Երեկ հրավիրած ասուլիսում ՀՀ քաղծառայության պետ Մանվել Բադալյանն անդրադարձել է պետական հիմնարկներում միջին եւ ցածր օղակի աշխատողների կուսակցականացմանը. «Անընդհատ կուսակցականացման միտում ենք տեսնում պետական աշխատակազմերում, հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են, յուրաքանչյուր աշխատակազմում կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ տեսնում աշխատակազմի ղեկավարների կողմից եւ ուզում եմ ասել, որ դա իրենց պատիվ չի բերում։ Իրենց պատիվ կբերի, եթե աշխատակազմերը համալրվեն որակյալ, բանիմաց, փորձառու մասնագետներով ու մարդկանցով: Տեսնում ես՝ երեկ հանրապետական էր, այսօր «Օրինաց երկրի» կրծքանշանով է, որովհետեւ երեկ չէ առաջին օրը նախարար է դարձել օրինացերկրացին։ Հիմա վաղը դաշնակցականը, հանրապետականը կգա՝ կդառնա։ Մեղք է այս ժողովուրդը, մե՜ղք է։ Այդ արժեքային համակարգի տեր մարդուց լուրջ պետական ծառայող դուրս չի գալու, ինչքան ուզում ես՝ հղկի, շտկի, ինչքան ուզում ես՝ պահանջի. սկզբունք չկա: Կան շատ-շատերը, ովքեր մի քանի կուսակցական տոմսեր են կրում իրենց տարբեր գրպաններում։ Նման մարդկանց հետ հեշտ չէ մեծ արդյունքների հասնել։ Եկեք կոչ անենք նման մարդկանց, որ մի քիչ ավելի սկզբունքային լինեն։ Նման մարդն իր աշխատանքում չի կարող սկզբունքային լինել: Առաջ հարում էր չգիտեմ թե ում, հիմա հարում է Նժդեհին։ Այդ մարդու անունն էլ է էժանանում։ Այդ մեծ մարդն ափսոս է, որ այսքանն այսպես տեղի-անտեղի տալիս են»։ Նա անդրադարձել է եւս մի ցավոտ հարցի. «Մարդիկ ամեն օր նախարարների հետ չեն շփվում, բայց շփվում են միջին օղակի աշխատակիցների հետ եւ արժանանում քամահրանքի, արհամարհանքի: Այդ լոպազների հարցը պետք է լուծենք»: