Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԷՋՄԻԱԾԻՆՆ ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ ՈՒՆԵՆԱՐ

Մարտ 04,2010 00:00

Քաղաքական հարթությունում տարաձայնությունները տեղափոխվում են տնտեսական դա՞շտ

\"\"

Եթե ողջ աշխարհում, ինչպես ցանկացած Ամանոր, այնպես էլ 2010-ը նոր հույսեր եւ սպասումներ բերեց, ապա Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի բնակիչներին՝ նաեւ նոր իրավիճակ: 2010-ի հունվարի վերջից Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները փոխել են իրենց կայանման հասցեն: Վարորդների ասելով՝ քաղաքապետարանի պարտադրանքով: Մինչ օրս միկրոավտոբուսները կանգնում էին Մայր տաճարի մատույցներում, այգու մուտքի մոտ: Այժմ՝ էլի նույն փողոցում, բայց մի 50 մետր դեպի ետ: Ըստ վարորդների, սրա արդյունքում իրենք «կլիենտ» են կորցրել եւ կորցնում. շատերը չեն էլ փորձում մի քիչ ավել քայլել՝ հասնել նոր կայանատեղի, եւ Երեւան են գնում՝ 250 դրամանոց միկրոավտոբուսի փոխարեն նախապատվությունը տալով անձին 300 դրամով սպասարկող տաքսիներին:
Էջմիածնի քաղաքապետի տեղակալ, «Ավտոտրանսպորտային գործունեության մասնակիցների գործընթացը կանոնակարգող եւ վերահսկող» հանձնաժողովի նախագահ Վազրիկ Գրիգորյանը լուրջ չհամարեց ուղեւորներ կորցնելու մասին վարորդների մտահոգությունը: Ըստ նրա՝ դժվար թե մարդն ալարի մի քիչ ավել քայլել ու դրա համար այլ տրանսպորտային միջոց ընտրի: «Որպեսզի տաքսիները չխանգարեն միկրոավտոբուսների աշխատանքին, մենք արգելելու ենք, որ այդտեղ տաքսիներ կանգնեն: Շուտով այդ վայրում այդ մասին ազդարարող նշաններ էլ ենք տեղադրելու»,- «Առավոտին» ասաց յոթ ամիս առաջ ստեղծված հանձնաժողովի նախագահը:
Նրա կարծիքով՝ այս խառնաշփոթի պատճառը ավտոկայարան չունենալն է: «Եթե Էջմիածինն ավտոկայարան ունենար, այս հարցերն ինքնըստինքյան կկարգավորվեին եւ որեւէ մեկը որեւէ մեկին չէր մեղադրի»,- նկատեց փոխքաղաքապետը:
Էջմիածնի ավտոկայարանի շենքը դեռ կանգուն է, բայց՝ մասնավոր սեփականություն է. տարիներ առաջ վաճառվել է մի քաղաքացու: Թե՝ ում, Գրիգորյանը չգիտի. վաճառքը իրենց ղեկավարման տարիներին չի եղել: Հայտնի չէ նաեւ, թե ինչ նպատակի է ծառայում շենքը այս պահին: Հայտնի է միայն, որ մի քանի տարի առաջ այդտեղ բիլիարդ են խաղացել, ինչից հետո այն մնացել է անտեր: Ու հիմա Էջմիածնի ավտոկայարան ասվածը ավելի շատ մեծ ու երկար կանգառի է նման, որտեղ միշտ մարդկանց կուտակումներ են ու մեքենաների խցանումներ:
«Հենց այդ խցանումներից խուսափելու համար էլ մեր հանձնաժողովը որոշեց միկրոավտոբուսներն այդ վայրից տեղափոխել: Պատկերացրեք, եթե ութ «Գազել» շարվում են միմյանց ետեւից՝ ինչ կաթվածահար վիճակ է ստեղծվում»,- ասաց փոխքաղաքապետը:
90-ականների վերջից Էջմիածին-Երեւան գծի անփոփոխ տերը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, իսկ Էջմիածնի քաղաքապետը գեներալ որդին՝ Կարեն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ գեներալը եւ նրա պատգամավոր զարմիկը հակադիր ճամբարներում էին, եւ այդ օրվանից նրանց հարաբերությունները լարված են: Հարցին, թե՝ ինչո՞ւ հատկապես հիմա առաջացավ մեքենաների կայանման վայրը փոխելու անհրաժեշտությունը, երբ դրանք ավելի քան տասը տարի որեւէ մեկին նեղություն չէին տվել, Վազրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Քաղաքը փոքր է, փողոցները՝ նեղ, շատացել են նաեւ մեքենաները: Այդ պատճառով երթեւեկության հետ կապված շատ խնդիրներ են առաջացել ոչ միայն ձեր նշած գծի հետ կապված, այլեւ՝ քաղաքի այլ բանուկ փողոցներում: Իսկ «Գազելների» կայանման խնդրին հիմա ենք անդրադառնում, որովհետեւ ըստ առաջնահերթության քաղաքի համար այլ հարցեր էինք լուծում: Սկսել ենք նաեւ փողոցների անցումները նշագծելու գործընթացը: Միգուցե դա՞ էլ հարցնեք, թե՝ ինչու հիմա որոշեցինք»:
«Առավոտի» տեղեկություններով՝ «Գազելների» կայանման հասցեն փոխելը տարաձայնություններ են առաջացրել քաղաքապետի եւ Էջմիածնի ԲՈՒԱՏ-ի ղեկավարի միջեւ: Փոխքաղաքապետը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը: Միայն ասաց. «Ուղղակի անհամաձայնություն կար, որը, սակայն, մի քանի հանդիպում-բանակցություններից հետո օպտիմալ լուծում ստացավ: Իրենք էլ (նկատի ունի ԲՈՒԱՏ-ի ղեկավարությանը- Մ. Ա.) են գտնում, որ խաչմերուկում կայանատեղ լինել չի կարող»:
Վազրիկ Գրիգորյանի տեղեկություններով՝ նախատեսված է, որ միկրոավտոբուսները պետք է շարժվեն Աթաբեկյան փողոցից, բայց կոնկրետ ո՞ր հատվածից՝ չգիտի: Հարցն ուղղեցինք Էջմիածին-Երեւան երթուղու մրցույթում շահած Էջմիածնի ԲՈՒԱՏ-ի ղեկավարությանը: ԲՈՒԱՏ-ի տնօրեն Մանվել Վարդանյանն էլ նոր կայանատեղիի տեղը չգիտեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել