Երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ճանապարհային ոստիկանության 4 տեսուչների նկատմամբ: Նրանցից 2-ին Կենտրոնի ոստիկանությունը ճանաչել էր որպես տուժող: Իսկ 2 երիտասարդների մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների նկատմամբ իբր բռնություն գործադրելու համար:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում 2009 թ. հունիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի կողմից իշխանության ներկայացուցչի` ոստիկաններ Արման Չուխաջյանի ու Հակոբ Ջանյանի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
Ա. Չուխաջյանն ու Հ. Ջանյանը քրեական գործով զեկուցագրեր են գրել եւ որպես տուժող ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր Ա. Հակոբյանն ու Ա. Մուսայելյանը բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրանք կալանավորվել էին: Ա. Մուսայելյանն ու Ա.Հակոբյանը ստացել էին բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս՝ քթոսկրի երկու կոտրվածք, Ա.Մուսայելյանը՝ գլխուղեղի ցնցում:
«Գործը քննող ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր պաշտպանության տակ առնել ոստիկաններ Ա. Չուխաջյանին ու Հ. Ջանյանին, անգամ անմեղ մարդկանց մեղադրելու եւ կալանավորելու գնով»,- ասում է փաստաբան Լ. Սահակյանը:
Իրականում, ըստ նրա, 2009թ. հունիսի 27-ին Երեւանի Պարոնյան փողոցում կայանած Արթուր Հակոբյանի ավտոմեքենային իրենց ծառայողական ավտոմեքենայով մոտեցել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ Հ. Ջանյանն ու Ա. Չուխաջյանը: «ՃՈ աշխատակիցներ Հ. Ջանյանն ու Ա. Չուխաջյանը իրենց ծառայողական պարտականությունների հետ բացարձակ առնչություն չունեցող մտացածին պատճառով վեճի են բռնվել Ա. Մուսայելյանի հետ, ապա ռադիոկապով նշված վայր կանչելով ՃՈ մի քանի այլ աշխատակիցների, նրանց հետ միասին սկսել են հայհոյանքներ տալ Ա. Հակոբյանի եւ Ա. Մուսայելյանի հասցեին, եւ բռնություն գործադրելով Ա. Մուսայելյանի նկատմամբ, ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին»,- հավելում է փաստաբանը: Բաժնում ճանապարհային ոստիկանները շարունակել են դաժան ծեծի ենթարկել Ա. Մուսայելյանին, ինչպես նաեւ ծեծի հետեւանքով վերջինիս ձայնը լսած եւ շենք մտած Ա. Հակոբյանին: Ա. Հակոբյանի եւ Ա. Մուսայելյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով 2 անգամ շտապօգնություն է հրավիրվել:
Ա. Մուսայելյանն ու Ա. Հակոբյանը ազատ են արձակվել կալանքից, իսկ տեսուչներ Արման Չուխաջյանին, Հակոբ Ջանյանին եւ նրանց հետ միասին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ճանապարհային ոստիկանության եւս 2 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է Արման Չուխաջյանի եւ Հակոբ Ջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչը, սակայն, դատարանը մերժել է:
Դատախազությունն այժմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ հիմնավորելով ոստիկանության տեսուչներին կալանավորելու անհրաժեշտությունը: