Այսօր Կամերային երաժշտության տանը հայ հանդիսատեսին կներկայանան իտալացի կիթառահար Լուկա Լուչինին եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին: Երեկվա ասուլիսին Մարիո Ստեֆանոն պատմեց, որ կիթառահարի հետ համագործակցության գաղափարը առաջացել էր դեռեւս երեք տարի առաջ. «Երկու միմյանցից շատ տարբեր գործիքները ստեղծում են միասնական առանձնահատուկ հնչեղություն»: Մարիոն թեեւ հինգերորդ անգամ է Հայաստան այցելում, բայց ամեն անգամ զգում է հայ հանդիսատեսի ջերմությունը. «Ինձ համար մշտապես հաճելի է Հայաստան վերադառնալ, ձեր երկիրը մագնիսական ուժ ունի, այսօր ես Փարաջանովի տուն-թանգարան էի այցելել եւ հասցրի հիանալ նրա արվեստով ու տաղանդով: Հաճելի է նաեւ ներկայանալ հայ մեծաքանակ հանդիսատեսի առաջ, որի ջերմությունն ինձ ուժ ու եռանդ է տալիս ու մեծապես ոգեւորում»: Կիթառահար Լուկան էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում ու դեռ չի հասցրել տեսարժան վայրեր այցելել. «Վաղը կսկսվի իմ էքսկուրսիան ու կայցելենք Էջմիածին, Գեղարդ, Նորավանք»: Լ. Լուչինիի խոսքով, ինքը շատ տպավորված է հայկական դուդուկի ելեւէջներից, երբ այն հնչում է հատկապես արտասահմանյան ֆիլմերում: Ի դեպ, համերգից առաջ տեղի կունենա «Տանգո» CD-ի շնորհանդեսը, որը երաժիշտների համատեղ երեք տարվա աշխատանքի արդյունքն է եւ թողարկվել էր նախորդ տարվա նոյեմբերին: Մարտի 4-ին էլ երաժիշտները կհյուրընկալվեն «Մեցցո կլասիկ հաուզ» ակումբում: