Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԱՀԱՅԵՐԸ ԵՐԿՓԵՂԿՎԱԾ ԵՆ

Մարտ 04,2010 00:00

Նրանց մի մասը որոշել է քաղաքապետի ընտրություններում պաշտպանել գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավային եւ նույնիսկ հայալեզու երգ է հորինել՝ «Ուգուլավան լավ ա», մյուս մասը հակված է պաշտպանելու ընդդիմադիր թեկնածուի:

Մայիսի 30-ին Թբիլիսիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Թբիլիսցիներն ընտրելու են ավագանի, եւ առաջին անգամ տեղի է ունենալու քաղաքապետի ուղիղ ընտրություն (մինչ այս Թբիլիսիի քաղաքապետն ընտրվել է քաղաքի պատգամավորների՝ ավագանու կողմից): Քաղաքապետի պաշտոնի համար պաշտոնապես թեկնածուներ դեռ առաջադրված չեն, բայց Թբիլիսիի հայ համայնքը թեկնածուի ընտրության հարցում միասնական դիրքորոշում չունի եւ երկփեղկված է: Եթե հավատանք Վրաստանում ազգային փոքրամասնություններին միավորող «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանին, ապա հայերն այս անգամ ընտրություններում որոշել են պաշտպանել այն թեկնածուին, ով առավելագույնս բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել քաղաքի համար եւ լուծել մասնավորապես նաեւ հայերին հուզող խնդիրները: Այդպիսի թեկնածուի փնտրտուքի ճանապարհին հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ, իսկ հիմա ընդդիմադիր դաշտում հայտնված Իրակլի Ալասանիայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այդուհանդերձ, ինչպես Ա. Ստեփանյանն է ասել «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ հանդիպել քաղաքապետի մեկ այլ թեկնածուի՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության հավանական թեկնածու Ճանտուրիայի հետ: Ա. Ստեփանյանի ասելով, իրենք հանդիպման խնդրանքով դիմել են նաեւ գործող քաղաքապետին՝ իշխանական թեւի ներկայացուցիչ, 36-ամյա Գիգի Ուգուլավային: Այդուհանդերձ, Ա. Ստեփանյանն էլ չի բացառել, որ այս ընտրություններում հայկական համայնքի ներսում կարծիքների երկփեղկում կարող է լինել: Որ այդպիսի երկփեղկում արդեն կա՝ փաստ է:
«Առավոտի» հետ զրույցում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, այդ երկրի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցով խորհրդական Վան Բայբուրդյանն ասաց, թե՝ «հայերը միշտ էլ մասնակցել են Թբիլիսիի ՏԻՄ ընտրություններին եւ միշտ էլ շատ ակտիվ են եղել: Իհարկե, միշտ էլ եղել է հայերի մի փոքրաթիվ խումբ, որը չի կիսել համայնքի մեծամասնության կարծիքը: Բայց, սովորաբար, հայերը պաշտպանում են այն թեկնածուին, որին գիտեն, որ կանցնի, ով կարող է առավելագույնս օգնել իրենց հայկական թաղամասերի բարեկարգման, մեր խնդիրների բարձրացման եւ լուծման, աշխատանք գտնելու հարցերում: Այս իմաստով հայերի մեծամասնությունը երբեք չի սխալվել եւ միշտ խաղադրույք է կատարել հաղթող թեկնածուի վրա»:
Կոնկրետ դեպքում, Վ. Բայբուրդյանի ձեւակերպմամբ՝ հայերի մեծամասնությունը ո՞ր հնարավոր թեկնածուի վրա է խաղադրույք կատարել: «Թբիլիսիի գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավայի: Նա նախագահ Սահակաշվիլիի թիմակիցն է, «Ազգային շարժում» կուսակցության անդամ է, այդ պաշտոնում աշխատելու 4 տարիների ընթացքում իրեն շատ լավ է դրսեւորել եւ հայկական թաղամասերում՝ Հավլաբար, Էլիա, բավականին մեծ աշխատանքներ է տարել՝ այդ թվում նաեւ փողոցների բարեկարգման առումով: Նա էր, որ սիրով ընդառաջեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի նախաձեռնությանը եւ ընդամենը երկու ամսվա ընթացքում մայրաքաղաքում տեղադրեց Սայաթ-Նովայի հուշարձանը: Նրա նախաձեռնությամբ հիմա Թբիլիսիում հուշատախտակներ են փակցվում այն տների եւ շենքերի պատերին, որտեղ ապրել եւ աշխատել են հայազգի հայտնի մտավորականները՝ Արամ Խաչատուրյանը, Օրբելի եղբայրները: Նրա օրոք ազգային, մասնավորապես նաեւ՝ հայկական դպրոցները ամբողջովին վերանորոգվեցին, համակարգիչներ տեղադրվեցին, գործում են հայկական առաջին դասարաններ, որտեղ ընդամենը 5-6 աշակերտ կա: Հիմա Տիգրան Պետրոսյանի հուշատախտակն է փակցվելու Ռուսթավելի պողոտայի 14 տան պատին: Բացի այդ, նրա քաղաքապետության օրոք Թբիլիսին շատ ավելի գեղեցիկ ու բարեկեցիկ է դարձել»,- Ուգուլավայի «բարեմասնությունները» ներկայացնելով՝ ասաց Վ. Բայբուրդյանը, ով առաջիկա ընտրություններում պաշտպանելու է հենց նրա թեկնածությունը: Նա խոստովանեց, որ, այդուհանդերձ, հայկական համայնքի ներսում կա մի թեւ, օրինակ՝ Առնոլդ Ստեփանյանն ու նրա համակիրները, որոնք հակված են այլ թեկնածուի պաշտպանել: «Այո, կան մարդիկ: Ա. Ստեփանյանը «աջերի» կուսակցության վարչության անդամ է եւ պաշտպանում է այդ կուսակցության թեկնածուին, բայց շատ հայեր այլ կուսակցությունների են անդամակցում, եւ հնարավոր է, որ պաշտպանեն իրենց կուսակցություններից առաջադրվող թեկնածուներին: Ու թեեւ այդպիսիների թիվը շատ քիչ է, բայց նրանց ձայնը շատ բարձր է լսվում՝ շնորհիվ այդ կուսակցություններին կամ թեկնածուներին պատկանող ԶԼՄ-ների, որոնք հայտարարում են, թե Թբիլիսիի բոլոր հայերը պաշտպանում են այս կամ այն թեկնածուին: Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ իրենց հեղինակությամբ ազդեցիկ թիֆլիսահայերը հակված են պաշտպանելու գործող քաղաքապետին»,- հայտարարեց Բայբուրդյանը: Նրա ասելով, այդ փոքրաթիվ հայերի դիրքորոշումը ռացիոնալ չէ, եւ ավելի ճիշտ է համարում, որ նրանք եւս պաշտպանեն այն թեկնածուին, ով ռեալ անցողիկ է, ով «լավագույն խոստումներ տալով՝ կարողանալու է դրանք իրագործել», տվյալ դեպքում՝ իր կարծիքով, Ուգուլավային: Նա նաեւ ասաց, թե հիմա վրաց ընդդիմությունն աշխատում է միասնական թեկնածու առաջադրելու ուղղությամբ, բայց դա դժվար թե հաջողվի. «Այսօրվա իրականության մեջ դա անհնարին է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ընդդիմությունը միասնական չէ մեկ թեկնածու ունենալու համար»:
Ի դեպ, Թբիլիսիում նախընտրական այս շրջանում մեծ աղմուկ է բարձրացել Առնոլդ Ստեփանյանի շուրջ: Վրացական թերթերը իսկական արշավ են սկսել նրա դեմ՝ հայտարարելով, թե նա ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գործակալ է: Ա. Ստեփանյանն ասում է, որ դա իրեն չի զարմացնում, որովհետեւ դեռ մոտ մեկ տարի առաջ իրեն զգուշացրել էին դադարեցնել ազգային փոքրամասնությունների հետ ակտիվ աշխատանքը եւ խոհեմ լինել, թե չէ՝ խնդիրներ կունենա, կհայտարարվի, որ ինքը լրտես է: «Վրաստանի քաղաքական վերնախավը սովոր չէ, որ մարդիկ ակտիվորեն զբաղվում են ազգային փոքրամասնությունների խնդիրներով, նրանց դերակատարության բարձրացմամբ: Իշխանություններին դուր չի եկել այն փաստը, որ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Ալասանիայի հետ»,- «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր Ստեփանյանը: Վան Բայբուրդյանը դժվարացավ ասել, թե՝ ի՞նչ հիմքեր կան նրան այդպիսի մեղադրանք առաջադրելու համար. «Բայց փաստ է, որ Ա. Ստեփանյանը, ոչ մի հիմք չունենալով, խոսում է ողջ թիֆլիսահայության անունից: Նրա կողքին կա մի փոքր զանգված, որը, սակայն, չի կարող ազդել ընտրությունների վրա՝ ո՛չ Հավլաբարում, ո՛չ Էլիայում կամ Սամգորի Իսանի շրջանում»:
Ի դեպ, Վրաստանի հատուկ ծառայությունները հավաստիացնում են, թե իրենք ոչ մի կապ չունեն Ստեփանյանի դեմ սկսված արշավի հետ, նրան չեն հետապնդում, եւ խորհուրդ են տալիս այդ հարցերով դիմել այն ԶԼՄ-ներին ու լրագրողներին, ովքեր նման հայտարարություններ են անում:
Բայց պարզվում է, որ վիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել: Բանն այն է, որ օրերս «hayinfo.ru» կայքում, այսպես կոչված՝ «Ռուսաստանի ջավախահայերի սփյուռքը» հայտարարել է, թե Ստեփանյանը Վրաստանի հատուկ ծառայությունների գործակալ է, իսկ ՌԴ ՀԴԾ-ի գործակալ լինելու մասին տարածվող տեղեկությունները միայն նրան որպես «հայրենասեր հայ» եւ հետապնդվող ներկայացնելու նպատակ ունեն: Բայբուրդյանն այս հայտարարության առնչությամբ ասաց, թե նման կազմակերպություն Ռուսաստանում պարզապես գոյություն չունի: «Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից, չգիտես ինչու, նման պրոբլեմ, ցավոք, ունի միայն Ա. Ստեփանյանը, թեեւ կան շատ այլ ակտիվիստներ, որոնք ազգային խնդիրներ են հետապնդում»,- արձանագրեց Բայբուրդյանը, հավելելով, թե բոլոր դեպքերում լավ է, որ հայ համայնքն ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին, բայց պետք է ձեռնպահ մնալ հայ-վրացական հարաբերությունների մեջ սեպ խրելու քայլերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել