Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐԻ ԳՈՐԾ ԱՆԵԼԸ ՉԻ ԳԱԼԻՍ

Մարտ 04,2010 00:00

Չինովնիկական «մախինացիաներն» այնքան շատ են, որ մարդիկ հիասթափվում են Հայաստանում ներդրումներ անել ու բիզնես ծավալել:

Հայաստանում գործարար լինելն այնքան էլ դյուրին չէ, հատկապես, եթե տանիք չունես: Սա գիտի ամեն շարքային քաղաքացի ու կարծես թե այս երեւույթին ազգովի հարմարվել ենք: Բայց երբ մոտ 20 տարի Հայաստանում բիզնես ծավալող գործարարն ամեն քայլափոխի մեծ հիասթափություն է ապրում՝ դա արդեն ՀՀ իշխանություններին լուրջ մտածելու հիմքեր պետք է տա:
«Առավոտի» հետ զրույցում «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը քայլ առ քայլ ներկայացրեց, թե չինովնիկական քաշքշուկների, մեր երկրում առկա կոռուպցիայի պատճառով գործարարների բիզնեսն ինչ վնասներ է կրում, որի արդյունքում տուժում է նաեւ Հայաստանի տնտեսությունը: «Կոռուպցիայից խոսում են նույնիսկ ամենաբարձր էշելոններում, բայց ոչ ոք ոչ մի քայլ չի անում: Ցավոք, մեզանում կոռուպցիան ընկալում են միայն ուղղակի կաշառք տալը: Բայց կա կոռուպցիայի ավելի ծանր տեսակ՝ երբ քավոր-սանիկ վիճակները կարող են ազդել արդարացի որոշում կայացնելու վրա»: Որպես ասածի ապացույց, պարոն Մարտիրոսյանը բերում է ամենասովորական մրցույթի օրինակը: Դպրոցական դասագրքերի՝ այդ թվում նաեւ քիմիայի դասագրքի համար հայտարարված մրցույթում ընկերությունը ներկայացրել է աշխարհի 30 երկրներում ընդունված դասագիրքը: Բայց դա անհասկանալի պատճառներով մրցույթում չշահեց. «7-9-րդ դասարանների համար նախատեսված քիմիայի դասագիրքը, որի հեղինակը աշխարհահռչակ Ռուդիտիսն էր, մենք թարգմանել էինք եւ ադապտացրել մեր երկրին: Այս գիրքը նույնիսկ ճապոնացիներն են ընդունել, քանի որ այդ ոլորտում ռուսական մակարդակն ամենաբարձրն է, իսկ մրցույթում չանցավ: Չգիտես ինչու, մերոնք որոշել են, որ իրենք քիմիայի բնագավառում ավելի ուժեղ են, քան ռուսները, ու հայ հեղինակների ներկայացրած դասագիրքը մրցույթը շահեց: Զարմանալին այն է, որ նմանատիպ մրցույթի մասնակցել եմ Վրաստանում եւ շահել մրցույթը, քանի որ մեր ներկայացրած գրքերն իրենց թե՛ գիտական եւ թե՛ տպագրական որակով լավագույնն էին: Ստացվեց, որ Վրաստանում քավոր-սանիկ հարաբերությունները չեն անցնում, այլ իրական որակն է անցնում»:
Պարոն Մարտիրոսյանի տպավորությամբ՝ Վրաստանում, որտեղ ինքը եւս բիզնես է ծավալել, գործարարին ընկալում են որպես բարերարի, աշխատատեղ ստեղծողի, իսկ մեր երկրում գործարարին հենց սկզբից ընկալում են որպես հանցագործի: Իր այս կարծիքը «Անտարեսի» ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Հենց փորձում ես ապրանք ներմուծել, սկսած մաքսայինից՝ քո համբավը կասկածի տակ են դնում: Նախ չեն հավատում քո ներկայացրած հաշիվ-ապրանքագրին: Ի՞նչ է, ես գո՞ղ եմ, որ ինձ կասկածում եք: Օրինակ, արտերկրում, եթե հաշիվ-ապրանքագիրը հիմնավորված կասկած է առաջացնում, նախ դատարան են դիմում՝ հիմնավորումներով, որպեսզի գործարարի համբավը չվնասեն: Դու ով եղար, ա՛յ չինովնիկ, որ ինձ խաբեբա կամ գող համարես: Ինչպե՞ս են պատրաստվում զարգանալ, ներդրումներ դրսից բերել, եթե սեփական գործարարի, հարկատուի հետ յոլա չեն գնում»:
Մեկ այլ երեւույթ էլ կա մեր երկրում, որ գործարարին շատ հաճախ հունից հանում է՝ դա թղթաբանությունն է, այսինքն՝ տարբեր պետական մարմինների կողմից ինչ-որ տեղեկանքներ պահանջելը: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ վերջերս, որպեսզի 0-ական դրույքաչափով ապրանք ներմուծի, մաքսայինը տեղեկանք է պահանջել, որ ընկերությունը պետությանը պարտք չէ. «Ստացվում է, որ պետք է դիմում գրեի պետեկամուտների կոմիտեի նախագահին եւ խնդրեի, որ տեղեկանք տրամադրեն, որպեսզի նույն կառույցին ներկայացնեմ այդ տեղեկանքը»: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ ամբողջ աշխարհում գործում է ընդհանուր տեղեկատվական բազա, եւ եթե մի պետական կառույց որեւէ անձից տեղեկություն է ուզում ստանալ, ապա ընդամենը ընկերության կամ անձի անունով համակարգչի միջոցով այն կարող է ստանալ. «Այդպես եւ քաղաքացուն է ձեռնտու, եւ պետական մարմիններին ու շատ արագ է այդ գործընթացը կատարվում»: Այս առումով գործարարին զայրացրել է սանէպիդկայանից ստացված դիմումը, որով պետական մարմինը նրանից պահանջել է ներկայացնել ընկերության տարեկան շրջանառությունը: Քանի որ, կառավարության որոշմամբ, սանէպիդի աշխատակիցները չեն կարող ստուգումներ անցկացնել մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող հիմնարկներում, ուստի «Անտարեսից» փորձել են ճշտել շրջանառության ծավալը. «Այս որոշումը ինձ չի պարտավորեցնում, դա ստուգող մարմինների համար է: Թող հարկայինից հարցում անեն: Ինչո՞ւ չեն անում, որովհետեւ իրենց թվում է, որ ես հենց այս թուղթը տեսնեմ, վազելու եմ իրենց մոտ՝ կլորիկ գումար տամ, որ հանկարծ չգան ստուգեն»:
Մեզ հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը «նոստալգիայով» խոսեց հարկահավաքման ոլորտում կատարված մի բարեփոխման մասին, որը, նրա խոսքերով, ընդամենը մի քանի ամիս տեւեց. «Մի պահ մաքսայինում ոչ մի կոպեկ չէին վերցնում: Տոնավաճառի աշխատակցի մի օրինակ բերեմ. եթե դու օրինական չես մաքսազերծել, ապա դու բոլոր ոլորտներում մաքուր չես կարող աշխատել: Երբ սկսեց մաքուր աշխատել՝ գիշերները հանգիստ էր քնում, հանգիստ էր բոլոր ոլորտների հետ առնչվելիս: Մի քանի ամիս անց մաքսայինից զանգեցին նրան ու ասացին՝ կարող ենք հին ձեւով աշխատել, այսինքն՝ ապրանքն անօրինական մաքսազերծելով: Նա հրաժարվեց: Բայց երբ տեսավ, որ իր մրցակիցները նույն ապրանքն ավելի էժան են վաճառում, որովհետեւ հին ձեւով են մաքսազերծում, նա էլ անցավ նույն ոճին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել