Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտ 04,2010 00:00

Մարտի  լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում գողացել էին Սարիման Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը՝ 3 կովը եւ երինջը: Մանթաշյան ընտանիքի անդամները  գիշերը կասկածելի աղմուկ չէին լսել, բացի այն, որ կեսգիշերին անհանգիստ հաչել էր շունը, ու սովորաբար ագրեսիվ շունը առավոտյան թմրած է եղել: Սարիմանը անասնագողության վտանգից տեղյակ լինելով՝ գոմի մուտքին երկու երկաթյա դուռ էր սարքել, սակայն անասնագողերը մուտք էին գործել տան մուտքի կողմից, իսկ անասունները հանել՝ հակառակ կողմից, գոմից: Սարիմանի որդին՝ երեք երեխաների հայր 41-ամյա Մեսրոպ Մանթաշյանը, դեպքից հետո շատ հուզված էր, խոսելիս արտասվում էր. «Մի ամսվա մեջ մեր ընտանիքում երեք վիրահատություն է կատարվել, երկու անգամ՝ ստամոքսի խոցից եւ ճողվածքից վիրահատվել է հայրս, կինս էլ գինեկոլոգիական վիրահատություն է տարել:  Բանկից տոկոսով փող ենք վերցրել, պարտքի տակ ենք, ո՞նց ենք ապրելու»:
Առավոտյան ժամը 10-ին լինելով դեպքի  վայրում՝ տեսա մարզի իրավապահ համակարգի ղեկավարների եւ զինվորականների: Մանթաշյանների տան բակում նաեւ արյուն կար թափված: Հենց տեղում իմացա, որ  4 անասնագողերից մեկին՝ մոտ 30 տարեկան ադրբեջանցու, հերթապահություն կատարող մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների ծառայողները սպանել են հենց գյուղում: Այժմ անասնագողի դիակը Իջեւանի հիվանդանոցի դիարանում է: Մարտի 3-ի ժամը 13-ի դրությամբ կորած անասունները գտնվել էին գյուղի վերեւի թաղամասում: Այդ ժամանակ Կոթիի գյուղապետարանի առաջ մեծ թվով զինվորականներ, իրավապահներ էին խմբված: Հենց նրանք էլ հավաստիացրին, որ անասնագողերի դեմ միջոցառում է ձեռնարկվում, եւ հավանական են նոր բացահայտումներ: Մեր տվյալներով՝ գյուղի որոշ տներում խուզարկություններ են կատարվել:
Վերջին շրջանում Նոյեմբերյանի սահմանագոտում  անասնագողերը ակտիվություն էին ցուցաբերել. փետրվարի լույս 27-ի գիշերը Ոսկեպարում փորձել էին գողանալ Վազգեն Ստեփանյանի անասունները, սակայն տանտիրոջ շան հաչոցը փախուստի էր մատնել գողերին: Վերջիններս անասունները տանելու համար արդեն հատել էին Ստեփանյանի այգու ցանկապատի մետաղյա լարերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել