետո մարդն իսկապես դառնում է իմաստուն եւ կյանքի փորձի շնորհիվ բացահայտում է գոյության գաղտնիքը:
Սեքսի հիմնական թշնամիները
Հոգեբանները պնդում են, որ ընտանիքում սեքսի բացակայության գործոնների դեմ անհրաժեշտ է լրջորեն պայքարել: Սեքսի առաջին թշնամին հեռուստացույցն է: Հեռուստացույց դիտելը խթանում է գրգռող հորմոնների արտադրությունը, եւ որքան շատ եք դիտում հեռուստացույց, այնքան քիչ ուժ եք պահպանում սեքսի համար: Երկրորդ թշնամին կենցաղային հոգսերն են: Տղամարդիկ պետք է օգնեն իրենց կանանց կենցաղում՝ թեթեւացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը եւ նախապատրաստելով հիանալի գիշերվա: Երրորդ թշնամին սթրեսն է: Հոգ տարեք ձեր նյարդերի մասին: Բարձրաձայնեք ձեր մտատանջությունների մասին, պատմեք դրանք հարազատ մարդկանց: Մի պահեք սթրեսը ներսում, այլապես այն կհանգեցնի դեպրեսիայի: Չորրորդ թշնամին աշխատանքն է: Լավ է, երբ սիրում եք ձեր աշխատանքը, բայց վատ է, երբ այն վերածում եք տանջանքի: Նույնիսկ սիրած աշխատանքը խլում է ամենաշատ էներգիան եւ ուժը: Փորձեք վերահսկել ձեր առօրյան եւ խուսափեք գերծանրաբեռնվածությունից: Հինգերորդ թշնամին ընկերներն են: Նրանք միշտ պահանջում են ուշադրություն, վերաբերմունք եւ շատ ժամանակ, իսկ դուք չեք մերժում նրանց՝ վախենալով վիրավորել: Սակայն հիշեք, որ ընտանիքը ձեր կարիքն ավելի շատ է զգում, քան ընկերները: Շաբաթն առնվազն մեկ օր նվիրեք ձեր սիրելիին: