Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը՝ կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսել է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրների մասին ու ներկայացրել երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող համաժողովրդական պայքարը՝ իր հերթին կարեւորելով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը շեշտել է քաղբանտարկյալների ազատ արձակման գործում միջազգային հանրության աջակցության կարեւորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնահարցին եւ հայ-թուրքական խնդիրներին, որոնց առնչությամբ ՀԱԿ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը: Զուրաբյանը նաեւ փոխանցել է ՀՀ առաջին նախագահի նամակները՝ ուղղված ԵՄ նախագահին եւ ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանն ու Վլադիմիր Կարապետյանը: Ավելի ուշ ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ կայացել է Իսպանիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: