Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Մարտ 04,2010 00:00

Իսկ ինչպէ՞ս էր իրավիճակը հայ իրականութեան մէջ

\"\"

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27. 02.10

Հայաստանում լենինեան դեկրետի առաջին ներդրողները եղան նախկինում լուսժողկոմ (լուսաւորութեան նախարար) եւ ապա կենտկոմի քարտուղար դարձած Աշոտ Յովհաննիսեանը, Մոսկուայից հրաւիրուած ու նոր լուսժողկոմ նշանակուած Պօղոս Մակինցեանը եւ գրականագէտ Մանուկ Աբեղեանը, ում «լեզուագիտական գագաթնակէտը» խեղագրական ռեֆորմն էր՝ Մաշտոցին հաւասարուելու մարմաջով: Լուսժողկոմ Ա. Յովհաննիսեանի առաջարկով ուղղագրական ռեֆորմը, ինչի համար ստեղծուած էր յանձնաժողով, մշակեց եւ ներկայացրեց Աբեղեանը: Ինչպէս վկայում է Աբեղեանը, Յովհաննիսեանը «հաճեց ռեֆորմի խնդիրը կառավարութեան առաջ ամբողջութեամբ ներկայացնել՝ կանգնած լինելով այն տեսակէտի վրայ, որ եթէ ռեֆորմ է լինելու, պէտք չէ բաւականանալ չնչին փոփոխութիւններով»: Հետագայում Աբեղեանը պիտի խոստովանէր նաեւ, որ որոշումը կայացել էր միայն իր նախագծի հիման վրայ, առանց հաշուի առնելու յանձնաժողովին, առանց մտաւորականութեան հաւանութիւնը ստանալու կամ համաժողովրդական քննարկման դնելու: Սա սպասելի էր, որովհետեւ Աբեղեանի «Առաջնորդ հայոց լեզուի նոր ուղղագրութեան» անունով գրքոյկին կցուած էր լուսժողկոմի յանձնարարականը. «Լուսաւորութեան նպատակի եւ կիրարկման միջոցների տեսակէտից ուղղագրութեան հարցը քաղաքական հարց է եւ հայ լեզուի ուղղագրական ռեֆորմի խնդիրը քննութեան չի դրւում սկզբունքի տեսակէտից…»:
Թերեւս մեր օրերի «լուսաւորութեան ժողկոմները» եւ լեզուաբանները նոյնպէս այս ազգադաւ ռեֆորմին չեն անդրադառնում մեզ անյայտ, իրե՛նց «սկզբունքի տեսակէտից», շարունակելով ժողովրդին ու իշխանութիւններին համոզել, թէ 1922-40թթ. «բարեփոխումներով» աբեղեանասեւակեան ներկայ ուղղագրութիւնը եղել է յանուն մեր լեզուի զարգացման եւ բխել է «լեզուագիտական անհրաժեշտութիւնների» թելադրանքով: Մի փոքր շեղուելով ասենք, որ լեզուի «պետական-դեկրետային» մտածողութիւնը, որ ունենք մինչեւ այսօր, հասել է այն աստիճանին, որ վերջերս (անցեալ օգոստոսին) հանրային առաջին հեռուստաալիքով մեր կողմից շատ յարգուած եւ մեր լեզուի մաքրութեանը նախանձախնդիր գիտնականը իր իրօ՛ք հետաքրքիր ու օգտակար հաղորդաշարում հնարաւոր համարեց «մայրենի լեզու» արտայայտութեան փոխարէն գործածել «պետական լեզու» արտայայտաձեւը, քանի որ ունենք քաղաքական իշխանութիւն, պետութիւն: Մենք արդէն վերը տեսանք ազգի, ժողովրդի սեփականութիւն հանդիսացող լեզուն լենինեան դեկրետով ինչպէս դարձաւ պետական լեզու եւ ի տարբերութիւն այլ երկրների՝ «պաշտօնական լեզու» արտայայտութիւնը փոխարինուել է «պետական լեզու»-ով: Մեզ մնում է յիշեցնել, որ դարերով ունեցել ենք պետականութիւն կամ թագաւորութիւններ եւ միշտ ասուել է մայրենի լեզու, եւ ոչ թէ՝ պետական լեզու, որովհետեւ կայ նաեւ պետականի հակառակը՝ ժողովրդի սեփականը. Պետական կարող է լինել գոյք, գործարան, դպրոց, հաստատութիւն կամ կազմակերպութիւն, բայց ոչ լեզուն կամ գրահամակարգը. Ի՞նչ կարիք կայ շարունակել բոլշեւիկեան մտածելակերպը եւ այն ժամանակուայ լեզուական գաղափարախօսութիւնը: Անկախութիւնը նաեւ այստեղից պիտի սկսուէր:
Վերադառնալով աբեղեանասեւակեան խեղագրութեան մէջտեղ գալուն, յիշենք Աբեղեանի խոստովանութիւնը, թէ. «1500 տարուայ հնութիւն ունեցող մի ուղղագրութիւն փոխելու համար միշտ չի լինի հարմար ժամանակ, իսկ 1922-ը հենց այդպիսի հազուադէպ վայրկեաններից մէկն է» եւ ապա. «Ուրեմն մի այնպիսի շրջանում, երբ ուղղագրութեան անզգալի փոփոխութիւնները մեզ չեն գոհացնում, պահանջ ենք զգում աւելի մեծ փոփոխութիւնների»: Իրականում այդ «աւելի մեծ փոփոխութիւնների» հետեւանքով անգրագէտին գրագէտ դարձնելու փոխարէն գրագէտն էր դառնում անգրագէտ: Իսկ ընդամենը գրաճանաչ դարձածը, միեւնոյն է, իր կիսատ-պռատ գիտելիքներով մնալու էր անգրագէտ: Որպէս ապացոյց, օգտագործենք Աբեղեանի մի այլ անկեղծ խոստովանութիւնը, որ իր հնչական դրութիւնը նախատեսուած է անգրագէտների համար, իսկ գրագէտները հիմնական խոչընդոտն են դրա ընդունմանը, ուստի իրենք ( գրագէտները) մոռացութեան պիտի տան իրենց գիտցածը ու հաւասարուեն անգրագէտների հետ, որի համար, ըստ իրեն, ժամանակ է պէտք: Պատասխանելով Մալխասեանցի քննադատութեանը, Աբեղեանը բացատրում է, որ. «Նախ չափահաս հայերէն գրողը դէն պիտի դնել: Այդպիսի մէկը վարժուած է հայերէն կարդալու եւ գրելու… եթէ մենք չափահաս գրողներին նկատի ունենանք, ուղղագրութեան մէջ ոչ մի ռեֆորմ չպիտի մտցնենք»: Այսինքն, Աբեղեանի ռեֆորմի նպատակը կամ ելակէտը հայերէն չիմացող անգրագէտ սերունդն է, որպէս զի ստիպուած չլինի «Յանձն առնելու ուղղագրութիւն սովորելու համար գործադրել անպէտք եւ ապարդիւն աշխատանք եւ ժամավաճառ լինել»: Աւելին. Նա դեռ 1913-ին բացայայտել է իր վաղեմի «բարի» ցանկութիւնը՝ փրկել ձուլումից ռուսահայերին: Սակայն ի՞նչ գնով. «Ռուսաստանում ապրող հայ հասարակութեան ձուլման փաստի վտանգը նկատի ունենալով հայերէնի գրագիտութեան մակարդակը հասցնել (իմա՝ իջեցնել) ռուսախօս անգրագէտների դիւրամատչելիութեանը»- ասում է Աբեղեանը: Այսինքն «ապրող անգրագէտների» համար ընդունելի ուղղագրութիւն հիմնել: Որքան էլ զարմանալի է, նա յոյս ունէր, որ «…10-15 տարի յետոյ Հայաստանի սահմաններից դուրս էլ աւանդական ուղղագրութեամբ նախապաշարուածները ստիպուած կը լինեն հետզհետէ տեղի տալու ապագայ սերունդի առաջ… որին ոչ մի կերպ չեն կարող ստիպել, որ նորից յանձն առնի ուղղագրութիւն սովորելու համար գործադրել ապարդիւն աշխատանք ու ժամավաճառութիւն»: Ահա թէ ինչպիսի ուղղագրութիւն է պէտք ստեղծել, որի սովորելը աշխատանք ու «ժամավաճառութիւն» չպահանջի: Պարզւում է, որ արեւելահայ այս նոր խեղագրութիւնը սովորելու համար ժամանակ պէտք չէ (ուրեմն դա գիտութիւն չէ, եթէ այդքան հեշտ է) եւ այդ «առաւելութիւնը» պէտք է տարածել նաեւ սփիւռքի վրայ: Բացի այդ, Աբեղեանը իր ռեֆորմը արդարացնում է նաեւ իր մի այլ «բարի նպատակով», որը տնտեսական բնոյթ ունէր: Նա մտահոգուած է եղել, որ մեր տառերը երկար պոչեր ունեն, շատ թուղթ ու թանաք է ծախսւում, որ ուրիշ լեզուներ 24 տառ ունեն ( լատիներէնը), իսկ «Մեր երեխաները պէտք է սովորեն 38 տառ, աւելի ժամանակ պիտի գործի դնեն եւ աւելի ծախք պիտի անենք մայր տառեր (մատրիցա) շինելու ու տառեր ձուլելու համար»: Իրականում պարզուել է, որ խեղագրութեան ներդրումից յետոյ ծախսերը աւելացել են 3%-ով. դա բնական է, որովհետեւ դասականով «որքան»-ը գրուել է՝ խեղագրական «վորքան», նոյն ձեւով՝ -էի-եյի, երեկ-յերեկ՝ եւայլն: Նաեւ յայտնի է, որ Լուսժողկոմ Մակինցեանի համար նոյնպէս մեր այբուբենը պահելու բան չէր եւ ձգտում էր՝ «Որքան հնարաւոր է շուտ արխիւ նետել Սահակ-Մեսրոպեան տգեղ, անկիւնաւոր ու աչքի համար վտանգաւոր այբուբենը»:
Հետաքրքրական է Աբեղեանի այն տրամաբանութիւնը, թէ հին ուղղագրութեան կողքին նորի (իր ստեղծածի) առկայութիւնը դրական է այն իմաստով, որ գրաւորի մէջ այլեւս սխալներ չեն լինի, որովհետեւ մի ուղղագրութեամբ գրուածի «սխալը» ճիշտ կը լինի միւս ուղղագրութեամբ:
Դեկրետային ուղղագրութեան ընձեռած «ազատութեան» լաւագոյն եւ տիպական օրինակ կարելի է համարել «Ընկեր» շաբաթաթերթի խմբագրի ձեւակերպումը՝ «գրիր այնպէս, ինչպէս խօսում ես»: Ըստ այդ խմբագրի, պէտք է «հրաժարուել ռամիկ ժողովրդին դժուար մատչելի գրական լեզուից եւ փոխարէնը ստեղծել «ռամկաբար լեզու»՝ այսինքն բարբառային լեզուն (այն էլ բարբառաշատ մեր երկրում):
Ինչպէս տեսնում ենք, դեկրետային լեզուի չափանիշ է դառնում անգրագէտ ռամիկը, ինչպէս նաեւ գիտութիւն սովորելուց ծուլացողի, հեշտ ուսուցելու համար ծոյլ մանկավարժի եւ կիսագրագէտ խմբագրի ցանկութիւնները: Եւ այս բոլորը Աբեղեանը մատնանշում է որպէս իր կատարած գործի արդարացում:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ ԱՄՆ,
Ռոտ-Այլընտ, Օգոստոս 2009 – Յունուար 2010

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել