Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մարտ 04,2010 00:00

\"\"ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում երեկ սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Մարտի 1»-ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը պահանջում է Ն. Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Բացի պաշտպանական կողմից, բողոք էր բերել նաեւ մեղադրանքի կողմը, որը առաջարկում էր զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքին հավելել «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հոդվածը: Ի դեպ, այս վերջին հոդվածով արդարացման դատավճիռ էր կայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Երեկ Ն. Փաշինյանի պաշտպաններ Լ. Սահակյանը եւ Ե. Վարոսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող Սերժիկ Ավետիսյանին, դատավոր Արշակ Խաչատրյանին, հայտնելով, որ դատարանը չի ստացել մեղադրողի բողոքի վերաբերյալ պաշտպանական կողմի պատասխանը, եւ դատարանը չի ուզում ծանոթանալ պատասխանին, քանի որ կողմնակալ է եւ իր պարտականությունները չի կատարում: Նիկոլ Փաշինյանը «առաջարկեց», որ եթե մերժելու են ինքնաբացարկի միջնորդությունը, ապա մերժեն «ավելի լավ դատավորներ չլինելու» պատճառաբանությամբ: Դատարանը, իրոք, խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Պաշտպանական կողմը նորից հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ, հայտարարելով, որ դատարանը չի կարող անկողմնակալ լինել, քանի որ «Մարտի 1»-ի գործով այլ դատավճիռներ են արձակել:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը եւս: Դատաքննությունը կշարունակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել