Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերը կնվազե՞ն

Մարտ 03,2010 00:00

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացավ պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման նոր համակարգի շնորհանդեսը: Համակարգը ներկայացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Էլեկտրոնային կառավարման նոր համակարգը, որն արդեն իսկ գործում է Հայաստանի Հանրապետության 25 պետական գերատեսչությունների միջեւ, ըստ վարչապետի՝ «առաջին հերթին բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, մեր կառավարման գործունեության արտադրողականությունը։ Կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ եւ վերահսկելի՝ քաղաքացիների կողմից, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր քաղաքացիների համար՝ մասնակցելու կառավարման գործընթացին։ Մի կողմից՝ նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից՝ նրանք հետեւում են իրենց նամակների, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին եւ կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում»։

Վարչապետը նշել է, որ կառավարման ժամանակակից մեթոդները հաջողություն կունենան, եթե մեր քաղաքացիները սովորեն եւ օգտվեն տեխնիկայի ընձեռած հնարավորություններից։ Իսկ Դավիթ Սարգսյանը հավելել է. «Անցումն էլեկտրոնային կառավարման համակարգին՝ ենթադրում է, որ պետական ծառայությունները կմատուցվեն ինտերնետի միջոցով։ Դա նվազագույնի կհասցնի պետական ծառայողի եւ քաղաքացու շփումը եւ էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»։ Նա նաեւ ասել է, որ ողջ համակարգի ներդրումը, չորս տարվա ընթացքում պետական գերատեսչությունների 4000 աշխատակիցների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես եւ համընդհանուր ցանցային համակարգի ստեղծման աշխատանքները միասին արժեցել են շուրջ 700 000 դոլարին համարժեք դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել