Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՑԿՅԱՆՍ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Մարտ 04,2010 00:00

Իսկ մեծահասակներին, կրթություն ստանալիս, դեռ կշարունակեն խաբել

\"\"

Հայաստանում տարեկան ոչ ֆորմալ կրթություն են ստանում տասնյակ հազարավոր անձինք՝ տարբեր կրթական կազմակերպությունների, կրկնուսույցների կազմակերպած դասընթացներով: Դաշտը կանոնակարգված չէ, նույնիսկ հաշվառված չէ, թե քանի կազմակերպություն է գործում եւ այլն: Կրթության բնագավառին վերաբերող որեւէ օրենքում կամ այս ոլորտին առնչվող որեւէ հարակից օրենսդրական փաստաթղթում մեծահասակների կրթության մասին ակնարկ չկա, այնինչ, այն երեւույթը, որ բազում անձինք ներկայումս ավելի լավ վարձատրվող կամ պարզապես աշխատանք գտնելու համար մասնակցում են դասընթացների, կոչվում է մեծահասակների կրթություն, ինչը մեծ տարածում ունի զարգացած երկրներում: Որոշ ՀՀ քաղաքացիների բախտը բերել է՝ հայտնվել են բարձրորակ կրթություն իրականացնող կազմակերպությունում, բայց եղել են նաեւ անձինք, որոնց խաբել են: Օրինակ, Նարինե Հովակիմյանը պատմում է. «Ես մանկավարժ էի աշխատում, սակայն քանի որ դա անշնորհակալ աշխատանք է, շատ նյարդեր ես վատնում եւ, ինչպես որ հարկն է, չես գնահատվում, որոշեցի մասնակցել օտար լեզուների դասընթացների, որպեսզի միջազգային կազմակերպությունում աշխատանքի անցնեմ: Աշխատավարձիս կեսն ամեն ամիս տալիս էի այդ դասընթացներին, մեզ խոստացել էին, որ տալու են սերտիֆիկատ, որը մեծ վարկանիշ ունի, նույնիսկ ճանաչված է արտասահմանում, բայց կես տարուց հետո, երբ դասընթացն ավարտվեց, ընդամենը մի սովորական շնորհակալագիր տվեցին: Իհարկե, ինչ-որ չափով բարելավեցի անգլերենի իմացությունս, սակայն այժմ, երբ որեւէ միջազգային կազմակերպություն դիմում եմ աշխատանքի անցնելու նպատակով, ասում են՝ շնորհակալագիրը չի փաստում, թե ունեմ որակավորում»: Հրաչյա Մարգարյանը, որն ավարտել է Ագրարային համալսարանը, «Առավոտին» վրդովված պատմեց. «Բուհում ստացած գիտելիքներով եւ դիպլոմով երկար ժամանակ չէի կարողանում աշխատանք գտնել: Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց դիմել համակարգչային եւ օտար լեզուների դասընթացներ իրականացնող՝ Կոմիտասի պողոտայում գտնվող մի ուսումնական կենտրոն, որի անունը չեմ ուզում նշել, որպեսզի հակագովազդ չլինի: Երեք ամիս մասնակցեցի դասընթացներին, սակայն գիտելիքներիս նոր բան չավելացրի: Առաջին շաբաթվա ընթացքում մեզ հետ պարապում էր համակարգչային գիտելիքների առումով սկսնակ մի մասնագետ, մտածում էի, քանի որ «ա» ու «բ»-ից ենք սկսում, միգուցե քիչ-քիչ ավելի անհրաժեշտ գիտելիքներ կտան, սակայն այդպես էլ սպասելով մնացի՝ անիմաստ գումար վատնելով: Այս հարցի լուծումը գուցե այն կլինի, որ բոլոր այս կազմակերպությունները մտնեն հավաստագրման դաշտ, հրապարակվի վարկանիշային մի ցուցակ, որ մարդիկ իմանան, թե որ կազմակերպությանը դիմեն»: «Առավոտը» այս հարցերը բարձրացրեց «Մեծահասակների կրթություն եւ ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հ/կ-ի նախագահ, ԿԳ նախարարին կից կոլեգիայի անդամ Արեւիկ Սարգսյանի հետ զրույցում: Նա նշեց, որ օրերս կայացած կոլեգիայի նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի դաշտը՝ հետագա քայլերը նախանշելու համար, որոնցից մեկը կլինի մեծահասակների կրթության մասին օրենքի նախագծի ստեղծումը: Դառնալով օրենսդրությանը՝ զրուցակիցս հավելեց. «Մեր երկրի կրթության օրենսդրության մեջ շրջանառության մեջ դրված չէ մեծահասակների կրթություն հասկացությունը: Դրա փոխարեն գոյություն ունեն լրացուցիչ կամ շարունակական կրթության գաղափարները: Այնինչ, մեծահասակների կրթություն հասկացության մեջ լրացուցիչ կրթության միայն մասնագիտական բլոկը չէ, որ մտնում է: Մեծահասակների կրթությունը կարող է ուղղված լինել թե մասնագիտական որակավորումները բարձրացնելուն, թե պարզապես անձի զարգացմանը, թե քաղաքացիական կրթությանը, թե ընդհանրապես մշակութային կրթությանը»: Իհարկե, զարգացած երկրներում էլ մեծահասակների կրթության հետ կապված օրենսդրական բացեր կան, բայց մտածելակերպի ու հոգեբանության առումով նրանք մեզնից շատ առաջ են, հատկապես սկանդինավյան երկրները, Գերմանիան: Օրինակ՝ մեզանում միշտ չէ, որ ավելի լավ աշխատանք գտնելու համար մարդիկ դիմում են սովորելու ճանպարհին: Ա. Սարգսյանը նկատեց. «Բայց երբ սկսում են աշխատել եւ պարզվում է, որ գործից չեն հասկանում, գալիս են այն գիտակցության, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան պիտի սովորել: Կարծում եմ՝ ինքնակրթությունը եւս պիտի օրենքներով պաշտպանված լինի: Այսինքն՝ եթե անձը տվյալ հմտություններին տիրապետել է ինքնակրթության արդյունքում, նա չի կարող որեւէ սերտիֆիկատ ունենալ, իսկ ներկայումս դրա բացակայության դեպքում նա հաստատ աշխատանքի անցնելու առումով խնդիրներ կունենա»: Իսկ այն մասին՝ արդյոք չարժե՞ լիցենզավորել կամ հավաստագրել համապատասխան կրթական ծառայություններ իրականացնողներին, այսինքն՝ ինչ- որ կերպ վերահսկել այս դաշտը, տիկին Սագսյանն ասաց. «ԿԳՆ-ն չի կարող վերահսկել ամեն ինչ՝ հատկապես որակի տեսանկյունից, դեռ եղածն էլ չի կարողանում անել, բայց գոնե տեղյակ լինել, հաշվառել, թե ինչ է կատարվում դաշտում՝ անհրաժեշտ է եւ այնքան էլ դժվար չէ: Լիցենզավորում կամ հավաստագրում դեռ չի նախատեսվում, ինչը, կարծում եմ, ճիշտ է, քանի որ կարող է կոռուպցիայի համար եւս մեկ օղակ ստեղծվել: Մյուս կողմից էլ, եթե պետությունը խառնվի այդ գործընթացին, կխոչընդոտի շուկայի բնականոն ձեւավորմանն ու ճկունացմանը, չնայած համաձայն եմ, որ այստեղ կա նաեւ որակյալ կրթություն տալու գործոնը»:
Ինչեւէ, դեռեւս պաշտոնական մակարդակով մեծահասակների կրթությունը խթանելու եւ կանոնակարգելու գործընթացը սահմանափակված է «ՀՀ-ում ցկյանս ուսումնառության հայեցակարգով»: Թող ընթերցողը դատի, թե որքանով այն կնպաստի մեծահասակների կրթության բարելավմանը՝ հաշվի առնելով այն, որ ցկյանս գրաբարյան բառաձեւը նշանակում է կրթություն՝ մինչեւ կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել