Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ 2 ՏԱՐՈՒՄ ՓՈՒԼ ԵԿԱՎ»

Մարտ 02,2010 00:00

\"\"Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 2010թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցությունը վայելող նրանց հարազատներին ու մերձավորներին: Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար: Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը: Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերականգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով:
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահանջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծված լայնամասշտաբ քաղաքական հալածանքների եւ դատական խեղկատակությունների քննությունը: Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով: Պատահական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծկումը: Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից:
Զերծ մնալով հանդերձ հարցի հանգամանալից արծարծումից՝ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել, սակայն, երկու առանցքային հանգամանքի վրա, որոնցից մեկը վերաբերում է ոճրագործության սկզբնապատճառին, իսկ մյուսը՝ մարտի 1-ի էջի փակված լինելու մասին պնդմանը:
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի զգալի մասը նվիրված է ապացուցելու, որ մարտի 1-ի ողբերգությունն արդյունք էր երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների, օրենսդրության անկատարության եւ մանավանդ ընդդիմության կողմից ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտի: Այսինքն՝ երկար-բարակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի բուն պատճառից, այն է՝ ընտրությունների կեղծման իրողությունից: Ավելի ողորմելի դատարկաբանություն կամ անսքող ամբարտավանություն դժվար է պատկերացնել: Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուր-հազարավոր մարդկանց ստիպում տասն օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գիտակցությունը: Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել: Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որքան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել:
Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա: Թեեւ, ինչպես պարզվեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրամանից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պետական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավաքի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբողջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին: Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավազակապետական վարչախումբը: Մարտի 1-ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության:
***
Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ ազգային կոնգրեսի գործունեության եւ առաջիկա անելիքների մասին: Բուն ասելիքին անցնելուց առաջ, սակայն, ես կխնդրեի իմ ընկերներին՝ հանդարտ վերաբերվել մեր հասցեին հնչող քննադատություններին, ուշադիր լինել հիմնավորված դիտողությունների նկատմամբ, չանհանգստանալ անարդար թվացող մեղադրանքներից ու Կոնգրեսին ներկայացվող անտեղի պահանջներից, իսկ բանավիճելիս էլ՝ դուրս չգալ փաստերի եւ փաստարկների շրջանակից: Չեմ կարծում նաեւ, թե հարկ է անպայման արձագանքել բոլոր վիճելի հրապարակումներին. դա անհրաժեշտ է անել միայն այն ժամանակ, երբ այդ հրապարակումները վտանգ են ստեղծում մոլորեցնելու ժողովրդին: Իսկ ընդհանրապես, քննադատությունից ու մանավանդ մեզ ներկայացվող անսպառ պահանջներից ոչ թե պետք է վշտանալ, այլ, ընդհակառակը, ուրախանալ: Թեեւ կամավորության ու անձնվիրության հիմունքներով գործող հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից որեւէ բան պահանջելն անհեթեթություն է, քանի որ պահանջել կարելի է միայն հարկատուների հաշվին ապրող հաստատություններից, այսինքն՝ պետությունից, եւ թեկուզ մեզ ներկայացվող պահանջները հաճախ «Բա խի գլխարկ չես դրել» սինդրոմի տպավորություն են թողնում, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ իշխանություններից ու քաղաքական մյուս ուժերից վաղուց ի վեր ոչինչ չեն պահանջում, ինչը նշանակում է, որ նրանցից այլեւս սպասելիք չունեն: Բողոքում, դժգոհում ու պահանջում են միայն մեզանից, ինչն, իր հերթին, նշանակում է, որ փոփոխությունների հույսը հասարակությունը բացառապես Հայ ազգային կոնգրեսի հետ է կապում: Սա, թերեւս, Կոնգրեսի գործունեության ամենաանկողմնակալ ու խոսուն գնահատականն է, որը, սակայն, մեզ համար ոչ թե ինքնագոհության, այլ մեր պատասխանատվությունն առավել հստակ գիտակցելու խթան պիտի հանդիսանա:
Կարծում եմ, Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու ո՛չ իր հետեւողականությունը, ո՛չ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ո՛չ մարտավարելու ու խուսանավելու կարողությունը, ո՛չ կազմակերպական ունակությունները, ո՛չ էլ քարոզչական հմտությունն ու քաղաքական հասունությունը, այլապես նրան որեւէ կերպ չէր հաջողվի տեղեկատվական շրջափակման, ամենօրյա հալածանքների ու ոստիկանական տեռորի պայմաններում երկու տարուց ավելի առաջնորդել ժողովրդին եւ շարունակել վայելել նրա վստահությունը, ինչի վկայություններից մեկն է, թեկուզ, այսօրվա բազմամարդ հանրահավաքը: Սովորաբար, Հայ ազգային կոնգրեսի ակտիվության մասին դատում են հանրահավաքների եւ զանգվածային այլ միջոցառումների հաճախականությունից, մոռանալով այն ճշմարտությունը, որ հրապարակային ակցիաները քաղաքական ուժի գործունեության սոսկ մեկ, այն էլ՝ ոչ ամենակարեւոր կողմն են: Բազմիցս բացատրվել է, որ հանրահավաքներն ինքնանպատակ չեն, որ ամենուրեք դրանք, որպես կանոն, տեղի են ունենում ընտրությունների ընթացքում կամ բացառիկ սոցիալ-քաղաքական իրավիճակներում, եւ որ հաճախակիությունը ոչ թե ուժեղացնում, այլ նվազեցնում է դրանց ազդեցությունը: Բայց միեւնույն է, շատերը համառորեն չեն ընդունում այս բացատրությունը եւ անտեսում կամ երկրորդական են համարում այն ամենօրյա հսկայական աշխատանքը, որ Կոնգրեսը կատարել ու կատարում է իր ձեւավորումից ի վեր: Բերեմ ընդամենը մեկ օրինակ.
Ոչ ոք առայժմ չի անդրադարձել այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը երկու տարվա ընթացքում պարզապես փուլ եկավ եւ վերջնականապես ապացուցվեց, որ սադրիչ գործողությունները, մեքենաների հրկիզումները, խանութների թալանն ու սպանությունները նախօրոք ծրագրվել, կազմակերպվել ու իրագործվել են իշխանությունների կողմից, եւ որ իրականում ոչ թե ընդդիմությունն է իշխանության յուրացման փորձ կատարել, այլ ավազակապետական վարչախումբն է բանակի օգտագործմամբ պետական հեղաշրջում իրականացրել, ինչն այսօր ընդունվում է նաեւ միջազգային հանրության կողմից: Այս կարեւորագույն, բայց բարդ խնդիրը լուծվեց, առաջին հերթին, Հայ ազգային կոնգրեսի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի գնով ձեռք բերված հազարավոր տեսանյութերի, լուսանկարների, ականատեսների վկայությունների եւ մանավանդ գաղտնի կամ կիսագաղտնի այն փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, որոնք լիովին պարզեցին թե՛ բուն ոճրագործության, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի կամ, Թոմաս Համմարբերգի խոսքերով, քաղաքական վենդետայի ողջ էությունը: Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրաքանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.
— 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գործողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջապես որակվեց որպես «Հայկական Ուոթերգեյթ».
— 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտնազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետական հեղաշրջման փաստը.
— 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու վերաբերյալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.
— 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարությունյանի՝ նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.
— 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վարչախմբի քրեական էությունը.
— 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.
— Եվ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները:
Եթե Հայ ազգային կոնգրեսը ոչ մի այլ բան արած չլիներ, ապա նույնիսկ այսքանը բավական էր պատկերացնելու եւ ըստ արժանվույն գնահատելու նրա գործունեության հսկայական ընդգրկումը: Իսկ եթե սրան գումարենք Կոնգրեսի անդամ-կուսակցությունների ինքնուրույն ձեռնարկումները եւ նրա կառույցների՝ քաղաքական խորհրդի, կենտրոնական գրասենյակի, մամլո ծառայության, տարածքային ստորաբաժանումների եւ մասնագիտական հանձնաժողովների ամենօրյա գործերը, միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների հետ տարվող մշտական աշխատանքը, քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերվող իրավաբանական աջակցությունը, պարբերաբար անցկացվող ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, անխտիր բոլոր կարեւոր իրադարձություններին արձագանքող պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաեւ տնտեսության առողջացմանն ուղղված լուրջ առաջարկներն ու քաղաքական զարգացումներին վերաբերող ճշգրիտ կանխատեսումները, ապա Կոնգրեսի գործունեության պատկերը լիարժեք կդառնա: Ի դեպ, այդ առթիվ ուզում եմ կարեւորել նաեւ Կոնգրեսի մշակած Հայաստանի տնտեսական զարգացման կամ, ավելի ճիշտ, համակարգային տնտեսական վերափոխման ծրագիրը, որն օրերս ներկայացվել է հանրային քննարկման: Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ վերջին երկու տարիներին որեւէ այլ քաղաքական ուժ կամ նույնիսկ պետական կառույց այսքան գործ չի կատարել:
Առավել պարզեցնելու եւ հասկանալի դարձնելու համար Հայ ազգային կոնգրեսի կոչումն ու դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում, անհրաժեշտ եմ համարում առանձնացնել եւ ձեր ուշադրությանը ներկայացնել այն գլխավոր խնդիրները, որոնք նա դրել է իր առջեւ: Դրանք են.
— Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպանումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.
— Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.
— Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.
— Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.
— Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքական հասունացումը.
— Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.
— Եվ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխության իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը:
Դժվար է չնկատել, որ բոլոր այս խնդիրների իրականացման ուղղությամբ Հայ ազգային կոնգրեսը մինչ այժմ արել է հնարավոր առավելագույնը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետեւ եւս այդ առումով որեւէ հնարավորություն բաց չի թողնի: Մանրամասների մեջ չեմ խորանում: Հավաստիացնում եմ միայն, որ ընտրված ճանապարհից մենք երբեւէ չենք շեղվելու եւ պայքարելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի: Թեեւ, ինչպես ասվում է հայիթյան մի ցնցող ասացվածքում, «Լեռներից այն կողմ նորից լեռներ են», այսինքն՝ գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո մեր առջեւ ծագելու են նոր խնդիրներ, մենք պարտավոր ենք հաղթահարելու ցանկացած արգելք եւ մագլցելու թեկուզ հազար լեռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել