«Եվրասիա» համալսարանի «Քայլ առաջն» ու Ֆրանսիականի «բաց դռները»
Մարտի 9-ից ՀՀ հանրակրթական դպրոցների շուրջ 50 11-րդ դասարանցիներ կմասնակցեն «Քայլ առաջ» նախագծին, որի բացումը օրերս տեղի ունեցավ «Եվրասիա» միջազգային համալսարանում: Նախապես հարցազրույցով ընտրված պատանիները, ամսական վճարելով 8000-ական դրամ, Լեհաստանից, Լատվիայից եւ Բրազիլիայից ժամանած մասնագետների օգնությամբ կզարգացնեն իրենց գործնական ունակությունները: Նախագիծը կտեւի 3 ամիս՝ ամփոփվելով ծաղկաձորյան առօրյա կոնֆերանսով: «Եվրասիա» համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց. «Համաշխարհային կրթության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաներն անպայման պետք է տիրապետեն բազմաթիվ կարողությունների, հմտությունների: Մեր աշակերտները դեռ դրանցից հեռու են, քանի որ մեր կրթական ծրագրերով նախատեսված չէ այդպիսի հմտությունների փոխանցումը, մերօրյա դասավանդող մասնագետները եւս պատրաստ չեն դրան: Օրինակ՝ բնագիտական առարկաների մասով հաճախ գործնական հմտություններին չտիրապետելը պատճառաբանում ենք լաբորատորիաների բացակայությամբ, բայց թեկուզ լաբորատորիաներ էլ ունենանք, չեմ կարծում, թե մեր մասնագետները կարող են լիարժեք օգտագործել դրանք: Այսօր բազում դպրոցներում նույնիսկ համակարգչային պարկն է պարապուրդի մատնված»: «Քայլ առաջի» ընթացքում, հայտնվելով անգլախոս միջավայրում, երեխաները կստանան մի շարք հմտություններ:
«Առավոտը» Լատվիայի ներկայացուցիչ Էվիլիս Սպրուեդվենսից հետաքրքրվեց՝ ի՞նչ են հուշում ՀՀ դպրոցներում իր իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Նա պատասխանեց. «Ցավոք, բայց ձեր ուսուցիչները յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում ցուցաբերելու ժամանակ չունեն: Հայաստանյան դպրոցներում պետք է փոխվի ուսուցման մեթոդիկան, դպրոցում ստեղծվի այնպիսի հոգեբանական միջավայր, որը երեխային շահագրգռի սովորել»: Լեհաստանի ներկայացուցիչ Նատալյա Նիեմեցն էլ նշեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ուսուցիչներն ունեն հաղորդակցման խնդիր, ռեսուրսների պակաս»:
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում նույն օրը «բաց դռների» օր էր: Շուրջ 150 ծնողներ եւ դիմորդներ այցելել էին համալսարան՝ պարզելու, արդյո՞ք արժե դիմել այս բուհ: «Առավոտը» զրուցեց ծնողների հետ: Օրինակ, Վիվիեն Բաստաջյանն ասաց. «Մենք միանգամից ընտրել ենք այս համալսարանը: Պատճառը համալսարանում ձեւավորված ավանդույթներն են եւ այն, որ իմ երեխան ավարտում է ֆրանսիական թեքումով դպրոց»: Ծնող Սյուզի Մաշուրյանն էլ նկատեց. «Ֆրանսիական համալսարանում կարեւորում են ոչ թե դիպլոմային կրթությունը, այլ՝ գիտելիքը»: