Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոսկյա շղթայի հափշտակության գործով

Մարտ 04,2010 00:00

Նախաքննական մարմինը առերես հարցաքննությունները մերժում է

Երկու անհայտ անձանց կողմից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Արման Սարգսի Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը:
Նոյեմբերի 30-ին Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Քրգործի նախաքննության ընթացքում Ա. Պողոսյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է եւ այս տարվա փետրվարի 8-ին նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ այն բանի համար, որ նա նախկինում հափշտակություն կատարելու համար 3 անգամ դատապարտված լինելով, դատվածությունը չմարած, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, «նախնական համաձայնության գալով քրեական գործով դեռեւս չպարզված անձի հետ», դերաբաշխում կատարելով, Երեւանի Աբելյան փողոցի 3-րդ շենքի մոտ Արման Սարգսի Ասլանյանից վերցրել է վերջինիս 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան եւ դիմել է փախուստի:
Տուժող Ա. Ասլանյանը նախաքննության ժամանակ տվել է ցուցմունքներ: Նա, ըստ մեր աղբյուրի, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնել է, որ Արթուր Պողոսյանը որեւէ առնչություն չունի կատարված հանցագործության հետ: Սակայն հետագայում հրաժարվել է դատարանում իր տված ցուցմունքներից, եւ քննիչի մոտ հայտարարել եւ ցուցմունք է տվել, թե իր ոսկյա շղթան հափշտակել է Պողոսյանը:
Համաձայն ՀՀ քրդատօր-ի 216 հոդվածի 1-ին մասի եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի, Ա. Պողոսյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագ Մանուկյանը փետրվարի 9-ին միջնորդել է Արթուր Պողոսյանին առերես հարցաքննել գործով տուժող Արման Ասլանյանի հետ՝ քրեական գործում առկա էական հակասությունները պարզելու համար:
Սակայն Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Ա. Մայիլյանը փետրվարի 10-ին որոշում է կայացրել այդ միջնորդությունը մերժելու մասին. «Նկատի ունենալով, որ Արման Ասլանյանը Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. դեկտեմբերի 1-ին՝ Արթուր Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի վերահաստատման դատական նիստի ժամանակ, արդեն իսկ Արթուր Պողոսյանի ներկայությամբ անուղղակի ձեւով պնդել է, որ Արթուր Պողոսյանը իր ոսկյա շղթան հափշտակած երկու անձանցից մեկն է, ինչը արձանագրված է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ, ուստի վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ վերացել է Արթուր Պողոսյանին եւ Արման Ասլանյանին առերես հարցաքննելու քննչական գործողության կատարման անհրաժեշտությունը»:
Պաշտպանը փետրվարի 15-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ համայնքի դատախազություն՝ քննիչի նշված անհիմն որոշումը վերացնելու մասին, խնդրելով հանձնարարել նախաքննական մարմնին՝ կատարել առերես հարցաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազության թիվ 11-22-10 գրությամբ հայտնվել է, որ նշված միջնորդությունը քննարկման է ուղարկվել համայնքի դատախազություն՝ պարտավորեցնելով արդյունքների մասին հայտնել պաշտպանական կողմին: Նախաքննական մարմինը, ինչպես նաեւ համայնքի դատախազությունը՝ անտեսելով ՀՀ գլխավոր դատախազության գրավոր ցուցումը, նոր որոշում է կայացրել քրեական գործով նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին՝ այն սահմանելով մինչեւ փետրվարի 24-ի ժամը 16:00-ն: Պաշտպանական կողմը փոստային ծառայության միջոցով այն ստացել է փետրվարի 25-ին:
Քննիչը քրեական գործի քննությունը համարել է ավարտված եւ այն հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել