Լրահոս
Օրվա լրահոսը

Դռները բացե՛ք, գարուն է գալիս

Մարտ 04,2010 00:00

Գարնան շունչը առաջիկա օրերին կթեւածի Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները օրերս ներկայացրին իրենց բնության թեմայով աշխատանքները: Մոտ 50 աշակերտների ավելի քան 300 ստեղծագործություն ցուցադրվեց: Ցուցադրությունը մեկնարկեց «Միհր» թատրոնի սաների պարային կատարմամբ:
«Առավոտի» հետ զրույցում արվեստի դպրոցի տնօրեն Լեւոն Քինակցյանն իր ղեկավարած դպրոցի օրինակով ասաց. «Վերջին տարիներին սաները փայլում են վառ երեւակայությամբ, անցյալի դառն օրերի հետ անցավ նաեւ ստեղծագործող երեխաների՝ ավելի մութ ու մռայլ գունապնակ նախընտրելու միտումը, հիմա նախընտրում ու արտահայտվում են փայլուն երանգներով, դա նաեւ տրամադրության հետ կապ ունի»: Պարոն Քինակցյանն ասաց նաեւ, որ իրենց դպրոցի սաները հանրապետական մրցույթների առաջատարներ են. «Վերջին հանրապետական մրցույթի ժամանակ ներկայացված 75 գործերից միայն 21-ը մեր դպրոցինն էր, ուրախ եմ, որ ակտիվ երեխաներ ունենք»: «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն էլ անկեղծացավ. «Իմ տրամադրությունն էլ է բարձրանում գարնանամուտն ազդարարող այս աշխատանքներից, յուրաքանչյուր ստեղծագործող կարիք ունի գնահատման եւ սա երեխաների համար լավ հնարավորություն է. ինձ շատ է ուրախացնում երեխաների ստեղծագործական լայն երեւակայությունը, փիլիսոփայությունը եւ գունային բազմազանությունը, երեխաների գործերը նայելիս՝ նկատելի են արհեստավարժ գծեր եւ գունային համադրություններ, այստեղ նկատել եմ նաեւ մանկան աշխարհայացքը եւ միաժամանակ չափահասի երեւակայությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել