Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՔՍԻՆԵՐԸ

Մարտ 04,2010 00:00

\"\"«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծում այս փոփոխությունը կարող է հանգեցնել ուղեւորավարձի աճի:

Անցած շաբաթ խորհրդարանը սկսեց քննարկել կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերելու է հանրապետությունում առկա շուրջ 410 հազար ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին: 
Այս նախաձեռնության վերաբերյալ նախապես անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որոնց շնորհիվ նախագծում արդեն իսկ արվել են որոշ էական փոփոխություններ: Դրանք մեզ ներկայացրեց օրինագծի հարակից զեկուցողը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Մենք հրապարակել էինք, որ նախագծի սկզբնական տարբերակի համաձայն՝ ապահովագրական գումարն անձնական վնասների համար չպետք է 1 պատահարի համար պակաս լինի 4 մլն դրամից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, եւ գույքային վնասների համար՝ 2 մլն դրամից. «Լսումների արդյունքում հիմա մենք դարձրել ենք 1,5 մլն դրամ՝ գույքային վնասների համար, եւ 3 մլն դրամ՝ անձնական վնասը,- ասաց Գագիկ Մինասյանը:- Կարծում ենք, որ դեպքերի 80%-ում այս գումարը լրիվ բավարար կլինի: Մնացած 20% դեպքերում այս հիմնական գումարը կտրվի միանգամից, իսկ տարբերությունը՝ դատական կարգով կամ բարի կամքով»:
Օրենքի նախագծով կարգավորում է նախատեսված նաեւ այն դեպքերի համար, երբ մեքենայի մեջ գտնվել ու տուժող են դարձել մի քանի մարդիկ: «Նրանցից յուրաքանչյուրը կստանա անձնական վնասի համար 3 մլն դրամ: Բայց ընդամենը մի պատահարի համար կարող է տրվել 9 մլն դրամ»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Նա ներկայացրեց,  թե ինչպես պիտի հաշվարկվեն ապահովագրավճարները: Ընդհանուր առմամբ՝ մեր զրուցակցի կանխատեսմամբ, ապահովագրավճարների ամսական մուծումները վարորդների համար կտատանվեն 1000-6000 դրամի սահմաններում. «Մենք այս օրենքի մեջ առաջին անգամ ներառել ենք հաշվարկման մեթոդաբանությունը: Այն մանրամասն ներկայացված է օրենքին կից հավելվածում»,- ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ըստ այդմ՝ սահմանվում են ռիսկայնության 8 գործակիցներ՝ տրանսպորտային միջոցի մակնիշը, շահագործման տարեկան ինտենսիվությունը, օգտագործման ձեւը կամ նպատակը, շահագործման հիմնական վայրը, շարժիչի ծավալը, ապահովադրի անհատական՝ մասնավորապես տարիքային հատկանիշները, վարորդական ստաժը, նրա առողջական վիճակի հետ կապված գործոնները: Ըստ ռիսկայնության այդ գործակիցների՝ մեկի համար ապահովագրական գումարը կաճի, մյուսի համար կարող է նվազել՝ նկատեց պրն Մինասյանը. «Պիտի տարբերակում լինի՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ասենք, Երեւանի կենտրոնո՞ւմ ես մեքենան քշում, թե՞ ինչ-որ մի գյուղում: Կամ էլ՝ մեկը կարող է՝ օրը մի անգամ է մեքենան վարում, իսկ մյուսը գռդոն է անում, օրը 20 ժամ աշխատեցնում: Դա հանգեցնում է նրան, որ այս երկրորդ մեքենայի ռիսկայնությունը՝ վթար ստեղծելու առումով, ավելի մեծ է»: Հենց այս հանգամանքը նկատի առնելով էլ՝ օրենքի նախագծի նախնական տարբերակում սահմանել էին, թե պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում «ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող անձանց մահ, առողջությանը կամ նրանց պատկանող գույքին պատճառված» վնասների հատուցման համար: Սրանից հետեւում է, որ չէին ապահովագրվելու տաքսիները կամ երթուղային ավտոբուսները, մինչդեռ հենց դրանք են հաճախ դառնում բազմաթիվ մարդկանց վնասվելու պատճառ: «Սրա մեջ մեծ տրամաբանություն կար՝ ամենամեծ ռիսկայնությունն այդ միջոցներինն է,- ասաց պրն Մինասյանը:- Երկար քննարկումներից հետո հանգեցինք այդ տարբերակին՝ հաշվի առնելով, որ այդ դեպքում տաքսիների, ավտոբուսների, երթուղայինների ուղեւորավարձը կտրուկ կավելանա, իսկ դա սոցիալապես բավական խոցելի իրավիճակ կստեղծի թե՛ սպառողների, թե՛ բիզնեսի համար»: Բայց ի վերջո լսումներից հետո որոշել են այդ փոխադրամիջոցների համար եւս պարտադիր համարել ապահովագրման պահանջը. «Իհարկե, նրանց ռիսկայնության գործակիցներն ավելի բարձր կլինեն»:
Տեղին է նշել, որ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունը ներառում է նաեւ «բոնուս-մալուս» գործակցի հաշվարկումը. «Սա մի համակարգ է, որն ուսումնասիրում է ապահովադրի վարորդական պատմությունը: Եվ դրա հիման վրա կա՛մ ավելացվում են մուծումները, կա՛մ պակասեցվում»,- ներկայացրեց պրն Մինասյանը: Ավելի ստույգ՝ «դրական» վարորդական պատմություն ունեցողներին կարող են շնորհվել բոնուսային դասեր, որոնց համապատասխանող գործակիցները փոքր են: Իսկ առավել ռիսկային վարորդներին կարող են շնորհվել «մալուսային դասեր», որոնք մեծացնում են ապահովագրավճարը: Գագիկ Մինասյանը նշեց, թե բոնուսային դասեր ստանալու դեպքում անգամ ամսական 1000 դրամ ապահովագրավճարը կարող է նվազեցվել. «Այսինքն՝ մենք անում ենք այն, ինչ արել է ամբողջ աշխարհը»:
Այնուամենայնիվ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին խնդրեցինք անդրադառնալ այլ պատգամավորների հետ զրույցներից քաղած տեսակետներին, թե այս օրենքը ստեղծվում է մի քանի մարդու համար, եւ սա պարտադիր կրակմարիչների վերաբերյալ պահանջի պես մի բան է: Գագիկ Մինասյանը եւս լսել էր նման տեսակետներ, եւ դրանց հակադարձեց. «Մեր նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժողների շահերի պաշտպանությունն է: Եվ այդ տեսակետից՝ եթե որեւէ մեկն ըմբոստանում է այս նախաձեռնության դեմ՝ պիտի ասի, թե եկեք չպաշտպանենք նրանց շահերը»:
Ի դեպ, որպես այս օրինագծով իրենց ներմուծած նորույթ՝ Գագիկ Մինասյանը հիշատակեց, որ նախատեսել են, թե ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրոյի ընդհանուր ղեկավարումն իրականացնող խորհրդում ներկայացուցիչ պիտի ունենան նաեւ վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները. «Մենք խորհրդում ներառել ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, որոնք որոշումների կայացման մասնակից են լինելու՝ քվեարկելու են: Սա ֆանտաստի՜կ բան է Հայաստանի պատմության մեջ՝ մենք նման բան չենք ունեցել երբե՛ք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել