Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԹԱԹԱԽՎԱԾ ԵՆՔ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՄԵՋ»

Մարտ 04,2010 00:00

\"\"Ռումինիայի մայրաքաղաքում այս օրերին «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հանդիպումներ այս երկրի համանման կառույցի, ինչպես նաեւ շահերի բախման, էթիկայի կանոնների եւ հակակոռուպցիոն խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների եւ պետական պաշտոնյաների հետ:

Հայաստանից հանդիպումներին մասնակցում են կառավարության իրավաբանական վարչության ղեկավարը, ՀՀ նախագահի օգնականը եւ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Նման հանդիպումներ անցկացնելու անհրաժեշտությունը «Թրանսփերենսի ինտերնեյշնլ–Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Բացի նրանից, որ մենք շարունակաբար քննադատում ենք իշխանություններին, նաեւ ուզում ենք մեր հնարավորությունների շրջանակներում նրանց տալ հնարավորություն՝ փորձելու իսկապես որոշակի առաջընթաց իրականացնել այս ոլորտում»: Շահերի բախման եւ բարձրաստիճան պաշտոնյաների  էթիկայի կանոնների մշակման հարցերի քննարկումների համար Ռումինիան պատահաբար չի ընտրված. «Մենք նախապես ուսումնասիրել ենք Արեւելյան Եվրոպայի փորձը, եւ, մեր փորձագետների կարծիքով, Ռումինիայի փորձը քիչ թե շատ կիրառելի է Հայաստանի համար: Կարծում եմ, այս երկիրը շահերի բախման հարցերով զբաղվող, անհամատեղելիության հարցերով զբաղվող գործակալության ստեղծումից հետո բավականին փորձ է ձեռք բերել՝ եւ բացասական, եւ դրական: Այսինքն՝ մենք ոչ միայն պետք է փորձենք սովորել դրականը, այլեւ հասկանանք, թե ինչը չի ստացվել՝ այդ ճանապարհով չգնալու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզանում խայտառակ իրավիճակ է տիրում, եւ մենք բոլորս թաթախված ենք շահերի բախման մեջ, եթե կարելի է այսպես ասել, բայց դա մեզանում դեռ չի գնահատվում որպես իրավախախտում կամ էթիկայի կանոնների խախտում, ընդհակառակը՝ դիտվում է որպես շատ սովորական երեւույթ»: Ամալյա Կոստանյանը նկատեց, որ ճիշտ կլինի ստեղծել միացյալ էթիկայի կանոնագիրք բոլոր պետական ծառայողների համար՝ երկրի նախագահից սկսած մինչեւ ամենացածր պաշտոնյան. «Սա ոչ միայն ցանկություն է, այլեւ, չմոռանանք, որ մենք եւս ունենք պարտավորություններ, օրինակ՝ ԳՐԵԿՕ-ի պարտավորությունների շրջանակներում կա պարտավորություն՝ ստեղծել միացյալ օրենսգիրք՝ էթիկայի կանոններ բոլոր պետական ծառայողների համար: Ասում են, որ պետք է նաեւ հատուկ մարմին ստեղծել այս հարցերը կարգավորելու համար: Ես չեմ կարող այդ հայտարարությունը մեկնաբանել, որովհետեւ ոչ նախագիծն եմ տեսել, ոչ էլ ծանոթ եմ մոտեցումներին, բայց մենք ուշադիր կհետեւենք եւ մեր քննադատությունն ու մեկնաբանությունները կներկայացնենք հանրությանը»: Մեր զրուցակիցը չի հավատում, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո տվյալ օրենքը կկիրառվի, քանի որ մեզանում օրենքները սովորաբար չեն կիրառվում, բայցեւ վստահ է, որ հարցը պետք է բարձրացնել ազգային քննարկումների մակարդակի վրա. «Ես կհավատամ միայն այն դեպքում, եթե պետական պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակում ապացուցեն, որ իրենք իրոք պայքարում են կոռուպցիայի եւ շահերի բախման դեմ եւ կոնկրետ օրինակներով ապացուցեն դա, այսինքն՝ իսկապես պատժվեն մարդիկ, անկախ իրենց զբաղեցրած դիրքից եւ ունեցած հարստությունից»:
ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը «Առավոտի» հետ զրույցում նույնպես կարեւորեց այցը եւ հանդիպումները. «Հաշվի առնելով, որ մենք արդեն նախագծել ենք «Հանրային ծառայությունների մասին» օրենքը, որում լուրջ տեղ է հատկացված հանրային ծառայողի էթիկայի կանոններին, եւ քանի դեռ օրենքի նախագիծը չի քննարկվել եւ ընդունվել, մեզ համար կարեւոր էր հասկանալ, թե ինչպես է աշխարհը լուծել էթիկայի կանոնների, շահերի բախման եւ այլ հարցեր՝ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների մասով: Նկատի ունեմ, թե ընտրովի կամ նշանակովի պաշտոններ զբաղեցնողների համար տարբեր երկրներում էթիկայի ինչպիսի կանոններ են գործում, եւ որքանով են դրանք արդյունավետ: Այդ առումով այս հանդիպումները շատ կարեւոր են: Իհարկե, կառավարման համակարգի առումով Ռումինիան մեր երկրից էականորեն տարբերվում է, այնուամենայնիվ, այն լուծումները, որ նրանք տվել են քաղաքական պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների խախտման կամ էթիկայի տարբեր հարցերի լուծման դեպքերի համար, կարող են կարեւոր լինել նաեւ համապատասխան օրինագիծը մշակելիս: Եվ անմիջապես այս այցի արդյունքում, կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրի համար կձեւավորվեն որոշակի մոտեցումներ եւ մոդելներ, որոնք մենք հնարավոր է՝ ներառենք մեր նախագծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել