Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տասնմեկից յոթը՝ երեքին

Մարտ 04,2010 00:00

ՀՄՀ-Հայաստան մրցույթներում ամենաշատը հաղթել է հանրապետական պատգամավորի ընկերությունը

Թեեւ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների եւ դրանց առնչվող զարգացումների ժամանակ հենց ՀՀ այսօրվա իշխանությունների եւ իշխանավորների գործողություններն էին, որ չէին համապատասխանում ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին ու դրա արդյունքում «Հազարամյակի մարտահրավերներ» ԱՄՆ ծրագրով Հայաստանին հատկացվեց 180 միլիոն դոլար՝ խոստացված 235 միլիոնի փոխարեն, սակայն սա չի խանգարում իշխանավորներին, որ մասնակցեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին ու դեռ անձնական օգուտներն էլ ունենան:
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ ՀՀ կառավարության միջեւ համաձայնագիրը ստորագրվեց 2006-ի մարտի 27-ին, ուժի մեջ մտավ 2006-ի նոյեմբերի 29-ին: Դրանից հետո մինչ օրս «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտարարել է մոտ 5 տասնյակ մրցույթ, որոնցից 11-ը՝ շինարարական աշխատանքների, մնացածը՝ տարբեր խորհրդատվական ծառայությունների: Հետաքրքիրը հենց շինարարական մրցույթների պատկերն է:
11 մրցույթին մասնակցել է մոտ 30 շինարարական ընկերություն, ոչ միայն հայկական, այլ նաեւ՝ գերմանական, ֆրանսիական, ուկրաինական, ռուսական: Այս 11 մրցույթներից 5-ին, որոնց դեպքում շինարարական աշխատանքների գինը գերազանցել է $2 միլիոնը, ի թիվս այլ ընկերությունների, մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությունը: Հակոբ Հակոբյանը հանրապետական է դարձել 2006-ին, երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ, եւ սկսվեց պատգամավորների զանգվածային հանրապետականացում: Հինգ մրցույթներից երեքում հաղթած «Արփա-Սեւանը» իրականացրել ու իրականացնելու է մոտ $23 միլիոնի շինարարություն: $14,6 միլիոնանոց պայմանագիր «Արփա-Սեւանը» շահել է ֆրանսիական ՍԱԴԵ ընկերության հետ կոնսորցիում ձեւավորած:
ՍԱԴԵ ընկերությունն էլ, ինչպես «Արփա-Սեւանը», մասնակցել է հինգ մրցույթի, հաղթել երկուսում: Մեկը՝ վերը նշված կոնսորցիումի մաս կազմած, մյուսը՝ հայկական ՇՄՇ-23 ընկերության հետ կոնսորցիում ձեւավորած, պայմանագրի արժեքը՝ $5,7 միլիոն: Իսկ երբ ֆրանսիական ՍԱԴԵ-ն միայնակ է մասնակցել մրցույթներին, հաջողություն չի ունեցել:
Մեկ էլ հայկական՝ «Դոռոժնիկ» ընկերությունն է, որ «Արփա-Սեւանի» ու ՍԱԴԵ-ի նման «էժան» մրցույթներին չի մասնակցել, փոխարենը մասնակցել է 773,3 եւ 729 միլիոն դրամանոց շինարարական աշխատանքների մրցույթների եւ երկուսն էլ հաղթել:
Այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ խնդրեցինք «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ից: Մեզ տեղեկացրին, որ «Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ը մինչ այսoր իրականացրել է 11 շինարարական մրցույթ, որոնց արդյունքում պայմանագրեր են շնորհվել ընդհանուր առմամբ 24 ընկերությունների: Բոլոր ընկերությունները ընտրվել են բաց միջազգային մրցույթի միջոցով, բավարարելով մրցութային փաթեթով պահանջվող տեխնիկական չափանիշներին եւ ներկայացնելով ամենացածր գինը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել