Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շների պատճառով՝ հաշմանդամ

Մարտ 04,2010 00:00

Տիկին Արեւը 68 տարի է՝ չի քայլում

Թբիլիսիի «Նախալովկա» թաղամասի բակերից մեկը մտնելիս հաճախ լսվում է 75-ամյա դերձակ Արեւ Կարապետյանի կարի մեքենայի ձայնը: Փոքրիկ սենյակը, որտեղ նա բնակվում է, բավականին հարմարավետ է:
Տիկին Արեւը, որին բոլորը «կուկլա» են ասում՝ նրա գեղեցկության համար, միշտ նստած է մահճակալի վրա, իսկ նրա առջեւ դրված է սեղանը, որի վրա էլ կար է անում: Ծանոթանալով այդ կնոջ հետ ու տեսնելով նրա աշխուժությունը, ինչով էլ նա կարողանում է հմայել բոլորին, առաջին հայացքից չես պատկերացնի, որ այդ կինն արդեն 68 տարի չի քայլում: Տիկին Արեւը 7 տարեկանից կորցրել է քայլելու ունակությունը: Մեզ հետ զրույցում նա պատմեց. «7 տարեկան էի: Գնացի գետում լողալու: Երկու շուն էին գետի ափին նստած: Նրանք բարձրացան եւ եկան դեպի ինձ: Նրանցից մեկը սպիտակ էր, մյուսը՝ սեւ: Սպիտակը 3 անգամ պտտվեց շուրջբոլորս եւ 3 անգամ հարվածեց ողնաշարիս, որից հետո ամբողջ մարմինս թմրած վիճակում էր: Վերադարձա տուն եւ մի ամբողջ օր քնեցի»: Տիկին Արեւի պատմելով, արթնանալուց հետո տատը նրան լողացնում է, եւ ինչպես Արեւն է հիշում. «Տատս վրաս տաք ջուր էր լցնում, սակայն այն ինձ սառն էր թվում: Երբ լողացնելուց հետո ինձ գրկեց՝ մարմինս արդեն փայտացած էր, իսկ ոտքերս թուլացած գնում-գալիս էին»: Արեւն այլեւս չի քայլել:
«Երբ ծնողներս եկան աշխատանքից եւ ինձ տեսան՝ բժիշկ կանչեցին: Նա ասաց, որ փրկում չկա, եւ բուժումն անօգուտ է, սակայն հայրս պնդեց եւ ես 8 ամիս անօգուտ պառկեցի հիվանդանոցում, որից հետո հայրս հույսը չկորցնելով՝ ինձ տարավ Ծիլքար գյուղ՝ հայտնի հեքիմի մոտ, սակայն նա էլ հաստատեց, որ ինձ բուժում չկա»:
Արեւը, վերադառնալով տուն, ամեն օր լսելով բակում խաղացող երեխաների զվարթ ձայները, ավելի է դժվարանում համակերպվել իր կարգավիճակի հետ, բայց, նրա պատմելով, 11 տարեկանում նա երազ է տեսնում, որտեղ նրան Մարիամ Աստվածածինն ասում է. «Ճիշտ է, քեզ բուժում չկա, բայց դու, միեւնույն է, մինչեւ կյանքիդ վերջ սիրտդ ուրախ պահիր, ծնողներիդ մի տանջիր»: Այս երազից հետո Արեւը հանգստանում է եւ համակերպվում, որ դա էլ իր ճակատագիրն է. «Երազից հետո, ոնց որ ամբողջ աշխարհն ինձ նման լիներ, ես ինձ այնքան երջանիկ էի զգում եւ դրանից հետո կյանքում չեմ հուզվել»:
Արեւ Կարապետյանը մեծ հարգանք է վայելում թե իր ընտանիքի անդամների եւ թե շրջապատի բնակիչների շրջանում: Նա լավ խորհրդատու է եւ պահանջված դերձակ: Սենյակում, որտեղ նա կար է անում՝ միշտ աշխուժություն է տիրում եւ մարդաշատ է: Բոլորը գնում- գալիս են եւ միայն տիկին Արեւն է, որ այդ սենյակից դուրս չի գալիս: Նա պարզապես չի կարողանում տանել դրսի օդը, նա նախընտրում է միշտ մնալ իր սենյակում, որտեղ ապահովված է իր համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել