Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՇՏՆ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»

Մարտ 04,2010 00:00

Ըստ թատերագետ Անուշ Ասլիբեկյանի՝ պատճառը թատերագիտական ոլորտում  համախմբվածության պակասն է

\"\"

Այսօր Գրողների միությունում կկայանա  թատերագետ Անուշ Ասլիբեկյանի առաջին՝ «Բարի գալուստ, իմ հեքիաթ» գրքի շնորհանդեսը:
«Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով ժողովածուն, հեղինակն ասաց, որ այն վերջին տասը տարիների իր աշխատանքի ծաղկաքաղն է, ուր զետեղված են 27 պատմվածք եւ մեկ պիես: Հավելեց նաեւ, որ հիշյալ ժողովածուն 2004թ. «սառեցված» եւ միայն անցյալ տարի կյանքի կոչված «Պետական աջակցություն» ծրագրի առաջին քայլն է. «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր աչքի են ընկել գրական մամուլում տպագրված գրական երկերով, հանրությանը ներկայանալ գրքով»:  Ի դեպ, մարտի 19-ին «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում տեղի կունենա ժողովածուում ընդգրկված «Եվս մեկ թռիչք քաղաքի վրայով» պիեսի պրեմիերան: Այն իրականացրել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը՝ Ռուբեն Բաբայանի նախաձեռնությամբ, «Ազատ ստեղծագործական հարթակ» հավատամքի շրջանակներում:
Տարիներ շարունակ խոսվում է երիտասարդ թատերագետների պասիվության մասին, ինչի հետեւանքով էլ  չեն երեւում նրանց մասնագիտական որակները: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք ավագ կոլեգաներն են խոչընդոտում… Այս առիթով Ա. Ասլիբեկյանն ասաց. «Հայաստանյան թատերական իրականությունում, իմ կարծիքով, կան միայն անհատներ՝ ռեժիսորներ, դերասաններ… Անհատ թատերագետներ էլ կան, որոնք, բնականաբար, անում են իրենց գործը, սակայն չկա ամենագլխավորը՝ համախմբվածությունը, ինչի հետեւանքով  բացակայում է համընդհանուր դաշտը: Ինքս լինելով Ազգային թատերական ստեղծագործական միավորման անդամ, օրերս մեկնարկած «Թատրոն X» երրորդ հանրապետական  փառատոնի  քննարկումների անցկացման պատասխանատուներից մեկը, առանց վարանելու ասում եմ, որ հենց այս փառատոնի քննարկումները այն բացառիկ դեպքերից են, որտեղ համընդհանուր թատերական մթնոլորտ ձեւավորելու միտում կա: Ժամանակին պարոն Բաբայանի կողմից հիմնած միավորումը, որի գործն այսօր շարունակում է թատերագետ Արա Խզմալյանը, կարողացավ «Թատրոն X»-ի միջոցով վերականգնել երբեմնի  թատերային քննարկումների հասկացությունը, համախմբելով ստեղծագործողներին ու տեսաբաններին»:
Ինչ վերաբերում է ավագ կոլեգաների կողմից «ճնշումներին», մեր զրուցակիցը համոզված է, որ նրանք էլ են զգում միասնականության անհրաժեշտությունը. «Օրինակ, ճանաչված թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, որը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ղեկավարն է, ուր ես աշխատում եմ, մտահոգ է ոլորտում աչքի ընկնող, վերլուծական միտք ու հեռանկար ունեցող տեսաբաններին նախ համախմբելու, հետո էլ դեպի թատրոն գիտության ուղիով տանելու խնդրով»: Հարցին էլ, թե բարձրացրած խնդրի ուղղությամբ ինչ աշխատանքներ է տանում, Ա. Ասլիբեկյանը պատասխանեց. «Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներիս էլ եմ հրավիրում քննարկումների, ինչը մեր ոլորտում պրակտիկայի միակ տեղն է, հենց այստեղ նրանք պետք է ծանոթանան  բանավեճի կուլտուրային, ասել է թե՝ սովորեն բանավիճել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել