Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանցագործությունը խրախուսվո՞ւմ է

Մարտ 04,2010 00:00

Կամ «Լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքի շնորհանդեսը:

«Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում» գրքում հոդվածների տեսքով ներկայացված է դեպքերի փաստական կողմը, կան նաեւ հետազոտություններ Հայաստանի եւ միջազգային օրենսդրության համատեքստում: Գրքի նախաձեռնությունը «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ինն էր:
Երեկվա ասուլիսում «Հետք» պարբերականի փոխխմբագիր Լիաննա Սայադյանն ասաց, որ գրքում փորձել են տալ իրավական գնահատականներ, եզրակացություններ՝ մեղադրանք հարուցած դատական գործերին. «Ըստ միջազգային լրագրողական կազմակերպությունների՝ աշխարհում վերջին երկու տարիներին 1456 բռնության դեպք է արձանագրվել, երկու տարվա ընթացքում ողջ աշխարհում 76 լրագրող է սպանվել, իսկ այս տարվա երկու ամիսների տվյալներով՝ 4 լրագրող սպանվել է, 190-ը ձերբակալվել է: Բռնությունների թվի աճի միտումը անհերքելի է: Բարեբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին լրագրողներ չեն սպանվել կամ ձերբակալվել, բայց մեր երկրում էլ աճել է նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը»:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էլ այս առումով կարծիք հայտնեց. «Լրագրողների նկատմամբ բռնությունները չեն բացահայտվում, որովհետեւ չկա քաղաքական կամք: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ քրեական գործերի մեծ մասով ոստիկանությունը, քննչական մարմինները պատշաճ քննչական գործողություններ չեն իրականացրել, չեն հարցաքննել վկաներին, ականատեսներին, որոնց մատնանշել են լրագրողները: Արդյունքում քրեական գործերը կարճվում են՝ անձի անհայտ լինելու հանգամանքի պատճառաբանությամբ, ստացվում է, որ մեզ մոտ խրախուսվում է հանցագործությունը»:
Լ. Սայադյանն էլ հավելեց, որ Հայաստանում, եթե նույնիսկ որոշ դեպքերում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձանց ինքնությունը բացահայտվում է ու նրանք արժանանում են պատժի, ապա ոչինչ չի արվում բռնության պատվիրատուին բացահայտելու ուղղությամբ: «Հետքի» փոխխմբագիրն արձանագրեց, որ նախորդ տարի շատ էին վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքները լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ. «Միայն մեկ դեպքում է, որ լրագրողներն են քաղաքական գործչին մեղադրանք ներկայացրել եւ հրավիրել դատարան, վերջին շրջանում պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները սկսել են չհիմնավորված խոշոր գումարներ պահանջել լրատվամիջոցներից՝ իբր վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցում, ինչի վճարումը կարող է սպառնալ լրատվամիջոցի գոյությանը, փաստորեն, կարելի է արձանագրել, որ ֆիզիկական սպառնալիքներին ավելանում է նաեւ տնտեսականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել