Հայդարաբադում տեղի ունեցած միջազգային ավիացիոն ցուցահանդեսի հենց առաջին օրը Հնդկաստանի ռազմածովային ուժերին պատկանող եւ «Hindustan Aeronautics»-ի կողմից արտադրված HJT-16 Kiran Mk2 ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել եւ ընկել բնակելի մի շենքի վրա: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ինքնաթիռի երկու օդաչուներն ու շենքում գտնված առնվազն մեկ մարդ զոհվել են, կան նաեւ վիրավորներ, վնասվել է երեք շենք: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, քանի որ ինքնաթիռի անձնակազմը վթարից առաջ չի էլ հասցրել որեւէ հաղորդագրություն փոխանցել: Մյուս ինքնաթիռների օդաչուները, տեսնելով, որ ցուցադրության մասնակիցը վթարի է ենթարկվում, նրա հետ երկնքում չբախվելու համար ստիպված են եղել տարբեր ուղղություններով թռչել:
Տեղեկություններ կան, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել շոուից 15 րոպե անց: Տեղի ունեցած վթարից հետո ցուցահանդեսն իր աշխատանքը դադարեցրել է: Դրա կազմակերպիչները չեն բացառել, որ ցուցահանդեսը կարող է նաեւ ընդհանրապես չկայանալ: