Եվ բավարարել հանդիսատեսի սպասելիքները
Սկիզբը՝ նախորդ համարում
Ներկայացում
Արվեստը սնվում է կյանքից, ծարավը հագեցնում կյանքի աղբյուրից: Նորը ծագում է միայն այն դեպքում, երբ բուն էությունը, իմաստը կցորդվում, համընկնում է արտահայտչամիջոցների, ռեժիսորական ու դերասանական հնարքների ձեւավորման ու ներկայացման մյուս գումարելիների հետ, երբ այս ամենը ինքնանպատակ չէ, արված չէ լոկ մոդայիկ ու ինքնատիպ երեւալու համար: Մետաֆորիստական, փոխաբերականության սկզբունքներն ու հոգեբանական ռեալիզմը կարող են ու պետք է միավորվեն: Սա հակադիր սկզբունքները համատեղելու սին փորձեր չեն: Սա այն ճանապարհն է, որի օգնությամբ ստեղծվում են լավագույն ներկայացումները: Մեկի կամ մյուսի բացակայությունը բերում է կամ սառն ու զուտ լոկ մտքին հակված բեմադրությունների, կամ էլ, գուցե թե երբեմն գունեղ, բայց անմիտ ու բեմական վառ կերպարներից զուրկ ներկայացումների:
Բեմադրիչը պետք է հաշվի նստի ստեղծագործության բնույթի հետ, կարողանա բացահայտել նրա ասելիքը, ներկայացնի մտահղացումը եւ ոչ թե ներկայացումը լցնի այնպիսի գույներով ու նշանակությամբ, որոնք հակասում են պիեսի թե գեղարվեստական ու թե կառուցվածքային սկզբունքներին:
Մասնագիտական անկարողությունն ու անվստահությունն է, որ ծնում է կեղծ դինամիզմ, շինծու թատերային էֆեկտներ, ռեժիսորական արտառոց հնարքներ, սարքովի էնտուզիազմ ու այնպիսի ներկայացումներ, որոնցից հետո թատրոնը կարող է եւ «մահանալ»:
Ներկայացումը պետք է ենթարկվի միասնական ամբողջական մտահղացման, որպեսզի կարողանա անցնելով այսօրվա հանդիսատեսի ընկալման պրիզմայի միջով, գեղարվեստորեն մեկնաբանվի այնպես, որ մաքսիմալ ազդեցություն ունենա հանդիսատեսի վրա:
Թատերական կոլեկտիվ
Թատերական կոլեկտիվը չի կարող միավորել թեկուզ եւ ջանասեր, բայց անդեմ անձանց: Այսպիսի թատրոնը դատապարտված է եթե ոչ կործանման, ապա, անշուշտ, ստեղծագործական առումով ոչ մի հեռանկար ունենալ չի կարող: Այն չի կարող լինել նաեւ աստղերի կարճաժամկետ միավորում: Թատրոնը պարտավոր է լինել տաղանդավոր անհատների երկարաժամկետ համագործակցություն, որը կղեկավարի այնպիսի մեկը, որն ունի ղեկավարման փորձ, եւ, ամենակարեւորը, այնպիսի մեկը, որը կարողանում է լսելի դարձնել ոչ միայն իր ձայնը, այլեւ լսել ուրիշներին: Բեմադրիչները, դերասաններն ու տեխնիկական սպասարկող անձնակազմը պետք է մի ամբողջություն կազմեն ու, իհարկե, ամենակարեւորը, լինեն պրոֆեսիոնալ իրենց գործում: Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը թատրոնում անթույլատրելի է: Ու պետք է վարձատրվեն էլ որպես պրոֆեսիոնալներ: Արժանապատիվ աշխատանքը արժանավայել վարձատրություն է պահանջում:
Դերասանն է, որ, ի վերջո, հանդիսատեսի հետ անմիջական կապի մեջ է մտնում եւ շատ ու շատ հանդիսատեսների համար նա է թատրոնի դեմքը: Դերասանը պիտի ընտրության իրավունք ունենա՝ որոշելու խաղալ այս կամ այն, թեկուզ եւ ամենահաջողված սերիալում, թե ոչ: Ցավոք, այսօր այդ հաճույքը նա իրեն թույլ տալ չի կարող:
«Լավ է, մնացորդը մի ուրիշ անգամ արտասանել կտամ: Սիրելի տեր իմ, խնդրեմ հոգ տանեք, որ այդ դերասաններին լավ բնակարան տրվի: Հասկանո՞ւմ եք, պետք է նրանց հետ լավ վարվել, որովհետեւ նրանք ժամանակի խտացումը եւ համառոտ տարեգրությունն են: Ավելի լավ է մահից հետո վատ տապանագիր ունենալ, քան թե կենդանության ժամանակ սրանց կողմից վատ հիշատակում»: Շեքսպիր, «Համլետ»:
Թատրոնը, իհարկե, միշտ էլ կարիք ունի կարող թարմ ուժերի: Անշուշտ, թատրոնի դերասանական կազմը պետք է համալրվի, թարմացվի: Երիտասարդներին պետք է տալ ճանապարհ, այլապես թատրոնը որպես գեղարվեստական օրգանիզմ կդադարի գոյություն ունենալուց: Այս ամենը պետք է արվի համարձակորեն, սակայն այնպես, որ չվնասվի արդեն կայացած ստեղծագործական խումբը, դեռ ավելին, ավագ սերունդը կարող է եւ պարտավոր է ուսուցչի դեր ստանձնել, փոխանցելով իր փորձը, հմտությունը նոր եկող սերնդին: Չէ՞ որ սա է դերասանական թատերական դպրոցի հարատեւման ճանապարհը:
Ազգային թատրոնը չի կարող լինել մեկ բեմադրիչի մենաշնորհը: Անկախ տարիքից, գեղագիտական աշխարհընկալումից, բեմադրման ոճից ու մոտեցումներից, թատրոնում ներկայացումներ պետք է իրականացնեն տարբեր ռեժիսորներ, իհարկե, եթե նրանց գեղագիտական, բարոյական ելակետը չի հակասում թատրոնի կրեդոյին, աշխարհընկալմանը: Սա չի նշանակում, թե ոմն մեկը, որ դեռ չի հատել ստեղծագործական հասունության սահմանն ու տարիքի առումով էլ երիտասարդ է համարվում, պետք է ազգային թատրոնում բեմադրություններ անելու հավակնություններ ներկայացնի: Ազգային թատրոնը փորձարարական ստատուս ունենալու իրավունք չունի: Կան տարբեր բեմահարթակներ՝ փորձարարական թատրոն ու նույնիսկ ազատ բեմահարթակ: Նման բեմերում է, որ կարելի է ապացուցել սեփական պիտանելությունը, ստեղծագործական հասունությունը ու նաեւ Ազգային թատրոնի ներկապնակը հարստացնելու կարողությունը, որից հանդիսատեսի սպասելիքները, անշուշտ, մեծ են:
Հանդիսատես
Թատրոնը հանդիսատեսի համար միշտ էլ եղել է ու կա այն վայրը, որտեղ ազատորեն հավաքված մարդկանց միությունը ճանաչում է իրեն, որտեղ այդ միությունը ուշադրությամբ լսում է խոսքը, որը նա կարող է եւ ընդունել, եւ մերժել: Հանդիսատեսն է, ի վերջո, թատրոնի գլխավոր «դերակատարը», որը, կախված ներկայացման ասելիքից, որակից՝ կարող է դառնալ ներկայացման թե համախոհը, թե հակառակորդը: Նրա համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներկայացման «կենտրոնը» հանդիսատեսը կարողանա եւ ունկնդրել բեմի վրա կատարվածը, եւ ակնդրել, ոչ թե նայել բեմի միայն ինչ-որ հատվածին ու լսել միայն շատ բարձր արտասանված խոսքերը: Իսկ այդ թերությունը մեր Ազգային թատրոնի դահլիճը, ցավոք, ունի: Մարդիկ սիրում են տոնը եւ ոչ թե ժամանակի զուր վատնումը, հանգիստը ու ոչ թե անգործությունը: Ուստի եւ թատրոնը պետք է կարողանա հանդիսատեսի համար լինել տոնի ու հանգստի ու ոչ թե ժամանակի զուր կորստի ու անգործության վայր: Ի վերջո, մարդը ձգտում է երջանկության, եւ այն հնարավոր է, քանի որ երջանկությունն ու բարին հենց մարդու մեջ են, որը պետք է միայն սատարել…
արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր