Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է այն չինովնիկների հրաժարականը, ովքեր մեղավոր են Վանկուվերի ձմեռային 21-րդ Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի համար: Մեդվեդեւը հայտարարել է, որ հրաժարականի դիմում պետք է ներկայացնեն բոլոր չինովնիկները, ովքեր նախապատրաստել են ռուս մարզիկներին 2010թ. խաղերին: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Միաժամանակ, Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ հրաժարական չներկայացնողները կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Ըստ ՌԴ նախագահի, Վանկուվերի Օլիմպիական խաղերը ցույց տվեցին, որ հարկավոր է արմատապես փոխել ռուսաստանցի մարզիկների նախապատրաստումը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը շատ երկար ժամանակ «հաջողության է հասել խորհրդային ժամանակաշրջանի իներցիայով», սակայն այժմ դրանք սպառվել են: Մեդվեդեւը նաեւ ասել է, որ սպորտում գլխավորը մարզիկներն են, այլ ոչ թե մարզական ֆեդերացիաները, եւ նշել է, որ սպորտի զարգացման մեջ ներդրվում են «աննախադեպ փողեր», սակայն, ինչպես ցույց տվեց Օլիմպիական խաղեր 2010-ը, դրանք ամեն ինչ չէ, որ որոշում են: Ռուսաստանի նախագահը հանձնարարել է սկսել նախապատրաստվել Սոչիի Օլիմպիական խաղերին՝ առանց ձգձգման:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2010թ. ձմեռային Օլիմպիական խաղերին զբաղեցրել է 11-րդ տեղը ոչ պաշտոնական թիմային կարգում՝ արժանանալով ընդամենը երեք ոսկե, հինգ արծաթե եւ յոթ բրոնզե մեդալների: