Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՐՄՄՈՆՈՆ»

Մարտ 04,2010 00:00

Մարտի 17-24-ը Երեւանում կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այն առաջին անգամ տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 18 ներկայացում՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Փառատոնին մասնակցում են նաեւ հայ դերասաններ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: Թատերասեր հանրության դատին կհանձնվի Մոսկվայի էստրադայի թատրոնի «Ես վերհիշում եմ…» պիեսը՝ ճանաչված դերասան Գենադի Խազանովի մատուցմամբ: Փառատոնի շրջանակներում հանդես կգա նաեւ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը՝ Ռիմաս Տումինասի «Խելագարի հիշատակարանը» բեմադրությամբ: Ռուսական ծրագրի շրջանակներում թատերասերներին կներկայանա ճանաչված դերասանուհի Օլգա Կուզինան՝ իր «Ես ճայ եմ» մոնոներկայացմամբ (ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան): Փառատոնի միջազգային ծրագիրը ներառում է հայտնի դերասան Դանիել Լյուդվիգի (Շվեյցարիա) «Մուհամեդի ճանապարհորդությունը», Յանոշ Ստոլարսկու (Լեհաստան) «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը» եւ «Ծածկագիր» էքսցենտրիկ նեկայացումները: Այդ թվում նաեւ Վերա Մվովիչի (Սերբիա), ըստ Մարինա Ցվետաեւայի, «Սոնեչկա» մոնոներկայացումը: Փառատոնի պատվավոր հյուրերի շարքում ֆրանսիական թատրոն «Էտոնեն» կներկայացնի Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական աստված» մոնոներկայացումը: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում՝ հայաստանյան ծրագրում հանդես կգան Արամ Հովհաննիսյանը՝ իր «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ, Կարինե Ջանջուղազյանը՝ «Լույսը կբացվի», Արեն Վաթյանը՝ «Զանգ վերեւից» եւ Սամվել Բաղինյանը՝ «Մատյան ողբերգության» ներկայացումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել