Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ դաշնամուր կամ շեփոր պահելու համար չե՞ն հարկելու

Մարտ 04,2010 00:00

Ինչպե՞ս է միայնակ թոշակառուն իր շան համար 5000 դրամ վճարելու

Շատ զարմացա, երբ կարդացի «Առավոտի» փետրվարի 24-ի համարում տպագրված հոդվածը, որում պատմվում է նոր օրենքի մասին, ըստ որի՝ նախատեսվում է ընտանի կենդանիներ պահողներից հարկ գանձել: Հոդվածի հեղինակը շատ ճիշտ է նշում, որ հարցը այդ 5000 դրամը չէ, այլ՝ փող կորզելու նորանոր տեսակներ հորինելը: Ես՝ որպես շուն պահող եւ այդ կենդանուն արդեն որպես տան լիարժեք անդամ վերաբերվող, չեմ ափսոսա նրա համար գումար ծախսել: Եվ ես հենց այդպես էլ վարվում եմ. հավատացեք, պատվաստումներն ու անասնաբույժի այլ ծառայություններից օգտվելը էժան հաճույք չեն:
Ճիշտ է, այսպիսի հարկ գոյություն ունի գրեթե ողջ աշխարհում: Օրինակ, Արեւմուտքում բոլոր ընտանի կենդանիները գրանցվում են անասնաբուժական կլինիկաներում, սակայն նրանց տերերը դրա համար ոչինչ չեն վճարում, իսկ ձեռնասուն սիրելի էակին պահելու համար սահմանված հարկը սիմվոլիկ գումար է կազմում եւ տարին մեկ է գանձվում: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ մակարդակով ու ճշգրտությամբ են սպասարկվում ու բուժվում շնիկներն ու այլ կենդանիները. այդ դեպքում նույնիսկ հաճույքով կվճարես այդ հարկը:
Կարելի է հասկանալ նաեւ կենդանիներ չսիրողներին եւ նրանց բողոքները: Կան սարսափելի «ոՏռՓՏՉրՍՌռ» կոչվող շներ, որոնց շատ վաղուց բազմացնում են հատուկ կռվացնելու եւ դրանով փող աշխատելու համար: Այդ հարցն էլ է լուծելի՝ գոյություն ունեն դնչկալներ, եւ հասարակական վայրերում իրենց շներին առանց դնչկալների զբոսանքի հանած տերերին կարելի է տուգանել: Հասկանում եմ նաեւ այն մարդկանց, որոնք բողոքում են կողքի բնակարանում անընդհատ հաչացող շների տերերից: Բայց դա նույնն է, ինչ բողոքել հարեւանի՝ տհաճ ձայնով, շատ բարձր ու հաճախ բղավող երեխայից: Դաստիարակության խնդիր է: Ես էլ բողոքում եմ մեր հարեւանի երեխայից, որն առավոտյան 8-ից սկսում է ջութակ «նվագել»: Տեսնես, մեր ավագանիների մտքով չի՞ անցնում դաշնամուր կամ շեփոր ունեցողների համար հարկ սահմանել:
Կարծում եմ, այս օրենքն ընդունելուց հետո կսկսվի համատարած «գործ տալը»՝ «ալո, բարեւ ձեզ, մեր հարեւանը տանը ոչխար է պահում, բայց թաքցնում է», «մեր հարեւանը ոջիլ ունի, բայց հարկը չի վճարում»:
Դեռ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի անասնաբուժության վարչության ղեկավարը Ռուսաստանում նմանօրինակ օրենք ընդունելն առաջարկելիս ասաց. «Ընտանի կենդանիներ պահողները վերջապես պետք է գիտակցեն շնիկներին ու կատուներին պահելու համար իրենց կրած պատասխանատվությունը»: Իսկ ո՞վ ասաց, որ այդ գումարը վճարելուց հետո մարդիկ կգիտակցեն իրենց պատասխանատվությունը եւ կդադարեցնեն, օրինակ, բակերում, որտեղ երեխաներն են խաղում, իրենց շների հետ զբոսնել: Այո, արտասահմանում բնակվող մեր բոլոր հայրենակիցները միանգամից են ընկալում, որ իրենց կամ իրենց շան կողմից փողոցը աղտոտելու դեպքում տուգանվելու են: Բայց Երեւանը մեգապոլիս չէ. մեր մենտալիտետը Եվրոպայի նույնիսկ փոքր քաղաքի մտածելակերպի «չի ձգում»: Մենք նույնիսկ դեռ չենք սովորել ճիշտ տեղում փողոց անցնել կամ կենդանաբանական այգում կենդանիներին չկերակրել (վերջերս այդ մասին հայտարարություններն էլ փակցված չեն այնտեղ, երեւի ճգնաժամի պատճառով դա խրախուսվում է):
Ինչպես հայտնի է, Ճապոնիայի կառավարությունը խրախուսում է իրենց երկրում կրճատվող ծնելիությունը: Այդ պատճառով այնտեղ բուռն զարգանում են ընտանի կենդանիների ինդուստրիան եւ նրանց համար նախատեսվող ապրանքները: Անցած տասնամյակում նրանց ընտանի շների քանակը կրկնապատկվել է եւ կազմում է մոտ 13 միլիոն: Ճապոնիայի՝ մինչեւ 12 տարեկան երեխաների թիվն այդքան չի հասնում: Նրանց մոտ էլ մյուս ծայրահեղությունն է նկատվում՝՝ գոյություն ունեն կենդանիների համար նախատեսված սրճարաններ, նորաձեւության ցուցադրումներ, յոգա, պարեր: Զուգահեռ՝ աճում են շների նկատմամբ դաժան վարվելու դեպքերը՝ անցած տարի տեղական իշխանությունները փողոցներից հավաքել են 374 հազար շուն, որի 90%-ը դուրս է շպրտված «սիրող» տերերի կողմից: Բայց Ճապոնիայում այս հարկից ստացված գումարները նախատեսվում են անօթեւան կենդանիներին չիպավորելու, դրանց համար նախատեսված կացարանների եւ կենդանիների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին տրամադրելու համար:
Իսկ դուք նկատե՞լ եք ինչքան մարդ (հիմնականում՝ մեծահասակ) կա Հայաստանում, ովքեր շատ դեպքերում միայնակությունից դրդված են շուն պահում: Արդյո՞ք նրանք ի վիճակի կլինեն իրենց՝ 14 հազար դրամ կազմող թոշակից գումար հատկացնել: Արդյո՞ք այն կույրերը, ովքեր օգնական ունենալու նպատակով հատուկ վարժեցրած շուն են պահում, իրենց հաշմանդամության 8750 դրամ կազմող թոշակից կարող են գումար հատկացնել: Վերջապես, մտածեք երեխաների մասին, որոնց համար ծնողները ընտանի կենդանի են գնում, որպեսզի փոքրիկների մեջ ավելի լավ զարգանա այդ չարաբաստիկ պատասխանատվությունը:
Ուկրաինան, որ վերջին մի քանի տարվա ընթացքում չի կարող իր նախագահի հարցը լուծել, գոնե ընտանի կենդանիների հետ կապված այս հարկը սահմանելուց առաջ Եվրախորհրդի հետ է խորհրդակցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել