Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից

Մարտ 04,2010 00:00

Ռումինացի պաշտոնյաները խորհուրդ էին տալիս այսպես ազատվել խորհրդարանում գործարար-պատգամավոր
ունենալու պարտադրանքից:

Եթե Հայաստանի խորհրդարանի պատգամավորների գործարար-պատգամավորական շերտը այս օրերին գտնվեր Ռումինիայում եւ մասնակցեր «Թրանսպերենսի ինտերնեյշնլի» կազմակերպած հանդիպումներին, վստահ եմ՝ նրանց նյարդերը շատ արագ տեղի կտային, եւ պատգամավորները կլքեին հանդիպումների սրահը եւ անմիջապես ետ կվերադառնային Երեւան՝ փորձելով տեղում հասկանալ, թե իրենց գլխին ինչ է սարքվում: Իսկ մեր կարծիքով՝ «սարքվում» է բավականին հետաքրքիր մի բան՝ վերջապես փորձ է արվելու կատարել սահմանադրական նորմը՝ գործարարությամբ զբաղվող պատգամավորները այլեւս չեն կարողանալու Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ եւ պարտավոր են լինելու թողնել այս դաշտը պրոֆեսիոնալներին, եթե ընդունվի համապատասխան օրենք, եւ օրենսդրական դաշտը հարմարեցվի այս նպատակի իրագործմանը: Այս ամենն առայժմ նախագիծ է, եւ կոնկրետ արդյունքներ առայժմ չկան: Եթե այս հանդիպումների տրամաբանությունը ճիշտ հասկացանք՝ առայժմ կա միայն ցանկություն: Եվ եթե այդ ցանկությունը ինչ-ինչ պատճառներով չմարի, եւ հնարավոր լինի կատարել օրենսդրական որոշ փոփոխություններ, ապա մեր երկրում եւս, ինչպես եւ Ռումինիայում, ինչպես նաեւ աշխարհի գրեթե բոլոր նորմալ երկրներում, պատգամավորները կզբաղվեն իրենց գործով, իսկ գործարարները՝ իրենց բիզնեսով:
Ռումինիայի արդարադատության նախարարության աշխատակիցը երեկ բացատրում էր, թե ինչպես են այդ հարցերը լուծվել իրենց երկրում՝ ոչ ավել, ոչ պակաս, վերցրել եւ վաթսուն օրվա ընթացքում փոփոխել են իրենց երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությամբ զրկելով պատգամավորներին անձեռնմխելիությունից: Ինչպես երեկ պատմում էր մեր զրուցակից պաշտոնյան, այդ օրերին իշխանություններից նեղացել են գրեթե բոլոր գործարարները, իսկ նրանցից երեքն անմիջապես վայր են դրել իրենց՝ արդեն ունեցած մանդատները եւ «խռոված» գնացել են արդեն ոչ թե թաքնված, այլ իրական գործարար աշխատելու: Մյուսների հարցը մի քիչ դժվար է եղել, բայց լուծվել է, եւ այսօր Ռումինիայի երկու պալատ ունեցող պառլամենտի չորս հարյուր յոթանասունմեկ պատգամավորներից ոչ մեկը չի զբաղվում գործարարությամբ, ավելի ճիշտ, այսօր Ռումինիայում գործարարները չեն ձգտում դառնալ պատգամավոր եւ խորհրդարանում պարապ նստած՝ կոճակ սեղմել, կամ, ինչպես վարվում են մեր խորհրդարանի որոշ «էլիտարոտ» գործարար-պատգամավորները, դեպքից դեպք հաճախել խորհրդարան՝ հերթական թանկարժեք կոստյումը ցուցադրելու, քանի որ այս երկրում պատգամավորն այլեւս զրկված է անձեռնմխելիությունից:
Լսելով մեր երկրի խորհրդարանի մասին՝ ռումինացի պաշտոնյան մեզ միայն մեկ բան էր ասում՝ փոխեք Սահմանադրությունը, զրկեք պատգամավորներին անձեռնմխելիությունից, քանի որ միայն այդպես կազատվեք գործարար-պատգամավորներից: Մերոնք այս հորդորը լսում էին մի քիչ լրջացած, քանի որ հանդիպումներին մասնակցողների մտադրությունն այլ էր՝ գործը չհասցնել Սահմանադրությանը, այլ հարցերը լուծել համապատասխան օրենքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել