Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելի շատ դրսում, քան՝ Հայաստանում»

Մարտ 04,2010 00:00

Ըստ Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանի՝ իր պապին Հայաստանում ավելի պակաս են գնահատում:

«Սարյանին ճանաչելու խնդիր ունենք ավելի  շատ Հայաստանում, քան՝ երկրից դուրս»,- երեկվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նա գտնում է, որ Հայաստանի նման հարուստ մշակույթ ունեցող հանրապետությունում պետք է հարց դրվի ՀՀ ԿԳ նախարարության առջեւ, որպեսզի դպրոցներում դասավանդվի «Համաշխարհային գեղարվեստական մշակույթ»:
Տնօրենը ընդգծեց, որ, ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանի գրեթե բոլոր հայտնի հավաքածուներում կան մեծանուն նկարչի գործերից. «Բացի Ռուսաստանից ու Հայաստանից, աշխարհի մյուս երկրների միայն մասնավոր հավաքածուներում է, ոչ մի թանգարանում Սարյան  չկա: Սա մեծ խնդիր է»: Ռ. Սարյանը նշեց, որ Վարպետի թանգարանն այժմ զբաղված է Սարյանի ստեղծագործությունների կատալոգի պատրաստմամբ: 
Անդրադառնալով տուն-թանգարանի խնդիրներին, տնօրենն ասաց, որ դրանք բազմաթիվ են՝ սկսած շենքի պահպանությունից մինչեւ նկարների վիճակը: Սարյանի շուրջ 20 ստեղծագործություններ վերականգնման ենթակա են. «Անցյալ տարի մենք ստացանք ֆինանսավորում Սարյանի՝ 1913թ. «Պարսկաստան» մեծադիր կտավի վերականգնման համար,  որը պետք է արվեր Մոսկվայում, բայց մինչեւ հիմա դժվարություններ կան, անսպասելի զարմանալի պրոբլեմներ են ստեղծվում: Ռեստավրացված աշխատանքների մաքսային գումարը երբեմն կազմում է այնքան, ինչքան վերականգնողական աշխատանքներինը»:
Արդյո՞ք թանգարանի խնդիրները չեն պակասել՝ 2002 թվականին «Լինսի հիմնադրամով» վերանորոգումից հետո: «Երբ ստանձնեցի տնօրինությունը, երաշխիքային ժամկետն ավարտված էր: Բարձրաձայնեցի բազմաթիվ բացթողումների մասին՝ կոյուղուց մինչեւ կտուր, գումարած ջեռուցման համակարգը: Հիմա ամեն տարի տեղումների շրջանում ստիպված ենք լինում վերանորոգել 3-րդ հարկի կտուրի ներքեւի այս կամ այն հատվածը»,- պատասխանեց տիկին Սարյանը: Վերջերս մամուլում ՄԱՊ ընկերության եւ Սարյանի «Մառախլապատ օր», «Արարատը երեկոյան» նկարների հետ կապված դատավարության մասին էլ Ռ. Սարյանն ասաց. «Շարունակելու ենք պայքարել, չեմ ուզում, որ այդ հարցով հասնենք Եվրոդատարան: Ամոթ եւ խայտառակություն է, երբ ավելի շահավետ են համարում պաշտպանել գործարանի տնօրինության, պատգամավորի, ՀՀԿ անդամի շահերը, քան Սարյանի հեղինակային իրավունքները»: Նույն հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ կան նաեւ «Scarlet» ապրանքանիշի տետրերի, ալբոմների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել