Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցանցի համար դատապարտվել է

Մարտ 04,2010 00:00

Հաշմանդամ դարձնելու համար ոչ ոք չի պատժվել

Նախկինում դատվել եմ չորս անգամ: Որեւէ մեկին չեմ բողոքել, մեղադրանքները եղել են ճիշտ: Մեղադրել եմ ինքս ինձ: Վերջին դատվածության ժամանակ գիտակցել եմ, որ էդ կյանք չի, որ ես եմ բռնել, երեխաները մեծացել են, ու ամաչելու շատ բան կա: Դուրս եմ եկել, երդվել ու երդմանս տեր կանգնել մինչ օրս: Դրա ապացույցը իմ գործունեությունն է, որը զարմանք էր պատճառել ամբողջ Սիսիանի ժողովրդին:
Կալանավայրից վերադառնալուց հետո որոշեցի զբաղվել անասնապահությամբ եւ մինչեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտնվելս, արդեն ունեի ձեւավորված ֆերմա՝ անասուններով եւ աշխատակազմով: Ունեի 50 գլուխ կթու կով, ամսական «Աշտարակ կաթին» եմ հանձնել 5 տոննա կաթ: Ունեմ «Աշտարակ կաթի» տնօրինության կողմից ասվածը հաստատող փաստաթուղթ: Գյուղի պայմաններում եւ այդ ծանր ժամանակներում ստեղծել եմ աշխատատեղ՝ 12 մարդու համար: Արատավորված անունս մաքրելու համար, երեխաներիս ամոթը, որը ունեցել են իմ արած սխալների պատճառով, փորձել եմ փոխարինել պարծանքով: Ուստի զբաղվել եմ բարեգործություններով: Թե անհատ բնակիչներին եւ թե գյուղի համայնքին օգտակար եմ եղել: Օրինակ, Տոլորս գյուղի, ուր հիմնել էի իմ ֆերման՝ համարելով արդեն ինձ տեղի բնակիչ, մանկապարտեզին տրամադրել եմ գրենական պիտույքներ, վերանորոգել եմ ջրատար խողովակները: Ունեմ համայնքի բնակիչների եւ համայնքի ղեկավարի շնորհակալագրերը: Ապրում եմ Սիսիանի Շահումյան փողոցում, փողոցի 30 տան բնակիչները հավաստել են իրենց տված ստորագրություններով, որում ասվում է՝ «հաղորդում ենք դատախազ Հայկ Կարապետյանին մեր անունից, այսինքն հասարակության անունից, որ Աշոտը հասարակության համար վտանգ չի ներկայացնում»:
Ինքս պատերազմի մասնակից եմ, պարգեւատրվել եմ Արցախյան «Պատերազմական գործողություն իրականացնող» կրծքանշանով: Բոլոր ասածներս կարող եմ հաստատել մոտս առկա փաստաթղթերով: Վերջին անգամ, ազատվելուցս մի քանի օր հետո՝ կնոջս ավտովթարի ենթարկեցին, որի հետեւանքով նա տարավ 2 վիրահատություն: Վրաերթ կատարողը դատախազ Հ. Կարապետյանի ընկերոջ որդին էր: Դրա պատճառով դատախազի հետ միշտ կոնֆլիկտների մեջ էի: Ինձ միշտ վախեցնում էր՝ ասելով, թե նորից կդատի: Վախեցնելու նպատակն այն էր, որ իմ կողմից բողոք չլինի: Եվ այդպես էլ ոչ ոք չպատժվեց ու ծախսերի մասին էլ ոչ ոք չհոգաց, գործն էլ դատարան չհասավ: Մի օր, մի ամայի տարածքում տեսա մի տարեց կնոջ, որին էլ հարցրի, թե ումն է շպրտած ցանցը: Այդ կինն ինձ ասաց, թե պետք է՝ տար, բալա ջան, էդքանը տարել են, էդ էլ դու տար: Դրանից մի քանի ամիս հետո ինձ հրավիրեցին բաժին ու ասացին, թե ես ցանց եմ գողացել: Ես ասացի, որ չեմ գողացել, ինձ ցանցի տերն է տվել, կանչեք տիրոջը՝ ինքն էլ կասի: Բայց նրան չբերեցին: Ինձ կալանավորեցին: Բերդում էլ պահանջեցի առերեսում, բայց առերեսում չարեցին: Հետո դատարանում պարզվեց, որ տուժողն էլ իր հերթին էր պահանջում առերեսում, բայց էլի չեն արել: Այդ կինը հասկացավ, որ օգտագործել են իր տարիքը, որպեսզի հասնեն իրենց նպատակին, գնում է բաժին եւ պահանջում իր դիմումը, որ այդ տղային ես եմ տվել, ուղղակի չեմ հիշել, որ տվել էի Աշոտին, ես մտածում էի, թե ուրիշն է տարել: 1 միլիոն դրամի դիմաց գրավով դուրս էի եկել եւ գնացել էի տուժող Ժելլա Հակոբյանենց տուն, որպեսզի պարզաբանեի: Ինձ տեսնելով՝ նա ասաց. այ բալա, էդ սետկեն էնքան չեկար տանեիր, որ գողացան: Ես նրան ասացի, որ ես եմ տարել, հիմա էլ ինձ մեղադրում են գողության մեջ: Նա շատ վատ զգաց այս թյուրիմացության համար ու այդ ժամանակ էր գնացել բաժին՝ դիմումը ետ պահանջելու: Դատախազը բողոքեց գրավիս համար, եւ ինձ նորից տարան բերդ:
Դրանից հետո ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարաններում միշտ Ժելլա Հակոբյանը պնդում էր, որ այդ տղան անմեղ է եւ չի գողացել այդ ցանցը, ես եմ տվել նրան: Սակայն նրան ոչ մեկը չլսեց ու ինձ դատապարտեցին 4 տարի ազատազրկման: Ժելլային ճանաչեցին տուժող, բայց վերաքննիչ դատարանի վճռից հետո իմ ձեռքում հայտնվեց մեկ այլ վճիռ: Այդ վճռում նշված էր, որ Ժ. Հակոբյանը վիճարկել էր գյուղապետարանի հետ այդ նույն տարածքի համար, որտեղ էլ դատարանը վճռել էր, որ Ժելլան չի հանդիսանում այդ տարածքում գտնվող որեւէ գույքի սեփականատեր: Այս փաստաթուղթը առկա է ինձ մոտ, որն էլ վկայում է այն մասին, որ դատախազի ուղղակի ցանկությունն էր ինձ դատապարտելը, որովհետեւ եթե Ժելլան չի հանդիսանում այդ ցանցի տերը, ինչպես կարող է լինել տուժող, իսկ հարուցված մեղադրանքում նշված է, որ ցանցը գողացվել է Ժելլա Հակոբյանին պատկանող տնամերձ հողատարածքից: Քննիչը նշել էր նաեւ, որ ցանցի վրայի փայլը տեղն է եղել, բայց Ժելլան ասել էր, որ այդ ցանցը ցանկապատել է իր ամուսինը, որը մահացել է 20 տարի առաջ: Մահվան վկայականը նույնպես կա ինձ մոտ: Իսկ 20 տարվա ցանցը չի կարող լինել փայլը վրան եւ չէր կարող գնահատվել այսօրվա շուկայական գներով, որը գնահատվել էր քննիչ Արայիկ Ջավադյանի պահանջով՝ փորձագետի կողմից: 3 անգամ հայտարարել եմ հացադուլ՝ արդարությունը պարզաբանելու համար, սակայն ոչ մի արդյունք, միայն խոստումներ: Փետրվարի 17-ին կարել եմ բերանս, հայտարարել եմ հացադուլ եւ ջրադուլ: 6 օր հետո ժամանակավոր դադարեցրել եմ հացադուլն ու ջրադուլը, քանդել բերանս, սպասելով դիմումներիս արձագանքին: Ցանկանում եմ իմանալ, թե ո՞վ է համարվում ուղղված մարդ, եթե ոչ ես՝ իմ տրամադրած փաստերով: Ինձ արդեն հայտնի դարձավ, որ Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի համար ցանցն ավելի արժեքավոր էր, քան մարդկային կյանքը, քանի որ կնոջս ավտոմեքենայով վրաերթ ենթարկելով եւ հաշմանդամ դարձնելով՝ ոչ ոք չպատժվեց, իսկ նվիրած ցանցի համար ես դատապարտվեցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել