Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ՀԱՆՆԻԲԱԼԻԶՄ

Մարտ 02,2010 00:00

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Հաննիբալիզմը դիտվում է թե՛ ցածրակարգ եւ թե՛ բարձրակարգ կենդանիների մոտ, օրինակ՝ սարդերի, շնաձկների, գայլերի, ինչպես նաեւ մարդկանց: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը հանդիսանում են բնազդային գործոնները: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ՝ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների:
Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի: Արական ագրեսիվությունն ունի ներսեռային ուղղվածություն՝ պայմանավորված բազմացման հետ առնչվող մրցակցության հետ, օրինակ՝ առյուծների խմբում ավելի կենսունակները ոչնչացնում կամ խմբից հեռացնում են թույլ մրցակիցներին՝ էգերի մոտ բազմացման բնազդն ակտիվացնելու համար: Պայմանավորված տեսակի գենդերային զարգացմամբ՝ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում իգական ագրեսիայի եւ հաննիբալիզմի ուսումնասիրումը: Այն դիտվում է ցածրակարգ եւ բարձրակարգ կենդանիների մոտ, այդ թվում՝ մարդկանց:
Տրիպոլիում բզեզների պոպուլյացիայի վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ, սննդաքանակի փոքր պաշարով պայմանավորված, էգերը սկսում են խժռել ոչ միայն իրենց ձվերը, այլեւ սպանում են թրթուրների որոշակի քանակություն: Էգը թողնում է այնքան ձու կամ թրթուր, որոնց համար կբավականացնի սննդի առկա պաշարը: Դրանով էգ օրգանիզմը սերնդի մի մասի համար իրական հնարավորություն է ստեղծում վերածվելու առողջ եւ հասուն բզեզների:
Վ. Լունկեւիչը նկարագրում է հացաբզեզների՝ արուների մեռնելը էգերին բեղմնավորելուց հետո: Այս երեւույթը հատուկ է նաեւ շատ ձկնատեսակների, որոնք ձկնկիթ դնելուց հետո մեռնում են եւ ողջ կենսատարածքը թողնում աճող սերնդին: Որոշ տեսակի միջատների  էգերը բեղմնավորումից հետո խժռում են արուներին: Նման ձեւով էգը լուծում է.
ա. բազմացման նոր փուլ մտած իր օրգանիզմի համար սննդի հարցը,
բ. տվյալ կենսատարածքում նույն որձի կողմից իրեն մրցակից այլ էգի չբեղմնավորելու հարցը,
գ. ծնվելիք ձագերին ներտեսակային մրցակցությունից առավելագույն պաշտպանության հարցը:
Էգ թռչունները, հանդես բերելով ընտրողականություն, սպանում են հիվանդ ճտերին: Նույն կերպ են վարվում էգ խոզերը՝ թույլ, հիվանդ ձագերի հետ: Էգ գայլը սովի դեպքում ուտում է առավել թույլ ձագերին, որպեսզի ուժեղներին կաթ տա, իսկ վտանգի դեպքում, առաջին հերթին, փրկում է առավել ուժեղ ձագին: Հնդկական կոբրան, որ սնվում է օձերով, շուրջ 60 օր հերթապահում է իր ձվերի մոտ, սակայն ձագերի ծնվելիս անմիջապես հեռանում է, որպեսզի չուտի նրանց:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել