ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ Ապարանի թիվ 3 դպրոցի օրինախախտումների եւ մեղավորներին կոծկելու մասին
Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի հայաստանյան «հերոսները» ի հայտ են գալիս կամ ընտրությունների, կամ «Փարոսի» նպաստը ստանալու ժամանակ, կամ էլ աշակերտ-թվով ֆինանսավորվող ՀՀ հանրակրթական դպրոցների դասամատյաններում: Դպրոցների տնօրենների մեծամասնությունը հավելագրումներ է անում, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորում ստանա, այսինքն՝ մատյաններում իբրեւ այդ դպրոցի աշակերտ գրանցված են լինում անուններ, որոնք իրականում գոյություն չեն ունենում: Նման փաստերը բացահայտելը հաճախ դժվար է, քանի որ դպրոցի տնօրենները հիմնականում գործարքի մեջ են մտնում վերահսկողություն իրականացնող օղակների հետ: Սակայն Ապարանի թիվ 3 դպրոցում նման հավելագրումների փաստացի դեպքեր բացահայտվել են՝ շնորհիվ դպրոցի ուսուցչուհու (հարգելի պատճառներով անունը չենք նշում)՝ 3 տարի հետեւողականորեն շարունակվող ահազանգերի:
Օրերս ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարության ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաեւ այս հիմնախնդրին՝ մատնանշելով, որ ՀՀ կրթության պետական տեսչության 2007-2008 ուստարվա վերջին իրականացված ստուգումները ցույց են տվել, որ Ապարանի թիվ 3 դպրոցում արձանագրվել է 71 աշակերտի հավելագրման փաստ, որից 68-ը այդ դպրոցում չի էլ սովորել: «Առավոտը» տիկին Բախշյանից այս մասին մանրամասներ ստացավ: «Եթե տվյալ ուստարվա դպրոցի աշակերտների թվի մասին սեպտեմբերի 5-ի տվյալներով դպրոցը հաշվետվություն է ներկայացնում մարզպետարան, նշանակում է՝ առաջին կիսամյակում դպրոցը ֆինանսավորվում է այդքան աշակերտների թվով: Սեպտեմբերի 5-ից հետո ինչքան աշակերտ ուզում ես դպրոցից ազատիր, դա կապ չունի, դպրոցն արդեն ֆինանսավորվել է: Ուրեմն դպրոցը ֆինանսավորվել է նաեւ այն 68 աշակերտների համար, որոնք այդ դպրոցում չեն էլ սովորել… Սա գանձագողություն է»,- հայտնեց տիկին Բախշյանը: Նաեւ հավելեց, որ հայտարարությանն Արագածոտնի մարզպետն արձագանքել է այն «մասով», որ թիվ 3 դպրոցի տնօրենը անպատժելիությունից գոտեպնդված՝ իրեն չշողոքորթող ուսուցչուհու 2010թ. հունվարի 1-10-ի տոնական օրերի աշխատավարձը պահել է: Տիկին Բախշյանը հստակեցրեց. «Մարզպետն ասում է, որ դա միայն այդ ուսուցչուհուն չի վերաբերում, այլ իրենք ինչ-որ փաստաթղթի հիման վրա տեղեկանք են տարածել դպրոցներին, որ նման ձեւով վարձատրեն: Այսինքն, եթե միայն նրան չեն վճարել, ապօրինություն է, իսկ եթե դա բոլոր ուսուցիչներին է վերաբերում՝ համատարած ապօրինություն է»: Պատգամավորը ցույց տվեց ՀՀ աշխատանքի պետական տեսչության Արագածոտնի մարզի տարածքային կենտրոնի պետի 22.02.2010թ. տեղեկանքը, որով ուսուցչուհին տեղեկացվում է, որ «2010թ. հունվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածի համար Ձեր աշխատավարձը պետք է հաշվարկվեր եւ վճարվեր ընդհանուր հիմունքներով»: Զուգահեռաբար՝ Ա. Բախշյանը նշեց. «Այս ուսուցչուհու հասցեին ինչ էպիտետ ասես՝ չեն օգտագործում, երբ տեսնում են ապօրինությունները բացահայտելու՝ նրա համառությունն ու հետեւողականությունը: Ցավոք, նրան անարդար կերպով հալածում են»: Ուսուցչուհին 2007-ից սկսած բազմիցս դիմել է ԿԳՆ կրթության պետական տեսչություն: Նրան ուղղված՝ տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի պատասխան նամակներն ուսումնասիրելիս պարզ են դառնում այս պաշտոնյայի մասնագիտական եւ մյուս որակները: Ուսուցչուհու դիմումին ի պատասխան, թե դպրոցի 11-րդ դասարանում 16 չհաճախող աշակերտ կա, Խ. Մուրադյանը 15.11.2007-ին պատասխանել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Ուսուցչուհին բարձրացրել է նաեւ այն հարցը, որ այն մատյանում, որտեղ գրանցվում է, թե որ աշակերտը ինչ դասագիրք է վերցրել, լրացումներ կատարված չեն: Այնուհետեւ 23.01.2008-ին ուսուցչուհուն ուղղված նամակում Խ. Մուրադյանը նրան խնդրում է «մեռած հոգի աշակերտների» վերաբերյալ փաստեր բերել: Այս երեւույթը տիկին Բախշյանն այսպես մեկնաբանեց. «Տեսչությունը, որը լիազորված է այդ փաստերը բացահայտելու, այսպիսով ծաղրում է ուսուցչուհուն: Դա նույնն է, որ դիմենք դատախազություն կամ ոստիկանություն, թե գողություն է եղել, ասեն՝ գողին գտիր, արի մեզ ասա: Պարզապես հիացած եմ ուսուցչուհու համառությամբ, վեց դիմումից հետո վերջապես Խաչիկ Մուրադյանը, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված տեսչության աշխատանքային ծրագիրն ու ստուգումների ժամանակացույցը, հրաման է արձակել 2008թ. ապրիլի 14-19-ը, մայիսի 19-23-ը Ապարանի թիվ 3 դպրոցում իրականացնել տեսչական ստուգումներ: Մինչ այդ Խ. Մուրադյանը գրում էր, որ որեւէ փաստ չկա խախտումների մասին, եւ հանկարծ ստացվում է, որ այդ դպրոցում տեսչական ստուգում նախատեսված է եղել տարեկան աշխատանքային ժամանակացույցով: ԿԳ նախարարին նամակ եմ գրել, որ ինձ բոլոր այդ փաստաթղթերը ներկայացվեն»: Օրինակ՝ 2007-2008 ուստարվա 1-ին կիսամյակի դպրոցի դրույքային վարձաչափերի մատյանում ներկայացվել է 15 աշակերտ ավելի: 9 աշակերտի՝ բոլոր առարկաների ստուգողական գրավորները գրված են ուրիշի ձեռագրով, առկա են նաեւ 15 աշակերտի ընդհանրապես չգրված ստուգողական տետրեր, որոնց գնահատականները կան դասամատյաններում: Որոշ աշակերտների ծննդյան վկայականի պատճենի եւ բնօրինակի միջեւ առկա են անհամապատասխանություններ: Խախտումների շարքն անվերջանալի է թվում:
Տիկին Բախշյանը մեկնաբանում է. «Այսքանից հետո ես կասկածի տակ եմ դնում տեսչության պետի ազնվությունը: Երեք տարբեր նամակներով պատասխանելով ուսուցչուհուն, թե ահազանգը չի համապատասխանում իրականությանը, այնուհետեւ այսքան խախտումներ է հայտնաբերում: Ուրեմն ինքը ի՞նչ տեսչապետ է: Ուրեմն իրավունք ունեմ ասելու, որ այստեղից կոռուպցիայի հոտ է գալիս…»:
Նշենք նաեւ, որ իր բոլոր օրինազանցությունների համար դպրոցի տնօրենը ստացել է ընդամենը խիստ նկատողություն, ավելին, Ապարանի թիվ 3-րդ դպրոցն արդեն ավագ դպրոց է: Իսկ Ա. Բախշյանն իրեն համարում է բոլոր այն ուսուցիչների պաշտպանը, ովքեր ահազանգում են կրթության բնագավառում եղած բարձիթողի վիճակի մասին եւ սպասում է հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ պատկան մարմինների՝ հատկապես նախագահի վերահսկողության ծառայության արձագանքին: