Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգն ու եկեղեցին

Մարտ 04,2010 00:00

Մեկնաբանում է տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը

Թրաֆիքինգը առկա է նաեւ ՀՀ-ում: Հայաստանը համարվում է «արտահանող երկիր»: Այս աղետի դեմ պայքարելու գործին է լծվել նաեւ հոգեւորականությունը: Գուգարաց թեմի Գուգարքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ՝ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը Լոռու մարզի 13 գյուղերում եւ Վանաձորի բուհերում ու մանկատանը անց է կացնում «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով սեմինար-քննարկումներ: «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի» ֆինանսավորմամբ՝ ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 30-ը:
Թրաֆիքինգի կանխարգելման գործում եկեղեցու դերի եւ դրա զոհերին ցուցաբերվող վերաբերմունքի ու աջակցության մասին զրուցեցինք տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի հետ:
Նրան խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցին թրաֆիքինգի զոհերին: «Եկեղեցին այս խնդրում առաջնորդվում է Տեր Հիսուս Քրիստոսի այն դիպվածով, երբ մի անառակ կնոջ բերում են Քրիստոսի մոտ եւ հարցնում՝ ինչպե՞ս վարվել նրա հետ, Քրիստոսն ասում է, որ առաջինը քար նետի նա, ով երբեք մեղք չի գործել: Նաեւ շատ կարեւոր է, որ հասարակությունը տարբերակի իր կամքով անբարո վարք ունեցողին թրաֆիքինգի զոհից՝ վերջիններիս նկատմամբ չունենալով այն կարծրատիպային վերաբերմունքը, ինչն այսօր, ցավոք, շատ հաճախ է նկատվում»,- նշեց քահանան:
Մեր դիտարկման էլ, թե պատահական չէ, որ այցելելու են նաեւ Վանաձորի մանկատուն, տեր Սողոմոնը պատասխանեց. «Ցավոք, ընդունված է այն կարծիքը, որ մանկատան շրջանավարտներն ավելի շատ են գտնվում հասարակաց տների հիմնական «մատակարարը» դառնալու վտանգի տակ: Էլ ավելի վտանգավոր է, երբ մանկատան երեխան, դեռ հաստատությունը չավարտած, հայտնվում է թրաֆիքինգի խմբավորումների թիրախում: Այս մասին ավելի խոսուն են 2004 թ. Երեւանում լույս տեսած «Մարդկանց վաճառք» գրքում զետեղված փաստերը: Այնտեղ հղում անելով «Միջազգային համաներում» կազմակերպությանը՝ ասված է. «Միջազգային համաներում» կազմակերպությունը սեքսուալ նկրտումների դեպքեր է նշում Վարդաշենի մանկատանը, որտեղ երեխաները բերվում են փողոցից: Զեյթունի տեղաբաշխող կենտրոնի աշխատակիցների կողմից մանկական պոռնկության դեպքեր են նշվել Վանաձորի մանկատանը»: Այդ նպատակով կարեւորում ենք հատկապես հայտնի թիրախ խմբերի իրազեկության մակարդակի բարձրացումը խթանելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել