Կապանցիները դեմ են ուրանի հանքերի շահագործմանը, սակայն նրանց ձայնը «տեղ չի հասնում»
«Առավոտի» 2009 թվականի նոյեմբերի 12-ի՝ «Հանքերի շահագործմանը դեմ են» եւ նոյեմբերի 14-ի՝ «Բողոքը շարունակվում է» հրապարակումներով անդրադարձել էինք ՀՀ Սյունիքի մարզում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ 2009-ի աշնանից «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Սյունիքի մարզում սկսել է ուրանի հանքերի ուսումնասիրման ծրագիրը, իսկ Խորեն Հարությունյանը բազմիցս նշել է, որ թեեւ տարբեր ժամանակաշրջաններում կազմակերպվել են քննարկումներ եւ հանդիպումներ բնակիչների հետ, այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է խիստ մտահոգության տեղիք տալ սյունեցիներին: «Հատկապես անհանգստացած են Լեռնաձոր համայնքի վարչական կազմի մեջ մտնող 9 փոքր բնակավայրերից 4-ը, որտեղ իրականացվում են հետազոտությունները: Բնակիչների առողջությանը սպառնացող վտանգն ամենաառաջնայինն է: Ուրանի հանքահորերին, հանքին ու մշակման վայրերին մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ ու ներկա արձանագրությունները փաստում են, որ հանքերի ճառագայթումն ու մշակման պոչանքները քաղցկեղի համաճարակների աղբյուր են հանդիսանում ոչ միայն հանքագործների, այլեւ՝ հանքերի եւ պոչանքների շրջակա բնակչության համար, մասնավորապես՝ կոկորդի, թոքերի, լյարդի ու ոսկորների քաղցկեղ, ինչպես նաեւ լեյկոզ (արյան քաղցկեղ): Կարեւորելով երկրի տնտեսական զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, պահանջում, առաջարկում, միաժամանակ խնդրում ենք իշխանություններին՝ մշակել երկրի տնտեսության համար այլ տարբերակներ եւ ծրագրեր: Միայն այս դեպքում մեր բնակիչները ավելի ապահով կզգան եւ չի վտանգվի սերունդների առողջությունը»,- ասում է Խորեն Հարությունյանը՝ նախաձեռնած ակցիայի վերաբերյալ հայտարարության մեջ:
Պարոն Հարությունյանը 2010 թվականի հունվարի 13-ին գրավոր դիմել է նաեւ ՀՀ բնապահպանության եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխան նամակում ասվում է, որ վերոհիշյալ նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության եւ ստացել դրական եզրակացություն: «2009թ.-ին «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն կատարել է ռադիոմետրիկ եւ լիթոերկրաքիմիկ հանույթներ, երկրաբանական նմուշարկում եւ երկրաքիմիական աշխատանքներ: Աշխատանքների ընթացքում վերցված նմուշները ենթարկվել են լաբորատոր ուսումնասիրության, ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքները վերլուծվում են: Իսկ 2010թ.-ին նախատեսվում է շարունակել երկրաբանահետախուզական աշխատանքը, որի ընթացքում կիրականացվի ապարների նմուշարկում եւ այլ աշխատանքներ»,- նշված է նախարարության պատասխանում, որը, սակայն, Խորեն Հարությունյանին չի գոհացնում: Այս առթիվ նա «Առավոտին» տեղեկացրեց, որ ամեն գնով շարունակելու է իր պայքարը՝ դրան տալով ավելի մեծ հնչեղություն:
Տարածաշրջանի բնակչությունն էլ իր հերթին շարունակում է մնալ այն համոզմունքին, որ ուրանի հանքերի բացումը հզոր հարված կլինի տարածաշրջանի թե՛ էկոլոգիային եւ թե՛ բնակիչների առողջությանը: «Կապանի ու Քաջարանի կոմբինատների կողմից մեր առողջությունը քայքայող ճառագայթները քիչ էին, հիմա էլ ուրանի հա՞նք են բացում: Մարդկանց սաղ-սաղ թաղո՞ւմ են, հա՞… Ի՞նչ են մտածում, մենակ հարստանալու ու փողի մասի՞ն: Թող իրենք գան ապրեն մի քանի տարի, հետո արդեն կհասկանան մեր վիճակը: Ասում են՝ անվտանգ է եւ այլն: Ասելով չի, էդ ամեն ինչը զգում ենք մեր առողջության վրա»,- ասում են Կապանի փողոցներում մեզ հանդիպած անցորդները: Խնդրով մտահոգ են բոլոր քաղաքացիները, եւ մշտապես, ամեն հարմար առիթի իրենց դժգոհությունն են արտահայտում, վստահ, որ տեղական իշխանություններն էլ պիտի քայլեր անեն:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը հայտարարել է, որ դեմ է ուրանի հանքերի շահագործմանը: