Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քեսաբցիների փողոցը համարժե՞ք է Օրբելի փողոցին

Մարտ 04,2010 00:00

Քաղաքապետարանի տրամաբանությամբ, գոտիավորվելու արդյունքում ծայրամասերի կրպակատերերը կնախընտրեն օղի ու սիգարետ չվաճառել:

Ո՞վ է երբեւէ լսել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Քեսաբցիների փողոցի մասին: Պարզվում է՝ դա ինչ որ կորած-մոլորած փողոց չէ, մայրաքաղաքի այն փողոցներից է, որն իր կարեւորությամբ հավասար է Կենտրոնի Այգեստան թաղամասին, Փարպեցու կամ Մհեր Մկրտչյան փողոցին եւ նույնիսկ Կարեն Դեմիրճյան պողոտային: Այդպես է կարծում Երեւանի ավագանին, որը ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանելիս N 46-Ն որոշմամբ գոտիավորել է մայրաքաղաքի փողոցներն ըստ կարեւորության եւ Քեսաբցիների, Սարի թաղի համար սահմանել նույն դրույքաչափերը, ինչ Օրբելի, Ֆրիկի փողոցների կամ Կարեն Դեմիրճյան պողոտայի համար: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, գոտիավորման նպատակը եղել է տարանջատել քաղաքի առավել բանուկ հատվածներում գործող տնտեսվարողներին՝ իսկապես ծայրամասում գործող կրպակների տերերից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը առավել օպտիմալ պաշտպանված լինի: Հետեւաբար, ավագանին գտել է, որ մայրաքաղաքի գլխավոր փողոցներում գտնվող տաղավարները օղի եւ ծխախոտ վաճառելու համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է վճարեն 30 612 դրամ պետտուրք, երկրորդական փողոցների խանութները՝ 15 հազար դրամ, իսկ բակային տարածքների, փակուղիների ու նրբանցքների կրպակները՝ 7500 դրամ: Թե ինչու 30, 15 կամ 7-8 հազար դրամ՝ էական չէ. մարդիկ բիզնես են անում ու, օրենքի համաձայն, այդ արտադրատեսակների վաճառքի համար պետք է պետտուրք վճարեն: Հարցը ավագանու գոտիավորման առանձնահատկության մասին է: Ինձ համար, որպես Երեւան քաղաքի բնակիչ, անհասկանալի է, թե ինչպես է ծայրամասային համայնքի ինչ-որ մի կարճ ու փոքր փողոց, որտեղ հազիվ 1 մետր մակերեսով ընդամենը մի քանի «կրպակիկներ» են տեղակայված, համեմատվում Օրբելու, Կարեն Դեմիրճյանի, Ֆրիկի փողոցների հետ: Թե՛ կարեւորությամբ, թե՛ մարդաշատությամբ, թե՛ առեւտրաշրջանառությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Կուրղինյան փողոցը (Արարատյան զանգված) անհամեմատելի է Օրբելի փողոցի հետ:
Ավագանին նախատեսում է մայրաքաղաքի կենտրոնի հսկա սուպերմարկետներից նույնքան տուրք գանձել, որքան ծայրամասի ամենափոքր կրպակից, որտեղ կվաճառվի թեկուզ մեկ հատիկ ծխախոտային արտադրանք կամ թեկուզ մեկ շիշ «քյասիբի օղի»: Ըստ այդ որոշման՝ Ամիրյան, Աբովյան, Խորենացու, Ագաթանգեղոսի, Ալեք Մանուկյան կամ Հյուսիսային պողոտայի կրպակատերերն էլ պետք է վճարեն 30 հազար 612 դրամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի եւ Օհանովի փողոցների կրպակատերերն էլ: Եթե նույնիսկ Բաղրամյան պողոտան համեմատենք Մալաթիայի ամենակարեւոր ու ամենագլխավոր` Անդրանիկի փողոցի հետ, որն այդ համայնքի կենտրոնն է, դարձյալ ավագանու նման գոտիավորումն ու սահմանած պետտուրքի դրույքաչափը անարդարացի է՝ հօգուտ կենտրոնի ձեռնարկատերերի: «Ծխախոտը եւ ոգելից խմիչքը Բաղրամյան պողոտայում եւ Անդրանիկի փողոցում նույն գինն ունի, ուրեմն ինչո՞ւ պետք է այդ երկու տարածքների ձեռնարկատերերը նույնքան չվճարեն»,- «Առավոտին» այսպես պարզաբանեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը:
Իհարկե, «Գառնին» կամ «L&M»-ը բոլոր համայնքների բոլոր կրպակներում էլ գրեթե նույն արժեքն ունեն՝ չնչին տարբերությամբ, որովհետեւ մատակարարը նույնն է, ուստի, եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ապա այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մի դեպքում նույն ապրանքը վաճառելու համար գանձվում 30 հազար դրամ, մյուս դեպքում՝ 7500: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում գոտիավորման այս նույն հարցի առնչությամբ զետեղված է այսպիսի հարց-պարզաբանում, որը հակասում է նույն գերատեսչության աշխատակցի պարզաբանմանը. «Ի վերջո, ո՞վ  է ասել, որ, ասենք, Մալաթիայի տոնավաճառում եւ նրա շրջակայքում կենտրոնացված խանութներն ու շքեղ սուպերմարկետները պետք է նույն ապրանքը վաճառելու համար ավելի քիչ վճարեն, քան, օրինակ, Խորենացու փակուղու խանութները, ո՞րն է տրամաբանությունը, որտե՞ղ է առեւտրային շրջանառությունն ավելի մեծ»: Քաղաքապետարանի նման պաշտոնական պարզաբանումը եւս ապացուցում է, որ ավագանու որոշման մեջ չկա ճիշտ տրամաբանություն, որովհետեւ այնտեղ նույնպես հաշվի չեն առնվել առեւտրաշրջանառության ծավալները:
Ոչ ոք չի ժխտում, որ Մալաթիայի տոնավաճառի տարածքում առեւտուրը եռում է, ուստի Րաֆֆու փողոցը թող ընդգրկվի բարձր պետտուրքի գոտիավորման մեջ, բայց Ամիրյան փողոցի կամ Ագաթանգեղոսի առեւտրաշրջանառությունը համեմատել Տիչինայի կամ Օհանովի փողոցների հետ, ինչ է թե դրանք էլ Բանգլադեշի կենտրոնական փողոցներից են՝ անընդունելի է: Եվ հետո, Օհանովի փողոցի բազմաբնակարան շենքերի արանքներում քնձռոտ եւ օրական հազիվ մեկ-երկու հաց, երկու բաժակ արեւածաղկի սերմ եւ մեկ-երկու ծխախոտ վաճառող կրպակներ կան, որոնք, փաստորեն, պետք է եռամսյակը մեկ վճարեն 30 612 դրամ, ինչ է թե՝ Երեւանի ավագանին գտնում է, որ Օհանովի փողոցը համաքաղաքային նշանակության, կարեւորագույն փողոցներից է, նույնքան կարեւոր, որքան Հյուսիսային պողոտան է, Ամիրյանը կամ Բաղրամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել