Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպեցին Մարթենսի հետ

Մարտ 04,2010 00:00

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի եւ հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։ Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում ԵԺԿ նախագահը ընդգծել է ԲՀԿ առաջնորդի դերը եվրոպական արժեքների տարածման ու հաստատման գործում եւ վստահություն հայտնել, որ իրենց համագործակցությունը լուրջ հեռանկարներ է ունենալու։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարեւորել է Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը՝ նշելով այդ ճանապարհին կատարված աշխատանքն ու այն խնդիրները, որոնք Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում են։
ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության եւ Երեւան քաղաքի ԲՀԿ ավագանու անդամների հետ։ ԵԺԿ նախագահը կարեւորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստատակամությունը, հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում՝ «Բարգավաճ Հայաստանին» դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաեւ կուսակցությունների ղեկավարների միջեւ հաստատված անձնական շփումներով եւ գործընկերային հարաբերություններով։ «Ես հավատում եմ եվրոպական մեր հաջողությանը»,- ԵԺԿ նախագահի հետ հանդիպումն ամփոփելով՝ ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։    

***
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ կուսակցության գրասենյակում ընդունեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական հարաբերությունների զարգացման եւ հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Կարեւորելով եվրոպական միասնական քաղաքականությանը ինտեգրվելու ՕԵԿ-ի հաստատակամությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային երկրների եւ Եվրամիության անդամ պետությունների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական այս երկու կուսակցություններին միավորում է թե գաղափարական եւ թե ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված արժեքային ընդհանրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել