Լրահոս
Օրվա լրահոսը

Կանկան եւ կիսամերկ Մոլչալին

Մարտ 02,2010 00:00

Ալ. Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»՝ կրկին Ռուսական թատրոնի բեմում

«Արդեն 3-րդ անգամ եմ անդրադառնում Ալ. Գրիբոյեդովի միշտ հրատապ «Խելքից պատուհաս» պիեսին»,- փաստում է ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն ու հավելում, որ այս անգամ թատրոնի խաղացանկում պիեսի վերակենդանացումը պայմանավորված էր նաեւ Ալ. Գրիբոյեդովի ծննդյան 215-ամյակով:
Ներկայացման առաջնախաղից ժամեր առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր դերասանների հետ ծաղիկներ դրեցին Գրիբոյեդովի արձանին՝ հարգելով դիվանագետի ու դրամատուրգի հիշատակը: Այս արարողությանը ներկա էր Վիկտոր Կրիվոպուսկովը՝ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահը: 
«Պետք է ասեմ, որ ինձ հաճախ են քննադատում դպրոցի ուսուցչուհիները: Քանի որ պիեսի հերոսներին ես տվել եմ այլ մեկնաբանություն: Ինչն էլ շատերին զարմացնում է»,- ասում է Ա. Գրիգորյանը:  Նա համոզված է, որ սիրահարված երկու անձնավորություն ողջ գիշեր չէին կարող ուղղակի դաշնամուր ու ֆլեյտա նվագել, դա ֆիզիկապես էլ անհնար է… Պարզ է, ասում է Գրիգորյանը, թե ինչով կարող էին գիշերը զբաղվել Մոլչալինն ու Սոֆյան:
Սոֆյայի դերում Տաթեւիկ Մելքոնյանն է, ով մեկ անգամ արդեն խաղացել էր այդ դերը եւ տարիներ առաջ հեռացել ռուսական թատրոնից: Իր գնալը եւ պայմանագրով ընդամենը մեկ ներկայացման մեջ խաղալը դերասանուհին որոշեց չմեկնաբանել: Ժամանակին Տ.Մելքոնյանի Սոֆյան միանշանակ չի ընդունվել թատերագետների կողմից՝ ԶԼՄ-ներից  մեկում մի թատերագետ անգամ գրել է, թե նրա հերոսուհին մարմնավաճառի է հիշեցնում: Ա. Գրիգորյանը, սակայն, չի կիսում այդ կարծիքը, չնայած Տիկնիկային թատրոնում որոշակի հաջողություններ ունեցած Տաթեւիկը Սոֆյայի դերում առանձնապես չի փայլում:
Ա. Գրիգորյանի «Խելքից պատուհասում» առկա են կրկեսային արվեստին բնորոշ տարրեր, ինչը, բեմադրիչի խոսքով, որոշակի նպատակ է հետապնդում՝ դինամիկայի ու ռիթմի առումով: Այս անգամ եւս Չացկու դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը, այժմ էլ՝ չնայած ջինսերով, բայց ավելի հասուն խաղով: Ա. Գրիգորյանը նշեց նաեւ, որ Ենգիբարյանը պատասխանատվությամբ է մոտեցել իր գործին, անգամ քաշն է պակասեցրել:
Ներկայացումից օրեր առաջ առողջական պատճառներով հրաժարվել է խաղալ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանը (կոմսուհի Խլյոստովա): Նրա անզուգական խաղը միշտ էլ գոհացրել է խստապահանջ թատերագետներին ու հանդիսատեսին: Կոմսուհու դերը վստահվել էր վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանին:
Համոզիչ էր վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանի Սկալոզուբը: Նրա բեմում հայտնվելը էմոցիաների տարափ էր բերում դահլիճ:
Ռեժիսորական առումով եւս ներկայացումը հաջողված էր, գրեթե ոսկերչական աշխատանք էր տարված: Նույնիսկ էրոտիկան անտեղի չէր՝ «համուհոտով» էին եւ կանկան պարող աղջիկները, եւ նույնիսկ կիսամերկ Մոլչալինը… Ինչ վերաբերում է Մոլչալինին կերտած Յուրի Իգիթխանյանին, բեմադրիչի խոսքով, նա դեռ տեղ ունի աշխատելու եւ կատարյալ դարձնելու իր կերպարը:
Տպավորիչ էր վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանի Ֆամուսովը:   
Երկրորդ պլանում պարզապես փայլեցին վաստակավոր արտիստ Արման Ղազարյանը (Պլատոն Միխայլովիչ), Աննա Բալանդինան՝ իր խարակտերային Լիզինկայով, էլեգանտ Վերոնիկա Սարոյանը՝ Նատալիա Դմիտրիեւնայի դերում: Ստացված էին վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի Զագորեցկին եւ Արթուր Պետրոսյանի Ռեպիտիլովը: Վերջինս, ըստ ռեժիսորի մտահղացման, ոչ ավանդական կողմնորոշում ուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել