Լրահոս
Օրվա լրահոսը

Բլուլը պրոպոգանդելու խնդիր կա

Մարտ 04,2010 00:00

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում երաժշտասեր երիտասարդներին համախմբել էին բլուլահար Նորայր Քարտաշյանի վարպետության դասերը: Պարոն Քարտաշյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ բլուլը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր անվանումներ է ունեցել՝ փող, սրինգ. «Սա պարզ գործիք է. ուղիղ փողի միջոցով դու ես ստանում ձայնը… Բլուլը մեր առաջին հայկական գործիքներից է: Այս նվագարանն ընդունված էր հատկապես հովիվների շրջանում եւ կիրառվում էր արոտավայրերում՝ հոտը համախմբելու նպատակով, ավելի ուշ տարածում գտավ նաեւ ժողովրդական եւ գուսանական երաժշտության ոլորտներում»: Բլուլահարի խոսքով՝ այլ ազգերն էլ ունեն նմանատիպ գործիք, բայց ուրիշ անվանումներով, օրինակ՝ բուլղարացիները այն կոչում են կավալ…
Պարոն Քարտաշյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդական երաժշտությունն այսօր ունի լսարանի խնդիր. «Այս եւ ընդհանրապես ազգային մի շարք այլ գործիքներ անտարբերության եւ մոռացության են մատնվել, նույնիսկ որոշ երաժշտական դպրոցներում պահանջարկ չլինելու արդյունքում դուրս են մղվել դասավանդման ծրագրերից: Մեր երկրում կա պրոպագանդման խնդիր, հեռուստատեսությամբ, ռադիոյով, բացի դուդուկից, երեւի չեք լսի այլ գործիքային կատարումներ: Հայաստանից մեկնում են արտասահման ու նկարահանում, թե այս կամ այն «աստղը» ինչ մեքենա է վարում, թող գնան ու փնտրեն մեր հայ վարպետներին, ովքեր Հայաստանից փախել են»: Ն. Քարտաշյանի կարծիքով, ազգային նվագարաններ նվագողների թիվն էլ գնալով նվազում է, քանի որ «ֆինանսական կողմն ապահովելու նպատակով շատերը դառնում են ռեստորանային երաժիշտներ, տարվում ցածրաճաշակ երաժշտությամբ, ինչն էլ բերում է դեգրադացիայի»: Մեր զրուցակիցը պատմեց, որ աշխարհով մեկ կատարած իր շրջագայությունների ընթացքում հայկական բլուլը ներկայացրել են մի շարք երկրներում ու գրավել արտերկրի հանդիսատեսի հիացմունքը, այս տարի ունեն Եվրոպա մեկնելու հրավերներ:
Վարպետության դասերի մասնակից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների բաժնի ուսանող Աննա Հովհաննիսյանն «Առավոտին» պատմեց, որ բլուլն իր սիրելի գործիքներից է, մշտապես նվագում է: «Գործիքի նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառը ոչ թե գործիքն է, այլ մատուցման խնդիրը: Մարդիկ ըստ ճաշակի են ընկալում, ամբողջ հարցն այն է, որ այս նվագարանը սիրելու համար պետք է այդ գործիքային կատարումներում քեզ գտնես եւ կարողանաս դրանով արտահայտվել»,- ասում է Աննան: Աննա Մանասերյանն էլ պատմեց, որ թեեւ քանոն է նվագում, բայց բլուլի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունի. «Բլուլն ինձ գրավում է իր թախծոտ ելեւէջներով, յուրահատուկ տեմբրով, որը ոչ մի այլ գործիքի հատուկ չէ: Ցավոք, այսօր բլուլը ճանաչված չէ, որովհետեւ գրեթե չի մատուցվում հայ երաժշտասերին այնպես, ինչպես դուդուկը, որն արդեն համաշխարհային ճանաչում ունի: Պետք է այդ ուղղությամբ աշխատել ու հայկական բլուլն էլ հավուր պատշաճի ներկայացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել